ՍԴ դատավորների վաղաժամ թոշակ, 4 վարկային համաձայնագիր. Սերգեյ Բագրատյանը՝ խնդրահարույց օրինագծերի մասին

ԱԺ ԲՀԿ խմբակցությունը դեմ է վարկային համաձայնագրերին, քանի որ հստակեցված չէ, թե դրանք ի՞նչ նպատակներով են օգտագործվելու: ԱԺ-ն դեկտեմբերի 12-ի արտահերթ նիստում քննարկել է ընդհանուր առմամբ 152 միլիոն դոլարի 4 վարկային համաձայնագրեր:

Մամուլի ասուլիսի ժամանակ անդրադառնալով ԱԺ-ում քննարկված և ընդունված խնդրահարույց նախագծերին՝Սերգեյ Բագրատյանն ասաց

«Մարդիկ՝ չպատկերացնելով, թե ինչի՞ մասին է խոսքը, ի՞նչ անհանգստություն կա, ցանկանում են մեկ շնչով այս հարկային բեռը դնել մեր հանրության ուսերին…… Նախկինում էլ մենք դեմ ենք քվեարկել բյուջեի բացը լրացնելու համար նախատեսված վարկերին, որովհետև նպատակայնությունը չենք տեսել այդ վարկերի:  Նախկինում ասում էին, որ այս վարկերն օգտագործվելու են միայն բյուջեի դեֆիցիտը  լրացնելու նպատակով, այս անգամ Կառավարության ներկայացուցիչը՝  ֆինանսների նախարարի տեղակալի դեմքով, հայտարարեց, որ այդ վարկերն ազատ են օգտագործման և տնօրինման, սա նորություն էր»,- ասաց Սերգեյ Բագրատյանը:

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորը մտավախություն ունի, որ հստակության բացակայության պայմաններում այդ միջոցներն անարդյունավետ ծախսման արդյունքում կփոշիացվեն: Սերգեյ Բագրատյանը պնդում է՝ հետևելու են, թե ինչպես է ծախսվելու վերցված վարկը: Խորհրդարանական ընդդիմությունը դեմ է քվեարկել նաև 2020-ի բյուջեին, բայց օրենքը, այդուամենայնիվ, ընդունվել է: Չնայած Կառավարության ամենաբարձր մակարդակներում այն «հեղափոխական» են որակում, Սերգեյ Բագրատյանը պնդում է՝ դա այդպես չէ:

«Մենք չենք ասում՝ «կարծում ենք», մենք թվերով ենք ցույց տալիս: Մենք ասում ենք՝ թվերը, որոնք դուք դրել եք բյուջեի հիմքում, հեղափոխական չեն: 4.9 տոկոս տնտեսական զարգացման աճը չի կարող  հեղափոխական լինել: Իրատեսական, իներցիայի աճ է համարվում 4.6 տոկոսը, 0.3 տոկոս ենք մենք հանձնառություն վերցնում, որը հեղափոխական չէ: Մենք 7 տոկոս տնտեսական աճից հետո դնում ենք 4.9 տոկոս, չեմ կարծում, թե որևէ մեկը կարծում է, որ 4.9-ն ավելի մեծ է, քան 7-ը:  2018-ին բյուջեի հավաքագրումն ավելացել էր 16 տոկոսով, 2019-ին՝ 8 տոկոսով, մենք ասում ենք՝ ինչո՞ւ է նվազել: Վերցնում ենք Վիճակագրական կոմիտեի թվերը, իրենց հրապարակած թվերը, և հարցնում՝ ինչո՞ւ»:

Օրեր առաջ ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Պետական տուրքի մասին օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը: Սա առաջացրեց վարորդների դժգոհությունը, քանի որ, ըստ այս նախագծի՝  2020թ․-ի հունվարի 1-ից ՃՈ կայացրած որոշումները դատարանում բողոքարկելու համար սահմանվելու է պետական տուրք, առաջին ատյանում՝ 4000 դրամ, վերաքննիչում՝ 10.000, վճռաբեկում՝ 20.000 դրամ։  Սերգեյ Բագրատյանը դեմ է քաղաքացիներին լրացուցիչ ֆինանսական բեռով ծանրաբեռնելուն:

«Եթե դուք վստահ եք, որ դուք ճիշտ եք, այդ գումարը, միևնույն է, վերադառնալու է ձեզ, դատարանում եթե հաղթում ես, ծախսերը դրվում են հակառակ կողմի վրա: Մյուս կողմից՝ սա խախտում է քաղաքացու արդարացի դատավճիռ ստանալու իրավունքը: Շատ հաճախ խնդրահարույց են այդ հարցերը, և մենք վստահ չենք, որ ճիշտ ենք: Դատարանը նրա համար է, որ արդարացիությունն ապացուցի, կամ, եթե մենք սխալ ենք, օգնի հասկանալ մեր սխալը»,- ասաց պատգամավորը:

Ըստ Բագրատյանի՝ հասարակության համար ֆինանսական մեկ այլ բեռ է ՍԴ դատավորներին վաղաժամ թոշակի ուղարկելու օրենքի նախագիծը: Ազգային ժողովը դեկտեմբերի 11-ին ամբողջությամբ ընդունեց Սահմանադրական դատարանի դատավորների վաղ կենսաթոշակային համակարգի ներդրման օրինագիծը: Օրենքն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում 7 դատավոր, այդ թվում՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, հրաժարական տալու հնարավորություն ունեն, այդ դեպքում նրանք մինչև իրենց պաշտոնավարման ժամկետի լրանալը կստանան   աշխատավարձի չափով կենսաթոշակ։ Հարկատուները դրա համար ստիպված կլինեն վճարել ավելի քան 600 միլիոն դրամ, չհաշված այն դատավորների աշխատավարձերը, որոնք կփոխարինեն գործողներին։ Սերգեյ Բագրատյանը չի բացառում, որ իշխանությունը ՍԴ-ի հետ կապված խնդիրը լուծելու պահուստային տարբերակ ունի:

«Ես ենթադրում եմ, որ իշխանությունը փորձում է ներկայացնել աշխարհին, որ մենք հնարավորություն ենք տալիս, որ նրանք «պատվաբեր» հեռանան, այլ հարց է, որ դատավորները չեն ընդունում, բայց իրականում սա համոզիչ չէ: Ինչո՞ւ պետք է հարկատուները վճարեն չաշխատելու համար: Իշխանությունները հայտարարում են, որ փետրվարից Սահմանադրությունը փոխելու հանձնաժողով է ստեղծվելու, ենթադրվում է, որ ՍԴ-ին այլ կարգավիճակ կտրվի, կամ այն կվերամիավորվի, մի խոսքով, հարցը լուծում կստանա»:

Տեսանյութեր

Լրահոս