Բաժիններ՝

Պարտադիր զինվորական ծառայության մեկնեց գյումրեցի նորակոչիկների ձմեռային զորակոչի առաջին խումբը

Պարտադիր զինվորական ծառայության մեկնեց գյումրեցի նորակոչիկների ձմեռային զորակոչի առաջին խումբը: Գյումրու զինկոմիսարիատի նախաձեռնությամբ զորակոչիկները «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքից երգ ու պարով կենտրոնական հավաքակայան մեկնեցին: Խաղաղ ու անփորձանք ծառայություն մաղթելու համար հուշահամալիրի տարածքում էին նաև մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները, իսկ մինչ մեկնումը տղաները Գյումրու զինկոմիսարիատում անցան բժշկական վերջին բուժզննումը:

Զորակոչի առթիվ կազմակերպված միջոցառմանը մասնակցում էին Շիրակի փոխմարզպետ Վարդան Գրիգորյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, զորակոչիկների հարազատներ ու զինվորականներ: Ընդհանուր առմամբ, Գյումրիում զորակոչի նախապատրաստական աշխատանքները կատարվել են նորմալ ու բնականոն:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Շիրակի մարզի զինվորական կոմիսար, գնդապետ Արսեն Համբարձումյանը: «Այսօր մեր բոլորի համար հանդիսավոր օր է, քանի, որ մարզից նորակոչիկները մեկնում են իրենց պարտքը կատարելու, Հայաստանի Հանրապետության պետական սահմանները պաշտպանելու, ժողովրդի խաղաղությունն ու անդորրը պահպանելու»,- իր խոսքում նշեց Շիրակի մարզի զինվորական կոմիսարը։

«Այսօր Ձեզ մեծ պատիվ է ընձեռվել ծառայել Հայաստանի Հանրապետությանը՝ անցնել ծառայության ՀՀ բանակում և պաշտպանել Հայաստանի սահմանները՝ ամուր պահել դրանք: Վստահ եմ, որ ձեր շնորհիվ մեր սահմանները լինելու են ամուր և անսասան»,- նշեց Շիրակի փոխմարզպետ Վարդան Գրիգորյանը:

Տղաներին խաղաղ ծառայություն ու բարի վերադարձ մաղթեց նաև Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը:

Տերունական աղոթքից հետո նորակոչիկները ավտոբուսներ նստեցին:

Արմենուհի Մխոյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս