Ֆիլիպինների Մինդորո քաղաքում աղետալի իրադրություն է հայտարարվել թայֆունի պատճառով
Աղետալի իրադրություն է հայտարարված Ֆիլիպինների Մինդորո քաղաքում, որտեղ մոլեգնում է «Ուրսուլա» թայֆունը: Այդ մասին հայտնել է ABS-CBN հեռուստաալիքը՝ վկայակոչելով քաղաքագլուխ Ռոմուլո Ֆեսթինին:
Ֆիլիպիններում աղետալի իրադրության ռեժիմ կարող է հայտարարվել վարչական բաժանման տարբեր մակարդակներով՝ սկսած քաղաքից, ասված է տարերային աղետների հետեւանքների կառավարման ու նվազեցման ազգային խորհրդի հրամանագրում, որը հրապարակվել է երկրի պաշտոնական թերթում: Այդ ռեժիմը հատուկ միջոցներ է նախատեսում ռեզերվների օգտագործման համար, առաջին անհրաժեշտության ապրանքների գների սահմանում եւ այլ միջոցառումներ:
Ավելի վաղ տեղական ԶԼՄ-ները հայտնել են թայֆունի 16 զոհերի մասին: Ինչպես նշել է հեռուստաալիքը, վկայակոչելով արտակարգ իրավիճակների գործակալությունը, 58,4 հազար մարդ հարկադրված է եղել տեղափոխվել տարհանման կենտրոններ: Գործակալության տվյալներով՝ տարերքի պատճառով չեղարկվել են 115 ներքին չվերթներ, ինչպես նաեւ 15,7 հազար մարդկանց ծովային ուղեւորություններ:
«Ուրսուլա» թայֆունը Ֆիլիպինների տարածք է հասել դեկտեմբերի 24-ի երեկոյան՝ իր հետ հորդառատ անձրեւներ եւ փոթորկալի քամի բերելով արշիպելագի կենտրոնական մաս Անտիկե նահանգի շրջանում, Մինդորո, Պալավան, Ակլան եւ Ռոմբլոն, ինչի մասին տեղեկացվում է Ֆիլիպինների մթնոլորտային, գեոֆիզիկական եւ աստղագիտական ծառայությունների վարչության կայքում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: