Բաժիններ՝

Տոյոտա Land Cruiser, թե՞ Տոյոտա Land Cruiser Prado՝ Առողջապահության նախարարի համար

Առողջապահության կազմակերպիչ, ուռոլոգ Գևորգ Գրիգորյանը դեկտեմբերի 27-ին  լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ Առողջապահության նախարարին սպասարկող մեքենայի արժեքն ավելին է, քան թույլատրելի 15 միլիոն դրամը:

Խոսքը 2015 թվականի արտադրության Toyota Land Cruiser Prado մեքենայի մասին է՝ 006 LL 55 պետհամարանիշերով: Այս մեքենայի գործածված մոդելի արժեքը 46.000 ԱՄՆ դոլար է:

ՀՀ Ֆինանսների նախարարության 2013 թվականի հոկտեմբերի 24-ի թիվ 938Ա հրամանով սահմանվում է, որ ՀՀ կառավարության կողմից նշանակվող գործադիր իշխանության մարմինների ղեկավարներին սպասարկող ավտոմեքենայի գինը առավելագույնը սահմանվում է 15 միլիոն դրամ:

Գևորգ Գրիգորյանը հայտարարեց, որ այս մեքենան Առողջապահության նախարարին (ԱՆ) է նվիրաբերել «Սևանի հոգեբուժական հիվանդանոց» ՓԲԸ նախկին տնօրեն Շավարշ Գրիգորյանը, ով նվիրատվությունից ամիսներ անց նշանակվեց Առողջապահության նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատար, այնուհետև՝ ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ:

168.am-ը Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանից փորձեց ճշտել, թե արդյո՞ք այսպիսի մեքենա հաշվառված է իրենց նախարարությունում, ու արդյո՞ք այն նվիրատվության արդյունքում է ձեռք բերվել։ Խոսնակը պատասխանեց.

«Ավտոմեքենան կառավարության  որոշմամբ վերաբաշխվել է: Այսինքն՝ բազմաթիվ վերաբաշխումներ են եղել, որոնց մեջ այս մեքենան էլ է եղել: Մեքենաների հետ կապված՝ կա համապատասխան որոշում՝ 2019 թվականի սեպտեմբերի 19-ի թիվ 1259Ա որոշմամբ դա վերաբաշխվել է Առողջապահության նախարարությանը և օգտագործվում է՝ ըստ կարիքների»:

Այն հարցին, թե արդյոք 006 LL 55 պետհամարանիշներով ավտոմեքենա՞ն է սպասարկում ԱՆ նախարարին, նա պատասխանեց, որ երկուշաբթի օրը կկարողանա մեզ պատասխան տրամադրել:

Կառավարության 2019 թվականի սեպտեմբերի 19-ի թիվ 1259Ա հրամանի երկրորդ կետում ասվում է. «Սույն որոշման N 1 հավելվածի ցանկում ներառված ավտոմեքենաներն ամրացնել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը»:

Նույն հրամանին կից հավելվածում նշված է, որ  «Սևանի հոգեբուժական հիվանդանոց» ՓԲԸ-ի կողմից Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերվել է 2015 թվականի արտադրության Toyota Land Cruiser ավտոմեքենա:

Հավելվածում նշված չէ, թե այդ հիշատակված Toyota Land Cruiser-ը ի՞նչ մոդելի է՝ Toyota Land Cruiser Standart, 100, թե՞ 200:

Օրինակ, Toyota Land Cruiser 200-ի օգտագործված մոդելը վաճառվում է 48.000 ԱՄՆ դոլարով, որը կազմում է ավելի քան 22 միլիոն դրամ:

Այնինչ՝ առողջապահության կազմակերպիչ Գևորգ Գրիգորյանի տրամադրած նկարում պատկերվածը 2015 թվականի արտադրության Toyota Land Cruiser Prado ավտոմեքենա է, որի օգտագործված տարբերակը վաճառվում  է 46.000 ԱՄՆ դոլարով, այսինքն՝ ավելի քան 21 միլիոն դրամով:

168.am-ի հավաստի աղբյուրները հաստատեցին, որ 006 LL 55 պետհամարանիշը սպասարկում է Առողջապահության նախարարությանը:

Ստացվում է, որ Առողջապահության նախարարին կամ Առողջապահության նախարարությունը սպասարկում է մեքենա, որի նույնիսկ օգտագործված մոդելի արժեքը 20 միլիոնից ավելի է, քան ներկայացված է հավելվածում՝ 18 միլիոն սկզբնական և 12 միլիոն 732 հազար դրամ մնացորդային արժեքով, այսպիսով, խախտելով ՀՀ Ֆինանսների նախարարության 2013 թվականի հոկտեմբերի 24-ի թիվ 938Ա հրամանում ամրագրված 15 միլիոնի շեմը:

Հայկանուշ Ալոյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս