Նախատոնական կիբերանվտանգություն. Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է

Նախատոնական օրերին կիբերանվտանգության տեսանկյունից ամենամեծ խնդիրը առցանց առևտուրն է. տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է՝ օգտվեք միայն վստահելի և փորձված խանութներից:

«Կարևոր է, որ մարդիկ չտրվեն շոփինգամոլությանը, հատկապես, երբ տեսնում են «900 տոկոս» զեղչ: Պետք է օգտվել ստուգված խանութներից, եթե անգամ դու չես օգտվել այդ խանութից, քո ընկերներից գոնե 2-3-ը քեզ խորհուրդ են տալիս: Պետք է առևտուր անել առանձնացված բանկային քարտով, որի վրա գումարը կլինի այնքան, որքան պետք է առևտուր անելու համար, այն քարտը չլինի, որից դուք առօրյայում օգտվում եք, որ, եթե անգամ ձեր բանկային քարտի տվյալները գողանան, չկարողանան շատ գումար տանել»:

2020-ը լինելու է Հայաստանում էլեկտրոնային առևտրի բում տարի՝ պնդում է փորձագետը, անգամ նրանք, ովքեր մինչև հիմա այդ եղանակով գնումներ չեն կատարել, անկախ իրենց կամքից ու աննկատ՝ սկսելու են: Այս պայմաններում պաշտպանված լինելու համար Սամվել Մարտիրոսյանը առաջարկում է արագ ինքնակրթվել:

«Սա բախվում է մի այլ գլոբալ խնդրի՝ մեր անձնական տվյալների պաշտպանության հետ: Կարևոր է, որ հանրությունը վերջապես մտահոգվի, որ աջ ու ձախ մեր անձնական տվյալները թափված են: Տարիներ շարունակ խոսվում է ԿԸՀ կայքում տեղադրված մեր տվյալների մասին, շատ ավելի շատ են դրանք, եթե ման գաք, շատ կգտնեք, էլեկտրոնային առողջապահությունն էլ որ ներդրվի, ամեն ինչ շատ ավելի վատ կլինի, եթե հանրությունը «քթի մազ» չլինի»:

Հայաստանի Հանրապետությունն ունի Անձնական տվյալների պաշտպանության մասին օրենք, բայց, ըստ փորձագետի, մի շարք ենթաօրենսդրական ակտերի կարիք կա: Սամվել Մարտիրոսյանը նկատում է՝ Կիբերանվտանգության միջազգային վարկանիշային աղյուսակում Հայաստանը շատ ցածր դիրք ունի, չնայած դրան, հարձակումներից ապահովված չեն անգամ ամենապաշտպանվածները:

«Վրաստանը առաջին տասնյակում է՝ որպես «թույն» առաջատար երկիր, բայց մի քանի ամիս առաջ վրացական գրեթե բոլոր կայքերը կոտրեցին, այդ թվում՝ նախագահինը: Բոլորն ունեն խնդիր, մեր տարբերությունը բոլորից այն է, որ բոլորը շատ մտահոգված են, որ իրենք խոցելի են, իսկ մենք՝ ոչ, ավելի ճիշտ, մենք մտահոգ ենք զուտ խոսակցական մակարդակով»:

168.am-ի հարցին, թե մեր ուժային կառույցների կայքերը գոնե պաշտպանվա՞ծ են, փորձագետը պատասխանեց, որ դրանք առաջնային կարևորություն են ստանում միայն պատերազմական իրավիճակում, երբ հնարավոր է խուճապ տարածել, մնացած դեպքերում դրանք ոչ մեկին պետք չեն:

«Վատագույն դեպքում այնտեղ կտեղադրեն ապատեղեկատվություն, որը կես օրվա ընթացքում կհերքվի, բայց 2015թ.-ին լուրջ ազդակներ կային, որ մեր բարձրաստիճան զինվորականների էլփոստերը կոտրվել են, ոչ Ադրբեջանի կողմից, և տեղեկատվության արտահոսք է եղել: Սա շատ բարդ խնդիր է, քանի որ այս պարագայում դու ոչ թե մեկ կայք ունես, այլ մի քանի հազար հոգի, և, բնականաբար, վնասները շատ ավելի լուրջ են, կարող է չիմանաս, որ դրանք կան, և հնարավոր է ենթակառուցվածքային հարձակում»:

Փորձագետը պնդում է՝ պետք է լինի պետական մակարդակով հստակ ռազմավարություն: Դրա մշակման փորձ եղել է, սակայն ավարտին չի հասել: Սամվել Մարտիրոսյանը առաջարկում է սկսել նորից:

«Պետք է հստակ ռազմավարություն, պատկերացում լինի, թե ո՞վ և ինչի՞ց կարող է օգտվել, ինչի՞ց՝ չէ: Հայտնի գաղտնալսումները դրա վառ օրինակն են, որ չկա փաստաթուղթ, որի վրա գրված լինի, որ չի կարելի բջջային կապով խոսել այս մասին, մարդ կարող է ինքը որոշել՝ խոսե՞լ, թե՞ չխոսել, բայց Հայաստանի Հանրապետությունում չկա Կառավարության որոշում, որ այսպիսի հեռախոս կարելի է օգտագործել, այս կապով կարելի է այս մասին խոսել, այն կապով չի կարելի: Եթե չկա հստակություն, ապա մարդիկ կարող են դառնալ թիրախ»:

Մոտ մեկ շաբաթ առաջ Ազգայինն ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է «Օպերատիվ հետախուզական գործունեության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը։ Այս նախագծով Ոստիկանությանը ինքնուրույն գաղտնալսելու հնարավորություն է տրվում։ Սա, ըստ փորձագետի՝ ունի և՛ դրական, և ՛ բացասական կողմ:

«Այսօր Ոստիկանությունը գաղտնալսում իրականացնելու համար պետք է դիմի ԱԱԾ-ին, նշանակում է, որ ԱԱԾ-ն իր մոտ ունի տվյալներ՝ կապված ոստտիկանության գաղտնալսումների հետ, այսինքն՝ լրացուցիչ տվյալներ ունի քաղաքացիների մասին, որը չպետք է ունենա: Դրա անջատումը դրական է, բայց խնդիրը նրանում է, որ Ոստիկանության ձեռքը տալիս ենք լրացուցիչ գործիք, բայց վերահսկողության մեխանիզմ չունենք»:

Տեսանյութեր

Լրահոս