Թեհրանի դեմ սահմանված պատժամիջոցները վաղ թե ուշ կհանվեն. Իրանի նախագահ
Իրանի նախագահ Հասան Ռոհանին կարծում է, որ երկրի դեմ սահմանված պատժամիջոցները վաղ թե ուշ կհանվեն: Այդ մասին, ինչպես հայտնել է IRNA գործակալությունը, նա հայտարարել է դեկտեմբերի 30-ին երկրում նշվող Նավթաքիմիական արդյունաբերության օրվա առթիվ հրապարակած իր ուղերձում:
«Ասում եմ շիտակ ու ամենայն վստահությամբ, որ Իրանի դեմ բռնարգելքի շրջանը վաղ թե ուշ կավարտվի»,- նշել է Ռոհանին: Նրա համոզմամբ՝ «Իրանի թշնամիները գիտակցել են, որ չեն կարողանա ստիպել իրանցիներին հանձնվել նույնիսկ առավելագույն ճնշման դեպքում»: Ինչպես կարծում է Ռոհանին, Իրանի հակառակորդները ձգտում են հասնել այն բանին, որ «իրանցիները նստեն բանակցություների սեղանի շուրջ եւ ընդունեն այն, ինչ իրենց պարտադրում են ու թելադրում»:
Ավելի վաղ Հասան Ռոհանին իսլամական պետություններին կոչ է արել դուրս գալ ԱՄՆ-ի ֆինանսական գերիշխանությունից եւ կրճատել կախվածությունը դոլարից: Օժանդակ միջոցներից մեկը կարող է դառնալ միասնական գաղտնարժույթի ստեղծումը, որը կօգնի գործարքներ կատարել՝ շրջանցելով ԱՄՆ-ի տնտեսական սահմանափակումները: «Իսլամական աշխարհը պետք է մշակի միջոցներ ամերիկյան դոլարի գերիշխանությանը եւ ԱՄՆ-ի ֆինանսական ռեժիմին դիմակայելու համար»,- հայտարարել է Ռոհանին՝ առաջադրելով պետությունների տնտեսությունների մերձեցման մի շարք նախաձեռնություններ, որոնց թվում է միասնական գաղտնարժույթի ստեղծումը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: