Բաժիններ՝

Նոյեմբերյանի տեղամասի պետին մեղադրել են «հակավարչապետության» համար

Մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ «Տավուշ» ՋՕԸ Նոյեմբերյանի տեղամասի շուրջ 70 աշխատակից նամակով դիմել էին ՀՀ վարչապետին՝ խնդրելով Ն.Փաշինյանի աջակցությունը՝ օգոստոսին մասնակի վճարված, սեպտեմբեր, հոկտեմբեր և նոյեմբեր ամիսների համար չվճարված աշխատավարձը Ամանորից առաջ ստանալու համար: Դիմումից հետո ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտեի նախագահի տեղակալ Հարություն Գուլյանը Նոյեմբերյանի տեղամասի պետ Գագիկ Վերանյանից պահանջում է աշխատանքից ազատման դիմում գրել՝ մեղադրելով վերջինին անարդյունավետ աշխատելու և վարչապետի դեմ խոսելու համար:

168.am-ի հետ զրույցում Նոյեմբերյանի տեղամասի պետ Գագիկ Վերանյանը փոխանցեց, որ վարչապետին դիմումն ուղարկելուց հետո, Հարություն Գուլյանը զանգահարել է իր անմիջական ղեկավարին՝ «Տավուշ» ՋՕԸ գործադիր տնօրեն Յուրա Որսկանյանին և պահանջել աշխատանքից հեռացնել Վերանյանին:

«Որսկանյանը կանչեց ինձ իր մոտ, ասեց՝ դիմումը գրիր, ես էլ պատճառը հարցրի: Նա ինձ ոչ մի պատճառ չասեց, ես էլ ոչ մի դիմում չգրեցի: Անցած շաբաթ Գուլյանը զանգել է Որսկանյանին ու ասել, որ երկուշաբթի գնամ Կոմիտե՝ իրեն հանդիպելու: Հանդիպման ժամանակ Գուլյանն ասաց, որ ինքն այլևս ինձ հետ աշխատել չի կարող, մեղադրեց ինձ հակավարչապետության մեջ, թե ես վարչապետի դեմ բաներ եմ խոսել, ու պահանջեց աշխատանքից ազատման դիմում գրել»,- ասաց Գ. Վերանյանը:

Նոյեմբերյանի տեղամասի պետը վստահեցնում է նաև, որ վարչապետին վատաբանելու մասին լուրերը տարածել է Սուսաննա Մարտիրոսյան անունով մի կին, որը ներկայանում է՝ որպես լրագրող և վարչապետի տիկին Աննա Հակոբյանի ընկերուհի:

«Ինքն ինչ-որ անհայտ բարերար է, ուզում է ներդրում անել մեր պոմպակայաններից մեկում: Տարել եմ իրեն պոմպակայան, ծանոթացրել եմ խնդիրների հետ: Նա էլ ասաց, որ մի պոմպ ու խողովակներ կնվիրի, այդպես համաձայնության ենք եկել: Երբ իրեն ասացի, որ մեր աշխատողները մինիմալ աշխատավարձ են ստանում, նա պատասխանեց՝ ՋՕԸ-ն լավ չի աշխատում, էդքանն էլ ձեզ շատ է, ես էլ վիրավորվեցի, ասեցի՝ Դուք չեք լավ աշխատում: Իմ ասած այդ Դուքն ինքն ընկալել է վարչապետի, նրա տիկնոջ ու իր դեմ ուղղված արտահայտություն: Սա դարձրին վարչապետի դեմ խոսել»,- պարզաբանեց Գագիկ Վերանյանը:

Փորձեցինք հարցի մանրամասները ճշտել ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտեի նախագահի տեղակալ Հարություն Գուլյանից, սակայն մեզ պատասխանեցին, որ բոլոր հարցումներն ուղղենք կոմիտեի լրատվության բաժին: Մեր հարցումներին ի պատասխան՝ լրատվական բաժնից տրվեց գրեթե նույն պատասխանը, ինչ հրապարակվել էր դեկտեմբերի 20-ին՝ Ջրային կոմիտեի ֆեյսբուքյան էջում. «Այստեղ գործ ունենք փաստերի ակնհայտ խեղաթյուրման հետ, քանի որ Գ․ Վերանյանին աշխատանքից ազատվելու առաջարկ է եղել՝ վարչապետին դիմելուց շատ ավելի վաղ և ամենևին էլ ոչ Ջրային կոմիտեի նախագահի տեղակալ Հարություն Գուլյանի պահանջով կամ հորդորով, այլ՝ իր անմիջական ղեկավարի կողմից։

Այլ հարց է, որ կոմիտեում էլ են տեղյակ եղել Նոյեմբերյանի տեղամասի պատասխանատուի՝ մեղմ ասած, անարդյունավետ գործունեությունից»։

Ջրային կոմիտեի լրատվական բաժնից տեղեկացրին նաև, որ ամեն երկուշաբթի ժողովներ են կազմակերպվում խնդրահարույց տեղամասերի պետերի հետ, և, ամենայն հավանականությամբ, Գագիկ Վերանյանն այդպիսի ժողովից հետո է առանձնազրույց ունեցել Հ. Գուլյանի հետ, սակայն աշխատանքից ազատման մասին խոսք չի եղել: Տեղեկացրին նաև, որ Նոյեմբերյանի տեղամասն ամենացածր հավաքագրումն է ապահովել, և ընդհանուր 97 տոկոսը ոչ թե Նոյեմբերյանի տեղամասին է վերաբերում, այլ «Տավուշ» ՋՕԸ-ի ընդհանուր հավաքագրման ցուցանիշն է:

Այս մեղադրանքներին Գագիկ Վերանյանը հակադարձեց, որ իր աշխատանքի արդյունավետության մասին կարող են հարցնել թե իր ենթակա աշխատակիցներին, թե իրենց սպասարկած 16 գյուղապետերին ու ջրօգտագործողներին, և նայել իրենց տեղամասի ապահովված արդյունքներին: Հավելեց նաև, որ աշխատանքից ազատվելու դիմում չի գրի, քանի որ իրենից հետո պատրաստ են աշխատանքից ազատվել նաև 70 աշխատակիցները:

«Մենք հավաքագրումը կատարել ենք 96.6 տոկոսով, սա իմ տեղամասի թիվն է՝ ձևակերպված հասույթից այսքան գանձում ենք իրականացրել: Ընդհանուր գումարը կազմում է 55 միլիոն 874.9 դրամ»,- տեղեկացրեց Գ.Վերանյանը:

Նոյեմբերյանի տեղամասի պետ «Տավուշ» ՋՕԸ գործադիր տնօրեն Յուրա Ոսկանյանի հետ լրատվական բաժինը չէր կարողացել կապ հաստատել:

Ինչ վերաբերում է ՋՕԸ-ի աշխատակիցների չվճարված աշխատավարձերին, ապա Ջրային կոմիտեն իր պարզաբանման մեջ նշել է. «չվճարված աշխատավարձերի խնդիրը լուծելու համար ՏԿԵՆ Ջրային կոմիտեն արդեն իսկ դիմել է ՀՀ կառավարության աջակցության խնդրանքով, որպեսզի կարգավորվի ոչ միայն «Տավուշ» ՋՕԸ-ի, այլև մյուս ընկերություններում խնդիրները»:

70 աշխատողին չվճարված աշխատավարձերի ընդհանուր գումարը կազմում է 11 միլիոն 391 հազար դրամ:

Հայկանուշ Ալոյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս