Ռոբին Շարմայի գիրքն առաջին տեղում է
«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է փաստավավերագրական ստեղծագործությունների լավագույն տասնյակը: Ցանկում չեն ներառվել հանրագիտարանները: Ցանկի տվյալներն՝ ըստ նոյեմբերի վաճառքների:
Առաջին հորիզոնականում Ռոբին Շարմայի «Վանականը, որը վաճառեց իր «ֆերարին» գիրքն է, որը համաշխարհային բեսթսելերների շարքում է: Վաճառվել է ավելի քան 6 միլիոն օրինակ, թարգմանվել՝ ավելի քան 42 լեզվով: Գիրքը հասցեագրված է բոլոր նրանց, ովքեր ուզում են փոխել իրենց մտածելակերպը, չեն վախենում դժվարություններից և փորձում են կյանքում առաջ գնալ ու հասնել հաջողությունների:
Ռեյչլ Հոլիսի «Աղջիկ ջան, մի արդարացիր» գիրքը երկրորդ տեղում է: Հոլիսը հաճախ է նկատել, որ կանայք չեն օգտագործում իրենց ամբողջ ներուժը։ Հոգու խորքում նրանք ձգտում են ավելիին, բայց վախենում են խայտառակվել, անկատար կամ ոչ կոմպետենտ երևալ։ Ավելին, կանանց ինքնագնահատականը շատ հաճախ ձևավորվում է ուրիշների բնորոշումներով։ Մինչդեռ Ռեյչլն ասում է՝ հարկավոր է ունենալ սեփական ես-ը, ձևավորել անձնական ցանկություններն ու ձգտումները։ Հեղինակը կոչ է անում ձերբազատվել բարդույթներից, սեփական ուժերի հանդեպ վստահություն ու հավատ ձեռք բերել։Այս գրքում Ռեյչլը դիմում է իր ընթերցողին և ասում՝ պետք չէ արդարանալ, պետք է գործել նպատակասլաց ու առանց վարանելու։
Երրորդ տեղում է նույն հեղինակի՝ Ռեյչլ Հոլիսի «Աղջիկ ջան, ուշքի արի» գիրքը: Այս ոգեշնչող գրքում Ռեյչլը խոսում է 20 ստի եւ այն թյուրընկալումների մասին, որոնք հաճախ մեզ խանգարում են ուրախ եւ լեցուն կյանքով ապրել: Այդ ստերն այնքան ենք ներշնչել ինքներս մեզ, որ դադարել ենք դրանք նկատել: Ռեյչլը դառը ճշմարտությամբ եւ խրոխտ հումորով հետազոտում է այն կեղծ պնդումները, որոնք ժամանակին նրան ստիպել են իրեն համարել ոչ պիտանի: Նա ներկայացնում է այն գործնական քայլերը, որոնք օգնել են հաղթահարել կյանքի այդ շրջանները:
Լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրի «Կյանքից կառչած» գիրքը չորրորդ հորիզոնականում է: Այն թեթեւ կյանքի մասին չէ, թեեւ Ազնավուրն ասում է՝ թո՛ղ որ այս փոքրիկ գիրքը մեղմ զեփյուռի պես թեթեւություն բերի ձեզ: Այս պատմություններում արտահայտված է նրա տրամադրությունը՝ արտացոլված երջանկությամբ ու պարզ ուրախությամբ: Սեփական կյանքը պատմելն Ազնավուրի համար հեշտ չէ: Երկընտրանքի առջեւ շատ է կանգնել՝ պատմե՞լ ամբողջը, թե՞ թաքցնել անպատմելին: Սա յուրահատուկ երկխոսություն է իր եւ ընթերցողի միջեւ: Արտիստը խոսում է դժբախտության, հաջողության, երջանիկ հանդիպումների մասին: Կյանքը սիրող, կյանքին տրված ու կյանքից կառչած Ազնավուրը վերապրում է իր վաղուց մոռացված սերերն ու հուշերը:
Հինգերորդ հորիզոնականում Ջոն Ռոքֆելլերի «Ինչպես դարձա միլիարդատեր» գիրքն է: Այս գիրքը Ռոքֆելլերի ինքնակենսագրությունն է: Այստեղ նա առաջին անգամ հանդես է գալիս որպես վերհուշ-հոդվածաշարի հեղինակ: Պատմությունները գրված են Ռոքֆելլերի կոշտ, բայց զգուշավոր ոճով և լույս են սփռում նրա կենսագրության գործնական, ինչպես նաև ազատ ժամանակի փոքրիկ դրվագների վրա:
Վեցերորդ հորիզոնականում է Ուիլյամ Չ. Ռեմփելի «Խաղացողը»: Այն ներկայացնում է Ամերիկայի ֆինանսական աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկի՝ ամեն ինչ ինքնուրույն ձեռք բերած միլիարդատեր Քըրք Քըրքորյանի՝ ցնցոտիներից մինչև հարուստ կյանքի հասնելու պատմությունը: Քըրք Քըրքորյանը Ամերիկայի առաջամարտիկ օդաչուներից էր, կինոմագնատ, ռիսկի սիրահար և գործարար աշխարհի հսկաներից, որը վերափոխելով Լաս Վեգասն ու Հոլիվուդը, դարձավ երկրի խոշոր ֆինանսիստներից մեկը: Նրա կյանքի պատմությունն արտացոլում է Առաջին աշխարհամարտի օդաչուի սառնասիրտ համարձակությունը, կռվարար բռնցքամարտիկի հաստատակամությունը, խորհրդավոր, անընթեռնելի խաղացողի խորամանկությունը և գործարքների անզուգական հանճարը: Թեև նա երբեք թույլ չի տվել, որ իր անունը փակցնեն որևէ շենքի վրա, 2015 թվականին, երբ մահացավ, նրան էր պատկանում Լաս Վեգասի ամենախոշոր հյուրանոցների ու խաղատների մեծ մասը:
Յոթերորդ հորիզոնականում է Էրիխ Ֆրոմի «Սիրելու արվեստը» գիրքը: Այն միջազգային բեսթսելեր է, որ 60 տարի է, ինչ ցույց է տալիս միլիոնավոր ընթերցողների, թե ինչպես հասնել լիառատ, արդյունավետ կյանքի` զարգացնելով սիրո` իրենց թաքնված կարողությունները: «Սիրելու արվեստը» դասական գործում Ֆրոմը բացահայտում է սերն իր բոլոր կողմերով:
Ութերորդ հորիզոնականում է Վահագն Դիլբարյանի «100 բիզնես գաղտնիքներ» գիրքը: Գրքում ամբողջությամբ գործնական խորհուրդներ են, որպեսզի ընթերցողներն ավելի գրագետ բիզնես մոտեցումներ ունենան և հաջողության հասնեն իրենց կարիերայում և սեփական նախագծերում: Գրքի թիրախն է նպատակ ունեցող, բիզնեսով հետաքրքրվող յուրաքանչյուր անձ՝ գործարար, մասնագետ, ուսանող: Գիրքը կարդալով՝ ընթերցողը կիմանա 100 մոտեցում, քայլ, հնարք, մեթոդ, ձև, կանոն, սկզբունք սեփական բիզնեսը զարգացնելու համար:
Իններորդ տեղում է Ուինսթոն Չերչիլի «Ինքնակենսագրություն»-ը: Միացյալ Թագավորության վարչապետ, Բրիտանական ակադեմիայի պատվավոր անդամ, Նոբելյան մրցանակի դափնեկիր Չերչիլն այս գրքում ներկայացնում է իր անցած ուղին ու անդրադառնում իր կյանքի ու գործունեության կարևոր դրվագներին:
Տասներորդ հորիզոնականում է Յան-Վերներ Մյուլլերի «Ինչ է պոպուլիզմը» գիրքը: Ի՞նչ է իրականում պոպուլիզմը, եւ ովքե՞ր են պոպուլիստները։ Այս հիմնարար աշխատությունում Մյուլլերը պնդում է՝ պոպուլիզմի առանցքում բազմակարծությունը մերժելն է։ Պոպուլիստները միշտ պնդում են, թե իրենք եւ միայն իրենք են ներկայացնում ժողովրդին եւ նրա շահը։ Պոպուլիզմը մարդկանց մոտեցնո՞ւմ է իշխանությանը, թե՞ իրականում վտանգում է ժողովրդավարությունը։ Ովքե՞ր են այն «քաղաքացիները» կամ «ժողովուրդը», որի անունից խոսում են պոպուլիստ քաղաքական գործիչները։ Այս հարցերը երբեք այսքան ակտուալ չեն եղել։ Ըստ Մյուլլերի՝ իշխանությունը վերցնելու դեպքում պոպուլիստները կփորձեն ստեղծել ավտորիտար երկիր՝ բացառելով բոլոր նրանց, ովքեր «ժողովրդի» կողմից չեն։ Գիրքը նաեւ ներկայացնում է հստակ ռազմավարություն, թե ինչպես պետք է պայքարել պոպուլիստների դեմ եւ ինչ հակափաստարկներ օգտագործել, երբ նրանք խոսում են «ժողովրդի» կամ «լուռ մեծամասնության» անունից։
«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը