«Եթե հանկարծ նոր կեղծ փաստաթղթեր ստեղծեն… այս խաղի ջոկերը վերջնականապես բոլոր հարցերի պատասխանները կտա». Դավիթ Խաժակյան

Օրվա առաջին կեսին Երևանի ավագանիում «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը հայտնեց, որ պաշտոնեական լիազորությունների անցման ու պաշտոնեական կեղծիքի գործով նոր փաստաթուղթ է պատրաստվում հրապարակել ու հանձնել ՀՔԾ քննիչներին:

Ավելի ուշ արդեն պարզ դարձավ, որ փաստաթուղթը վերաբերում է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի արձակուրդում լինելու ժամանակ քաղաքապետարանի բարձր պաշտոնյաների կողմից լիազորություններից դուրս գործողություններ կատարելուն  և պաշտոնեական կեղծիքներ թույլ տալուն, որի հետ կապված՝ Խաժակյանը պարբերաբար նոր հանգամանքների մասին էր հայտնում:

Ավելի վաղ Խաժակյանը հրապարակել էր մի փաստաթուղթ, որտեղ երևում էր, թե ինչպես է քաղաքապետ Հայկ Մարությանն իր կարգադրությամբ հանձնարարել քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանին՝ գործուղման մեկնելու դեպքում քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանին: Այնինչ նման իրավասություն քաղաքապետը չունի, քանի որ Երևան քաղաքում «Տեղական ինքնակառավարման մասին» (ՏԻՄ) օրենքի համաձայն՝ միայն մեկ անձ իրավունք ունի փոխարինելու քաղաքապետին և ստորագրելու վերջինիս իրավական ակտերը, և այդ մարդը քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանն է:

Քաղաքապետի խորհրդական Կարեն Համբարձումյանը դա մեկնաբանել էր ու ասել, որ գործընթացը տեղի է ունեցել 2 ձեռքով, այսինքն՝ քաղաքապետը նախ՝ հանձնարարել է լիազորություններ վերապահել Հրաչյա Սարգսյանին, այնուհետև վերջինս լիազորությունները դրել է Հայկ Սարգսյանի վրա:

Դավիթ Խաժակյանն այդ դիտարկումներն անելով՝ նաև փաստաթղթեր էր ցույց տվել, ինչին ի պատասխան՝ քաղաքապետարանից հայտնել էին, թե Խաժակյանի ներկայացրած փաստաթղթերն աշխատանքային տարբերակ են:

«Այդ հեքիաթները կարող են պատմել այլ վայրում, բայց ոչ՝ հանրությանը կամ իրավապահներին, որովհետև կնքված և տակը ստորագրություն ունեցող, համարակալված փաստաթուղթը չի կարող լինել սևագիր, ուստի փաստաթուղթ կեղծելու հանգամանքը թող դրանով չքողարկեն»,- ասաց Դավիթ Խաժակյանը:

Դավիթ Խաժակյանի՝ այսօր հրապարակած փաստաթուղթը վկայում էր այն մասին, որ Հայկ Մարությանի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանն ինչ-ինչ պատճառներից ելնելով՝ իրականում չի նշանակել քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանին Երևանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար: Հետևաբար՝ Հայկ Սարգսյանի ստորագրած 70-ից ավելի փաստաթղթերը, ըստ Խաժակյանի, առոչինչ են:

Խաժակյանի խոսքով՝ նույնը կլիներ, եթե, օրինակ, քաղաքապետի վարորդը կամ քաղաքապետի օգնականը ստորագրեր քաղաքապետի որոշումների տակ, և բոլորն ասեին, թե դա նորմալ է:

«Իմ ձեռքի տակ  է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Վահե Խաչատրյանի կողմից քաղաքապետին ներկայացված զեկուցագիրը, որը մակագրված է քաղաքապետի կողմից: Վահե Խաչատրյանը զեկուցում է քաղաքապետին՝ ասելով, որ առաջին կարգադրությամբ քաղաքապետը հանձնարարել էր Հրաչյա Սարգսյանին քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել Հայկ Սարգսյանին։ Մինչդեռ գործուղման որոշման նախագծերը «քանի որ չեն նշագրվում, անձնակազմի կառավարման բաժնի պետի կողմից տվյալ որոշման մեջ թյուրիմացաբար բաց է թողնվել այն հանգամանքը, որ համաձայն վերը նշված կարգադրության 3-րդ՝ լրազորությունների վերապահման կետի, պետք է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը Երևանի քաղաքապետի պաշտոնակատար նշանակեր Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանին»: Նոր բացահայտում է, որ այդ լիազորությունները Հրաչյա Սարգսյանը չի դրել Հայկ Սարգսյանի վրա, ինչը նշանակում է, որ տվյալ դեպքում մենք գործ ունենք՝ մի դեպքում՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահման հետ, մյուս դեպքում՝ կարծում եմ, իրավապահները պետք է քննեն ինքնիրավչության հոդվածով քրեական գործ հարուցելու հարցը»,- Հատուկ քննչական ծառայությանն այս հանգամանքի մասին տեղեկացնելուց առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Դավիթ Խաժակյանը:

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավարին այս գործով ՀՔԾ-ում երեկ ևս հարցաքննել են, տվել հարցեր, որոնք իր համար անհասկանալի են եղել ու բացասական միտման տպավորություն են թողել:

Դավիթ Խաժակյանը վստահ է՝ պետք է քրեական գործ հարուցվի: «Լույս» խմբակցության ղեկավարը գործ չհարուցելու միայն մեկ, այն էլ՝ ոչ իրավական դեպք է պատկերացնում:

«Քրեական գործ կարող է չհարուցվել միայն այն դեպքում, երբ գործ չհարուցելու քաղաքական որոշում լինի»,- ասաց Խաժակյանը՝ քաղաքային իշխանությանը զգուշացնելով՝ խաղի ջոկերն իր մոտ է:

«Գիտեմ, թե որ ուղղությամբ են իրենք փորձելու հետագա քողարկումները, շտկումները անել: Եթե հանկարծ իրենք այդ ուղղությամբ փորձեն գնալ, նոր կեղծ փաստաթղթեր ստեղծեն, պետք է ասեմ, որ ունեմ այս խաղի ջոկերը, որը վերջնականապես բոլոր հարցերին կտա իրենց պատասխանները»,- ասաց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը՝ ջոկերի տեսքը գաղտնիք թողնելով:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս