Տեսագրությունների վերծանումից հետո պարզվել է, որ բնակարանային գողությունը կատարել է նախկինում 7 անգամ դատապարտված «Մաուգլի» մականունով մի տղամարդ
Նոյեմբերի 19-ին, ժամը 16.30-ի սահմաններում, ոստիկանության Շենգավիթի բաժնում օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ օրը ցերեկով կոտրել են Կարմիր բլուր փողոցի տներից մեկի պատուհանը և փող գողացել:
Հաղորդումը ստանալուն պես օպերատիվ խումբը դեպքի վայր մեկնեց: Իրավապահներն ուսումնասիրեցին տան տարածքը. ինչ-որ մեկը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել էր խոհանոցի պատուհանն ու ննջարանի պահարանից գումար հափշտակել:
Գաղտնի հափշտակություն կատարած անձին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ հետաքննություն իրականացնող մարմինը լայնածավալ որոնողական աշխատանքներ ձեռնարկեց: Քրեական հետախույզներն օպերատիվ հարցումներ իրականացրին: Ուսումնասիրվեցին հարակից շենքերի և օբյեկտների մոտ տեղադրված տեսախցիկների տեսագրությունները: Տեսահսկող սարքերը ֆիքսել էին, թե դեպքի վայրից ոչ հեռու հանցամիտն ինչպես է իջնում «Մերսեդես» մակնիշի տաքսի մեքենայից, իսկ քայլելիս փորձում է թաքցնել դեմքը:
Տեսագրությունների վերծանումից հետո, ոստիկանության Չարբախի բաժանմունքի ծառայողների հետ համատեղ միջոցառումների արդյունքում, պարզվեց, որ բնակարանային գողությունը կատարել է «Մաուգլի» մականունով 31-ամյա մի տղամարդ, որը ներկա պահին մեկ այլ հանցագործության համար կալանավորված է և պատիժը կրում է Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում:
Հիշեցնենք, որ նախկինում 7 անգամ դատապարտված և այժմ գողության համար քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող 31-ամյա դատապարտյալը նոյեմբերի 18-ին հիվանդանոցից դիմել էր փախուստի և, իրավապահների համատեղ միջոցառումներով բռնվել: Ըստ այս պահին ձեռք բերված փաստական տվյալների, ազատության մեջ լինելով, հենց նոյեմբերի 19-ին էլ կատարել էր վերջին գողությունը:
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Գողության փաստով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: