Նիկոլի «փրկօղակը»
ՀՀ իրականության մեջ վերջին 30 տարիների ամենաառաջնային հարցը շարունակում է մնալ Արցախի հարցի կարգավորումը․ հենց այս հարցի շուրջ են բանակցել ՀՀ բոլոր ղեկավարները։ ՀՀ-ում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո բավականին մշուշոտ էր այն հարցը, թե Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը, ի վերջո, ինչ բանակցային փաթեթի շուրջ են բանակցում ադրբեջանական կողմի հետ։ Եվ այդ ամենը հանրային դարձավ միայն վերջերս։
Դեկտեմբերի 4-ին Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ԵԱՀԿ նախարարական խորհրդի հանդիպման շրջանակներում ՄԽ համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները՝ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Ֆրանսիայի եվրոպական և արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանը և ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով օգնականի պաշտոնակատար Ֆիլ Ռիքերը, հայտարարություն էին տարածել, որտեղ առկա էին լուրջ ու բավականին հետաքրքիր դրույթներ։ Մասնավորապես, հայտարարության մեջ տեղ էին գտել հետևյալ առանցքային ձևակերպումները․ «Համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները կոչ են անում կողմերին առանց հապաղելու կոնկրետ քայլեր ձեռնարկել, որպեսզի իրականացվեն ավելի վաղ ձեռք բերված համաձայնությունները հումանիտար և անվտանգային միջոցառումների գծով: Գնահատելով Գործող նախագահի Անձնական ներկայացուցչի էական ավանդը հրադադարը պահպանելու հարցում, մենք ընդգծում ենք Անձնական ներկայացուցչի մոնիտորինգային առաքելությունն ընդլայնելու մասին քննարկումների կարիքը, որը կողմերը համաձայնել էին անել 2016 թվականին»:
Մինսկի խմբի համանախագահների համատեղ հայտարարության մեջ ընդգծվում է, որ, ըստ էության, այս փուլում բանացությունների վերսկսման հիմքում դրված է Մադրիդյան փաստաթուղթը, որ ՀՀ գործող իշխանությունները, ինչքան էլ խոսեն և հայտարարեն, թե իրենք բանակցությունները սկսում են իրենց կետից, փաստն այն է, որ նրանք սեղանին տվյալ պահին այլ քննարկվող փաստաթուղթ չունեն։
Ասել է թե՝ Փաշինյանի այն հայտարարությունը, որ ինքն Արցախի բանակցությունում չի շարունակի Սերժ Սարգսյանի բանակցած փաստաթղթի հիմքով, նրա սուտ հայտարարությունների շարքից արված հերթական հայտարարությունն էր։
Մեկ այլ կարևոր բաղադրիչ, համաձայն որի՝ «Հայտարարության հեղինակները վերահաստատում են, որ «արդար և երկարատև կարգավորումը պետք է հիմնված լինի, մասնավորապես, Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների վրա՝ ուժի չկիրառում, տարածքային ամբողջականություն և ժողովուրդների ինքնորոշում ու հավասար իրավունքներ, վերհիշելով 2009 թվականին Աթենքում համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարների և Ադրբեջանի ու ՀՀ արտգործնախարարների համատեղ հայտարարությունը, որը հետագայում հաստատվել էր ԵԱՀԿ նախարարական խորհրդում»: «Այն նաև պետք է ներառի հավելյալ տարրեր, որոնք առաջարկել են համանախագահ երկրների նախագահները 2009-2012 թվականներին»:
Վերը նշվածից կարող ենք եզրակացնել, որ բանակցային կողմերն առաջնային են համարում Հելսինկյան եզրափակիչ ակտի երեք սկզբունքների և 6 տարրերի հանգամանքը, ինչի մասին խոսվել է քանիցս, սակայն այս ամենի մեջ էականն ավելի խորքային է։ Եթե ուշադիր դիտարկում ենք հայտարարության տեքստում առկա ժամանակագրությունը (2009-2012թթ.), ապա ակնհայտ է դառնում, որ այստեղ համանախագահներն ակնարկում են Սերժ Սարգսյանի բանակցած փաստաթուղթը։
Հենց այստեղ հասնում ենք ամենահետաքրքիր կետին։ Ստացվում է, որ շուրջ 10 տարի Մադրիդյան փաստաթուղթը քննադատած Փաշինյանը, ով անընդհատ խոսում էր այդ փաստաթղթի վտանգավորության, իր մեջ ոչինչ չպարունակելու և փակուղի տանելու մասին, այսօր փաստացի բանակցում է այդ սկզբունքների հիման վրա։
Այսինքն՝ ունենք մի այնպիսի իրավիճակ, երբ ներքին լսարանի կամ «պողոսների» համար նա հայտարարում է մի բան, սակայն միջազգային ադեկվատ հանրության առաջ՝ տրամագծորեն հակառակը։
Ըստ էության այստեղ մենք բախվում ենք լրիվ այլ ռեալ իրականության բետոնե պատին, քանի որ միանգամից մի ամբողջ հարցերի ու փաստարկների համակցություն է հրապարակ գալիս։ Ինչպես հիշում ենք, դեռևս 2018-ի օգոստոսի 17-ին Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում հայտարարել էր, թե «ինքը հող հանձնող չէ, հող հանձնողն իրենք են (նախորդները), որ բացի հող հանձնելուց՝ ուրիշ ոչ մի բանի մասին չեն բանակցել»։
Իսկ ավելի ուշ՝ սեպտեմբերի 12-ին, ԱԺ հարցուպատասխանի ժամանակ նախկին պատգամավոր Արմեն Աշոտյանի այն հարցապնդմանը, թե այդ ո՞ր փաստաթուղթն է, որի շուրջ ընթացել է «հող հանձնելու» բանակցությունը, Փաշինյանը մինչ օրս ոչ մի արձագանք չի տվել։
Ամփոփելով՝ կարող ենք հստակ արձանագրել, որ այսօր Արցախի հարցով գործող իշխանությունների սեղանին դրված է Մադրիդյան բանաձևը, և կողմերը ներկա պահին պետք է իրենց մոտեցումներն ու տեսլականը կառուցեն հենց այդ փաստաթղթով սահմանած կետերին համապատասխան։
Արմեն Հովասափյան