Բաժիններ՝

Գարեգին Բ-ն Արմավիրի թեմի առաջնորդին է հանձնել արքության պատվի սրբատառ կոնդակը

Դեկտեմբերի 29-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Արմավիրի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Սիոն արքեպիսկոպոս Ադամյանին` հանձնելու արքության պատվի Հայրապետական սրբատառ կոնդակը: Ս. թ. փետրվարի 26-ին` Սուրբ Ղևոնդյանց քահանաների տոնին, Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից Սրբազանին շնորհվել էր արքության պատիվ` ի գնահատություն Հայոց Եկեղեցու անդաստանում բազմամյա ծառայության, տեղեկացնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը:

Հանդիպմանը ներկա էին Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը, Արմավիրի թեմի թեմական խորհրդի ատենապետ Տիգրան Հովհաննիսյանը, թեմի հոգևոր սպասավորներ, մարզային ու քաղաքային իշխանությունների և թեմի տարբեր համայնքների ներկայացուցիչներ:

Ուրախությամբ ողջունելով արարողության մասնակիցներին` Ամենայն Հայոց Կաթողիկոսը ամենքին բերել է իր օրհնությունն ու բարեմաղթանքերը: «Մեզ համար կարևոր նշանակություն ունի, որ մեր Եկեղեցու սպասավորը` պարզ հոգևոր հովիվ, թե առաջնորդ, սիրված և հարգված լինի հավատացելոց կողմից», – ասել է Վեհափառ Հայրապետը` գոհունակություն հայտնելով Սրբազանի շուրջը համախմբված բազում հայորդիներին տեսնելու պատկերի առիթով:

Նորին Սրբությունը աղոթքով մաղթել է, որ Տերը զորացնի Սիոն արքեպիսկոպոսին իր առաքելության մեջ և նա շարունակի իր արդյունավոր ծառայությունը` հանուն թեմի զորացման և հայրենիքի պայծառության:

Այնուհետև Մայր Աթոռի Դիվանատան Ներեկեղեցական հարաբերությունների գրասենյակի տնօրեն Արժանապատիվ Տ. Պարույր քահանա Ավետիսյանն ընթերցել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակը:

«Սիրելի Սրբազան, ավելի քան երեք տասնամյակ Դուք, որպես ուխտյալ զինավորն Քրիստոսի, ամենայն պատրաստակամությամբ Ձեր կարողությունները ծառայեցնում եք Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու տիրավանդ առաքելության արդյունավորմանը: Ձեր քահանայագործության առաջին քայլերը Դուք կատարել եք Արարատյան Հայրապետական թեմում, ապա երկար տարիներ արդյունավորությամբ հովվել Վառնայի հավատավոր հայ համայնքը՝ արթուն սպասավորությամբ ջանքեր ներդնելով, որպեսզի ամրանա հայորդյաց համայնքային կյանքը, զորանա մեր ժողովրդի զավակների կապը մեր Եկեղեցու հետ և նոր սերունդի հոգիներում արմատավորվի հոգևոր ու ազգային ինքնագիտակցությունը:

Մենք Ձեզ ծառայության կոչեցինք Գեղարքունյաց թեմում, ապա Ձեզ վստահեցինք Արմավիրի թեմի առաջնորդի պատասխանատու պաշտոնը՝ բարի սպասումով, որ հայրենական ու սփյուռքյան ծառության փորձառությամբ պիտի շարունակեք նոր հաջողություններով արդյունավորել Ձեր գործունեությունը և ավանդ բերել մեր Եկեղեցու պայծառությանը: Այսօր ուրախ ենք հաստատելու, որ այս տարիների ընթացքին կարելին ի սպաս եք բերել՝ շենացնելու Արմավիրի թեմը, առավել արդյունաւոր դարձնելու հոգևորականց գործունեությունը քաղաքներում ու գյուղերում` ի նպաստ մեր ժողովրդի զավակների հոգևոր կյանքի վերազարթոնքի», – ասված է Հայրապետական կոնդակում:

Հայրապետական կոնդակը փոխանցելուց հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսը Սիոն Սրբազանին շնորհեց ձեռաց խաչ:

Այնուհետև Արմավիրի թեմի առաջնորդն իր խորին շնորհակալությունը է հայտնել Վեհափառ Հայրապետին մեծ պատվի համար` նշելով, որ այդ վաստակը նա կիսում է թեմի յուրաքանչյուր անդամի հետ, քանի որ հոգևորական և աշխարհական լծակից հայորդիների շնորհիվ են թեմական կյանքում արձանագրվել բազում հաջողություններ և ձեռքբերումներ: Սրբազանն ընդգծել է, որ հոգևոր ծառայությունն անվերջ է և շարունակական, ուստի առավել մեծ խանդավառությամբ պիտի շարունակի իր ծառայությունը բերել Հայոց Եկեղեցուն:

Սիոն արքեպիսկոպոսը նաև իր շնրոհակալությունն է հայտնել Արմավիրի մարզային և քաղաքային իշխանություններին թեմին և հոգևոր սպասավորներին ցուցաբերվող զորակցության համար:

Շնորհավորական խոսքով հանդես է եկել նաև Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս