Կառավարությունը գնում է իրավիճակային լուծումների տարբերակով, ինչն ընդունելի չէ. Բորիս Նավասարդյան. «Փաստինֆո»
Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի կարծիքով կառավարության շրջանում բավականին տարածված է դարձել իրավիճակային որոշումների կայացման երեւույթը: Բորիս Նավասարդյանը հենց սա է համարում պատճառը, թե ինչու «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրինագիծը շրջանառության մեջ դրվեց՝ առանց հանրային ու մասնագիտական քննարկման:
«Կարծում եմ, երբ ինչ-որ պահանջ է առաջանում, տվյալ դեպքում, որքան հասկանում եմ, Հանրային հեռուստատեսության տեխնիկական վերազինման պահանջն է առաջացել, իրավիճակի լուծումը փորձում են գտնել ամենակարճ ճանապարհով՝ թույլ տալով գովազդ տարածել, բայց այդ կարգի իրավիճակային լուծումները ընդունելի չեն, քանի որ դրա հետ կապված են բազմաթիվ խնդիրներ: Նախ, բուն հանրային հեռուստառադիոընկերության ֆինանսական գործունեության արդյունավետությունը»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Բորիս Նավասարդյանը:
Հիշեցնենք, 2019թ․ դեկտեմբերի 11-ին ՀՀ արդարադատության նախարարությունը պաշտոնական e-draft.am կայքում տեղադրել է իր հեղինակած «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրինագիծ, որում, ի թիվս այլոց, նախատեսվում է Հանրային հեռուստաընկերությանը վերապահել մեկ եթերային ժամվա ընթացքում մինչև 5 րոպե տևողությամբ գովազդ հեռարձակելու իրավունք:
Նախագիծը մի շարք կազմակերպություններ արդեն իսկ համարում են աչառու եւ անընդունելի : Բորիս Նավասարդյանի խոսքով, այս նախագիծը, բնականաբար, ազդելու է ընդհանրապես գովազդային շուկայի եւ մասնավոր հեռուստաընկերությունների վրա:
«Գովազդային շուկայի ինչ-որ մասը այդ նախագծով կգնա Հանրային հեռուստաընկերություն եւ դրանից տուժելու են մասնավորները, ուստի այս ամենը պետք է վերլուծվի, ուսումնասիրվի եւ ընդունվի ամենահիմնավորված որոշումը»:
Սրանով հանդերձ, Բորիս Նավասարդյանը շրջանառվող նախագծի մեջ քաղաքական երանգ չի տեսնում եւ չի կարծում, որ սա արվում է , մասնավորապես, իշխանություններին քննադատող մասնավոր հեռուստաընկերություններին շարքից հանելու համար : «Ես ավելի շատ տեսնում եմ այդ իրավիճակային լուծման հանգամանքը եւ չեմ կարծում, որ այդքան խորը հաշվարկներ են արված եւ այդքան հեռուն գնացող նպատակներ կարող են լինել այդտեղ»:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: