
Իսպանիան հայտնվել է դիվանագիտական սկանդալի կենտրոնում

Իսպանիան հայտնվել է դիվանագիտական սկանդալի կենտրոնում: Բոլիվիայի ոստիկանությունը արգելել է Իսպանիայի դիվանագետների մուտքը Լա Պասում գտնվող Մեքսիկայի դեսպանի կեցավայր: «Euronews»-ը տեղեկացնում է, որ Բոլիվիայի արտաքին գերատեսչությունը հաղորդել է, որ իսպանացի դիվանագետներին ուղեկցել են դիմակավորված և զինված անձինք: Բոլիվիայի ԱԳ նախարար Կարեն Լոնգարիկը հայտարարել է, որ պետությունը բողոք է ներկայացրել ԵՄ, ՄԱԿ և Ամերիկյան պետությունների կազմակերպություն:
«Այս կոպիտ խախտումներն ազդում են բոլիվիական պետության արժանապատվության և ինքնիշխանության, նրա ազգային անվտանգության վրա և սպառնալիք են ներկայացնում մեր հյուրերի, դեսպանատան աշխատակիցների և տեղի բնակիչների համար»,-ասել է Կարեն Լոնգարիկը:
Մեքսիկայի արտաքին գերատեսչությունը հաղորդել էր, որ իրենք պատրաստվում են դիմել միջազգային դատական ատյան ՝ բողոք ներկայացնելու Բոլիվիայի անվտանգության մարմինների դեմ: Ավելի վաղ Բոլիվիայի ժամանակավոր կառավարությունը նոտա էր ուղարկել, որում Մեքսիկային մեղադրել է երկրի ներքին գործերին միջամտելու համար: