«Երբ օրենսդրական դաշտը վատն է, կոռուպցիան փրկություն է». Ձեռներեցը՝ տնտեսության մասին

Հայաստանում գործարարության մասին միֆեր կան, որոնց պատճառով շատերը չեն համարձակվում բիզնես սկսել. 168.am-ի հետ զրույցում պնդեց «Չոր մարքեթինգ» կուրսի և գրքի հեղինակ, ձեռներեց Վահան Միրաքյանը.

«Կան միֆեր, օրինակ, որ հաջողակ բիզնեսմեն լինելու համար պետք է լինես պետական պաշտոնյա, սափրագլուխ հաստավիզ: Այդ ստերեոտիպերն օդից չեն ձևավորվել, կան հիմքեր դրանց համար, բայց կան շատ-շատ ազնիվ, արդար գործարարներ, որոնք զրոյից արժեք են ստեղծել, որոնց մասին, սակայն, մարդիկ չգիտեն»:

Վահան Միրաքյանն արդեն փորձված ձեռներեց է, վաղուց է ոլորտում, հիմա  էլ դասընթացների և գրքերի միջոցով փորձը փոխանցում է սկսնակներին: Իսկ պատրա՞ստ է մեր տնտեսությունն օժանդակելու սկսնակ բիզնեսմեններին, և նկատելի՞ են տնտեսական փոփոխություններ 2018-ի ապրիլից հետո: 168.am-ի այս հարցին Վահան Միրաքյանը պատասխանեց, որ անգամ ամենավատ տնտեսությունում էլ ուժեղ բիզնեսներ են ձևավորվում, ստարտափները կհաջողե՞ն, թե՞ ոչ, կախված է մարդուց:

«Ես աշխատել եմ վերջին երեք կառավարությունների ժամանակ և շարունակում եմ պնդել, որ խնդիրը մարդկանց գլխում է: Շատ բիզնեսմեններ իրենց գործունեությունը սկսել են նախկին իշխանության ժամանակ, հաջողակ են եղել այն ժամանակ և հաջողակ են հիմա:
Տնտեսությունում հիմա, իհարկե, փոփոխություն կա, բայց այնքան կտրուկ չէ, որ զգացվի: Դրական և բացասական կողմեր կան, օբյեկտիվ լինեմ: Դրական կողմն այն է, որ կոռուպցիան է պակասել, բացասական կողմն այն է, որ կոռուպցիան է պակասել: Ինչո՞ւ եմ այդպես ասում, քանի որ, երբ օրենսդրական դաշտը վատն է, կոռուպցիան փրկություն է: Օրինակ՝ 20 օր պետք է սպասես, քո ապրանքը փչանա, կոռուպցիայով 2 օրում հարցը լուծում ես: Օրենսդրական դաշտը դեռևս ամբողջությամբ  չի փոխվել, բայց կոռուպցիան դուրս է եկել, և շատ համակարգեր սկսել են չաշխատել»,- պնդում է Վահան Միրաքյանը:

«Էկո Վիլ» արևային համակարգերի տեղադրմամբ զբաղվող ընկերության հիմնադիր տնօրեն Տիգրան Օխանյանը սկսել է բիզնեսով զբաղվել 15 տարի առաջ: Ասում է՝ միակ դժվարությունը, որին հանդիպել է, կապված է եղել ոլորտի հետ, քանի որ այդ շրջանում մարդիկ չգիտեին արևային էներգիայով տունը ջեռուցելու կամ ջրատաքացուցիչներ ունենալու հնարավորության ու դրական ազդեցության մասին:

«Սկզբից ստիպված ենք եղել տեղեկացնել, հետո օրենսդրական մասն ենք ստիպված եղել կարգավորել: Մեր, մեզ նման մասնավոր կազմակերպությունների և մեր Կառավարության ջանքերի, մարքեթինգային քայլերի շնորհիվ, մի քանի տարում  բավականին լուրջ արդյունք ունենք, շատ քիչ գյուղեր ու համայնքներ կան, որտեղ արևային համակարգեր չկան տեղադրված, կամ չգիտեն դրա օգուտների մասին»,- ասաց Տիգրան Օխանյանը:

Կառավարության որոշմամբ՝ հաջորդ տարվա հունվարից կբարձրանա նվազագույն աշխատավարձի շեմը: Սա սկզբնական շրջանում կարող է մեծ բեռ լինել փոքր և միջին բիզնեսով զբաղվողների համար: Տիգրան Օխանյանն առաջարկում է այս հարցին գլոբալ նայել.

«Առաջին հայացքից, եթե գործատուն վճարում է ավել աշխատավարձ, դա նշանակում է՝ ծախսերի ավելացում, ապրանքի ինքնարժեքի ավելացում: Բայց մյուս կողմից, եթե աշխատավարձը բարձրանում է, քո քաղաքացին ավելի գնողունակ է դառնում: Այս տեսանկյունից մեծանում է հնարավորությունը վաճառքներ իրականացնելու: Կարծում եմ՝ սա դրական էֆեկտ կունենա երկարաժամկետ հատվածում»:

Տիգրան Օխանյանի պնդմամբ՝ ցանկացած ներդրողի համար տնտեսական իրավիճակն ու սպասելիքները կարևոր են: Բիզնեսմենների կյանքում 2018-ի ապրիլից հետո փոփոխություն եղել է: Վահան Միրաքյանը վստահեցնում է, որ հիմա իրենց խոսքն ավելի լսելի է դարձել.

«Եթե դու ինչ-որ հարց ունես, քո հարցը տեղ հասնում է: Ինչքանո՞վ արագ է լուծվում, դա ուրիշ հարց է: Երբեմն շատ արագ լուծվում է, երբեմն՝ ոչ»:

Գործարարը վստահեցնում է՝ 100 տոկոսով առանց ստվերի տնտեսություն որևէ երկրում չկա և չի կարող լինել: Կարևորը գլոբալ խնդիրների լուծումն է, մնացածի վրա կարելի է «աչք փակել»:

Տեսանյութեր

Լրահոս