«Օդից ընկած, չուսումնասիրված, չքննարկված, մասնագիտական շրջանակների և հատկապես հարկատուների կարծիքը հաշվի չառած նախագիծ է». Գեղամ Մանուկյան
Օրեր առաջ E-draft.am կայքում հրապարակվեց ՀՀ Արդարադատության նախարարության՝ ««Հեռուստաընկերության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Այս նախագծով Հանրային հեռուստաընկերությանը տրվելու է վճարովի գովազդ հեռարձակելու թույլտվություն՝ մեկ եթերային ժամում մինչև 5 րոպե տևողությամբ:
«Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրատվական և հասարակական-քաղաքական հաղորդումների տնօրեն Գեղամ Մանուկյանի կարծիքով՝ այդ նախագիծը չուսումնասիրված, չքննարկված, մասնագիտական շրջանակների և հատկապես հարկատուների կարծիքը հաշվի չառնող նախագիծ է:
«Օդից ընկավ այս նախագիծը: Երբ Ազգային ժողովում բյուջեի քննարկման հարցն էր, կառավարության որևէ ներկայացուցիչ այդ հոդվածը ներկայացնելիս չասաց՝ «գիտեք, սիրելիներս, այս գումարը մենք տալիս ենք, բայց հիմա օրենքի նախագիծ ենք մշակում, որ հաջորդ տարվա համար հավելյալ մեծ մուտքեր ապահովենք Հանրային հեռուստաընկերության համար»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Գեղամ Մանուկյանը:
Հիշեցնենք, որ «2020 թվականի պետական բյուջեի մասին» նախագծի համաձայն՝ Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերությանը ռադիո և հեռուստահաղորդումների հեռարձակման համար նախագծով նախատեսվում է հատկացնել 7,396.1 մլն դրամ: Ու ստացվում է, որ, եթե ««Հեռուստաընկերության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծն ընդունվի, ապա Հանրային հեռուստաընկերություն մուտք կգործեն հսկայական գումարները, ինչը, ոլորտի շատ ներկայացուցիչների գնահատմամբ՝ առողջ մրցակցության նշան չէ:
«Հանրային հեռուստաընկերության եթերից գովազդը դուրս եկավ, որովհետև կար հանրային դժգոհություն Հանրայինի որակից, հաղորդումների բովանդակությունից, հանրության բոլոր խմբերի, շերտերի շահերի չսպասարկելուց: Եվ դրա համար պետությունն ասաց՝ «Ես եմ ֆինանսավորում, և դու հանրությանն ես ծառայում»: Երբ մի քանի տարի առաջ Հանրային հեռուստաընկերությունը գովազդային մրցավազքի մեջ էր, բնականաբար, այդ մրցավազքի մեջ «որակյալ» արտադրանք տալու համար լցված էր անճաշակ սերիալներով, շոուներով, և հայ մարդը, հայ քաղաքացին՝ 12 տարեկան երեխայից մինչև 68-69 տարեկան գյուղում չարքաշ կյանքով ապրող պապիկը, չկար եթերում»,- նկատեց Գեղամ Մանուկյանը:
Նրա խոսքով՝ այսօր հեռուստաեթերում գովազդը պակասել է՝ առարկայական և ենթակայական պատճառներից ելնելով: Պատճառը, ըստ նրա, ոչ միայն որոշ ընկերությունների՝ հավելյալ չերևալու ցանկությունն է, այլև՝ տնտեսական ակտիվության նվազումը:
Ըատ Գ. Մանուկյանի՝ արդարացման փորձ է նախագծի այն կետը, որով նշվում է, թե Հանրային հեռուստաընկերությանը տրվել է 5 րոպե գովազդային ժամանակ՝ մյուս ընկերությունների 14 րոպեի փոխարեն:
«Բայց կա երկրորդ կետը՝ հովանավորչական գովազդը, և պարզվելու է, որ ցանկացած հաղորդում ունի հովանավոր, հովանավորն իր գովազդով է մտնում, որը գովազդային 5 րոպեանոց փաթեթի մեջ չէ»,- ասաց Մանուկյանը:
Օրենքի նախագծով ուղիղ եթերի միացման վայրերում եղած գովազդները՝ անկախ տարածման ձևից, չեն համարվելու Հանրային հեռուստաընկերության կողմից հեռարձակվող գովազդ:
Սա ևս տարակուսելի է շատերի համար: «Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրատվական և հասարակական-քաղաքական հաղորդումների տնօրենը դիտարկմամբ՝ օրենքի նախագծի այս կետի արդյունքում կարող է, օրինակ, եթերում 30 րոպե գովազդվել մի ապրանք, որի արտադրությանն ականատես է որևէ գերատեսչության նախարար, ու դա Հանրային հեռուստաընկերությունը՝ որպես հանրային շահի սպասարկում, ցուցադրում է ուղիղ հեռարձակմամբ:
Գ. Մանուկյանի խոսքով՝ այսօր մեկ ընդհանուր մրցակցային հարթության երկու նժարին դրված են՝ մի կողմում՝ շատ հաճախ անճաշակ ու այլանդակ ֆիլմներն ու հումորային նախագծերը, մյուս կողմում՝ պարզ հայի կյանքը ներկայացնող, երեխային հետաքրքրող հաղորդումները, մշակութային ու լրատվական ծրագրերը:
«Այդ մրցակցության մեջ, բնականաբար, այն ամենը, ինչ որ գեղեցիկ է, ավելի մարդկային է, ինչի մեջ ինտրիգը շատ ավելի քիչ է, գռեհկաբանությունը քիչ է, տեղը զիջում է, և արդյունքում՝ մյուս նժարին դրվածները դառնում են առաջատարները»,- ասաց Մանուկյանը՝ անհանգստություն հայտնելով, թե հնարավոր է՝ այս նոր նախագիծը Հանրային հեռուստաընկերությանը ևս կանգնեցնի այս ընտրության առաջ:
Նախագծի համաձայն՝ Հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակվող գովազդի 1 րոպեի արժեքը սահմանելու է հեռուստաընկերության գործադիր տնօրենը:
Գեղամ Մանուկյանի դիտարկմամբ՝ Հանրային հեռուստաընկերությունը պետք է շատ ավելի բարձր գներ սահմանի գովազդի համար, որպեսզի դառնա չափորոշիչ ու գովազդային նոր մշակույթ թելադրող ու կարողանա հայկական գովազդային դաշտը մի փոքր վերաձևակերպել:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում