«Նախկինում հսկակայան աշխատանք է արվել, և որևէ կերպ չեմ կարող նսեմացնել այդ իրականացված աշխատանքը». Գայանե Աբրահամյանը՝ Արմեն Աշոտյանի մասին
Դեկտեմբերի 7-10-ը «Եվրանեսթ» ԽՎ ԱԺ հայկական պատվիրակությունը մասնակցել է «Եվրանեսթի» հերթական նիստին, որտեղ, ըստ պատվիրակության ղեկավար, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանի՝ բավականին արդյունավետ աշխատանքներ են իրականացրել: Նա վստահեցնում է՝ հայկական պատվիրակությունն իր առջև դրված նպատակներից գրեթե կրկնակի արդյունք է ստացել:
««Եվրանեսթում» գործում են քաղաքական, մարդու իրավունքների, ժողովրդավարության, տնտեսական, սոցիալական, էներգետիկայի հարցերով հանձնաժողովներ, որտեղ մենք մեր բանաձևերն էինք առաջադրել՝ Հայաստանի շահն ու մեր հետարքրություններն առավել առաջ մղելու համար: Այս բանաձևերով մենք ներկայացրել էինք 13 առաջարկ, դրանք բոլոր հանձնաժողովներով անցան, կարծում եմ՝ սա մեծ հաջողություն էր»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը՝ ամփոփելով «Եվրանեսթում» հայկական պատվիրակության աշխատանքները, ասաց Գայանե Աբրահամյանը:
Նրա խոսքով՝ մեծ հաջողություն է եղել նաև կասեցնելու Ադրբեջանի հերթական նախաձեռնությունը, որին, սակայն, դժվարությամբ են հասել: Այն վերաբերել է Մեծամորի ատոմակայանի փակմանը: Ադրբեջանի պատվիրակությունը հայտարարել է, որ բոլոր ջանքերը պետք է ներդնեն, որպեսզի հնարավորինս կարճ ժամկետում ատոմակայանի փակման գործընթացներն իրականացնեն:
Սակայն քվեարկությունից առաջ հայկական պատվիրակության ղեկավարը փաստարկել է, թե ինչու պետք է շարունակի գործել Մեծամորի ատոմակայանը՝ ընդգծելով, որ Ադրբեջանի առաջարկը կողմնակալ է:
«Եվրանեսթի» քաղաքական հանձնաժողովում ևս ներկայացրած բոլոր առաջարկները միաձայն ընդունվել են:
«Ադրբեջանի պատվիրակության համար շոկային էր լիագումար նիստի բացման իմ ելույթը, որի հնարավորության մասին մենք րոպեներ առաջ ենք իմացել: Մեր հիմնական ասելիքը շատ արագ ենք գրել, ինչը հնարավոր եղավ հասանելի դարձնել բոլորին, հիմնականում խոսեցի Հայաստան-Եվրամիություն հարաբերություններից»,- շեշտեց Գայանե Աբրահամայանը:
Լրագրողի հարցին, թե այդ ամենի մասին խոսել են նաև նախորդ Ազգային ժողովի պատվիրակության անդամները, օրինակ՝ հակադարձել են ադրբեջանցի պատվիրակներին՝ չեզոքացնել հակահայ բանաձևերը, և այլն, ըստ այդմ, ի՞նչ ժառանգություն են ստացել նախորդ իշխանություններից:
«Որպեսզի հասկանաք, թե ինչպիսի ժառանգություն ենք ստացել, պետք է նախ հասկանաք, թե ինչպիսին էր նախկինում Հայաստանը, որովհետև այն քաղաքական իրավիճակը, որում Հայաստանն էր, բնականաբար, ժառանգությունն առանձնապես մեծ չէր, ընդհակառակը: Այսօր ևս մեկ անգամ ուզում եմ կրկնել, որ բոլորովին նոր լեգիտիմության դիրքերից էինք մեր պահանջը դնում, ինչը ոչ միայն՝ ուժեղացնում էր մեր ասելիքը, այլև՝ պահանջի հնարավորությունը: Բայց նախկին կապերի և իրականացված աշխատանքի մասով մենք գրեթե ժառանագություն չենք ստացել, ոչ թե այն մասով, որ աշխատանք չի արվել, հսկայական աշխատանք է արվել, և որևէ կերպ չեմ կարող նսեմացնել այդ իրականացված աշխատանքը, նախկինում ևս հսկայական աշխատանք է տարվել: Տարբերությունն այն է, որ եվրոպառլամենտը մեծապես փոխվել է, գրեթե 60 տոկոսը հիմա նոր պատգամավորներ են, որոնց հետ զրույց ու աշխատանք պետք է տարվի: Այս առումով ես ուզում էի շեշտադրել, որ այն մեղադրանքները, որ հաճախ ասում են, թե գործուղումները շատ են, իրականում մենք զրոյից աշխատանք են տանում»,- եզրափակեց նա:
Հիշեցնենք, որ նախկինում «Եվրանեսթ» ԽՎ ԱԺ հայկական պատվիրակության ղեկավարն Արմեն Աշոտյանն էր
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում



