Բաժիններ՝

«Ամանորն ընտանեկան տոն է, ինչպես նշում են Ամանորի առաջին օրը, այնպես էլ տարին շարունակվում է». ազգագրագետ  

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը  ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձել է ամանորյա միջոցառումներին՝ նշելով, որ Կառավարությունն այդ միջոցառումների համար տրամադրել է շուրջ 270 մլն դրամ. «Կարևոր է արձանագրել, թե մենք ինչի համար ենք հատկացրել այդ գումարը, քանի որ, կներեք արտահայտությանս համար, խնդիրը բոլորովին ուտել խմելու, ճոխությունների մեջ չէ։ Այս խնդիրը լուծելով՝ մենք պետք է լուծենք շատ կարևոր՝ սոցիալ-հոգեբանական, տնտեսական և գեղագիտական խնդիրներ»։

Ըստ վարչապետի՝ Հանրապետության հրապարակում գործելու են սննդի կետեր, և մարդիկ կարող են ուղղակի իրենց երեխաներին վերցնել ու գնալ Հրապարակ, քանի որ կից այգում վաճառվելու է հոթ-դոգներ, բրդուճներ, և նրանք կարող են ուղղակի մեկ բաժակ գինի վերցնել ու գեղագիտական նոր միջավայրում շրջելով, համերգ լսելով ու թանգարան մտնելով՝ նշել Ամանորը։

168.am-ի հետ զրույցում ազգագրագետ Սվետլանա Պողոսյանն անդրադառնալով Ամանորը  դրսում նշելու վարչապետի կոչին, նկատեց՝ Ամանորը ընտանեկան տոն է, և ավանդաբար այն նշել են ընտանիքներում։

«Եթե խոսում ենք ավանդական շերտից, այսինքն՝ ավանդույթային հասարակությունից,  ապա Ամանորն ընդհանրապես համարվում է ընտանեկան տոն, և ընտանիքի բոլոր անդամներն աշխատում են այդ օրը միասին լինել, նույնիսկ, եթե առանձին են ապրում, հավաքվում են մեծ ընտանիքում և միասին նշում։ Անկեղծ, մտածում եմ, որ հասարակության հիմնական մասն այդ տոնը պետք է նշի տանը՝ ընտանիքի հետ միասին, չնայած նախասիրության հարց է, գուցե փողոցում նշելու տարբերակը նախընտրողներ լինեն»,- նշեց ազգագրագետը։

Ըստ նրա՝ Ամանորի հետ կապված, հնուց եկած՝ պահպանվել է մեկ ավանդույթ, ըստ որի՝ ինչպես նշում են Ամանորի առաջին օրը, այնպես էլ տարին շարունակվում է։ Ուստի տոնը պետք է նշեն ջերմ ընտանեկան միջավայրում, և բոլորովին էլ պարտադիր չէ, որ սեղանները ճոխ ու ծանրաբեռնված լինեն զանազան ուտեստներով, կարևորը՝ լինեն մայրերի պատրաստած կերակրատեսակներն ու աղցանները։

«Իմ Ամանորի սեղանին դնում եմ երկու տեսակի տոլմա, որոնցից մեկը պարտադիր լինում է մսով, զանազան աղցաններ՝ ավելուկով, ընկույզով, լոբիով։ Դրանք քիչ չափաբաժնով եմ պատրաստում, որպեսզի թարմ լինի ու  արագ վերջանա։ Ինքս յուրաքանչյուր տարի Ամանորը դիմավորել եմ տանը, այս տարի ևս բացառություն չի լինելու, ընտանեկան տոնը՝ ընտանիքիս հետ»,- եզրափակեց Սվետլանա Պողոսյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս