«Մենք ամեն օր էլ մոմ ենք վառում, բայց ոչ Փաշինյանի ասածի համար». Էդուարդ Շարմազանով

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ֆեյսբուքյան իր էջում 2008 թվականին արված տեսանյութ էր հրապարակել և կից  գրառում արել, որ  2008 թվականին, երբ ինքը գտնվում էր ընդհատակում, Աննա Հակոբյանը  կազմակերպել էր ոչ զանգվածային երթ՝ Երևանի մայթերով, ի պաշտպանություն քաղբանտարկյալների, սակայն իշխանությունը խոչընդոտել է երթին: «Այսպես խոչընդոտում էին բոլոր քաղաքացիների ազատ հավաքների իրավունքը: Աննան այս ակցիաներն անում էր, որովհետև արտակարգ դրությունից, սպանություններից ու բանտարկություններից հետո քչերն էին համարձակվում օգտվել իրենց քաղաքացիական իրավունքներից, որովհետև կարող էին բանտարկվել, ծեծվել, սպանվել: Եվ այս իրականությունը կերտածները՝ սկսած նոտարական գրասենյակներ գողացածներից, ավարտած երկիրը թալանած սերժիկներով՝ դեռ վնգստում են քաղաքական հետապնդումների մասին: Դուք դեռ պետք է մոմ վառեք առավոտ ու իրիկուն, որ դեռևս ազատության մեջ եք: Սերմացու գողացող մկներ»,- գրել էր վարչապետը։

168.amՀայաստանի հանրապետական կուսակցության խոսնակ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովից հետաքրքրվեց, որպես նախկին իշխանության ներկայացուցիչ՝ արդյո՞ք ամեն օր մոմ վառում են իրենց  ազատության մեջ գտնվելու համար։

«Մենք ամեն օր էլ մոմ ենք վառում, բայց ոչ թե Փաշինյանի ասածի համար, այլ՝ որ խաղաղության մեջ ենք, առողջ ենք, լավ ընտանիք ունենք։ Այս հիստերիկ և լկտի բառապաշարով գրառումը խոսում է վարչապետի ինքնախոստովանանքի մասին, որ նա ձախողել է։ Այսինքն՝ պետության վարչապետը խոսում է քուչի խուժանի բառապաշարով, սա խայտառակություն է, հերթական սպառնալիքը քաղաքական ընդդիմախոսներին, որպեսզի նրանց լռեցնեն»,- նշեց Է. Շարմազանովը։

Նրա խոսքով՝ ակնհայտ է, որ վարչապետ Փաշինյանին նյարդայնացրել է թե՛ ՀՀԿ-ի վերջին մեծ միջոցառումը, կուսակցության կուռ լինելը, թե՛ իշխանության համար օր օրի ավելացող ընդդիմախոսների քանակը,  Սահմանադրական դատարանի դատավորներից առնվազն երկուսի հստակ գնահատականը, որ չեն կաշառվելու և վաղաժամ թոշակի չեն գնալու, թե՛ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի պետականամետ պահվածքը։

«Հիստերիկ հայտարարությունների ու լկտի պահվածքի դիմում են նրանք, որոնք փաստազուրկ են, ասելիք ու անելիք չունեն, սա խոսում է այն մասին, որ վարչապետը օր առաջ պետք է հրաժարական տա։ Նման վարչապետի առկայությունը պատիժ է Հայաստանի համար»,- եզրափակեց Էդուարդ Շարմազանովը։
Հիշեցնենք, որ վարչապետի այդ գրառմանն Է. Շարմազանովն անդրադարձել էր նաև ֆեյսբուքյան իր էջում։

Տեսանյութեր

Լրահոս