«Շատ շուտով միջազգային դատարանը կստանա մեր հայցը». «Սանիթեք» ընկերության ղեկավար Նիկոլաս Էլ Թավիլ
«Սանիթեք» ընկերության տնօրինությունն այսօր հայտարարություն էր տարածել, որով մասնավորապես տեղեկացնում էր, որ իր նկատմամբ՝ որպես օտարերկրյա ներդրողի, կիրառվել է օտարում (expropriation):
«Թույլ տվեք տեղեկացնել նաև, որ նոյեմբերին լրացել է ընկերության կողմից նախաարբիտրաժային գործընթացի շրջանակում ՀՀ կառավարությանն հասցեագրված արբիտրաժային վեճի մասին ծանուցմանն արձագանքելու ժամկետը»,- ասված էր հայտարարության մեջ:
«Սանիթեք»-ի մամուլի խոսնակ Քնար Առաքելյանը 168.am-ին մասնավորապես տեղեկացրեց, որ ո՛չ կառավարությունը, ո՛չ Երևանի քաղաքապետարանը չեն արձագանքել ընկերության՝ բանակցային ճանապարհով առկա ներդրումային վեճը լուծելու ծանուցմանը.
«Ժամկետը լրանալուց հետո (նոյեմբերն էր վերջնաժամկետը) այժմ ընկերությունը սկսել է նախապատրաստել փաստաթղթերը՝ հայցը միջազգային արբիտրաժային դատարան ներկայացնելու համար»:
Մամուլի խոսնակին հիշեցրինք, որ ամիսներ առաջ քաղաքապետ Հայկ Մարությանը հավաստիացրել էր, որ արբիտրաժի հետ կապված ոչ մի մտավախություն չունեն.
«Եթե «Սանիթեք» ընկերությունը, այնուամենայնիվ, որոշի դիմել արբիտրաժային դատարան, մենք պատրաստ ենք դրան»:
Մեր հիշեցմանը Ք. Առաքելյանն արձագանքեց, որ «Սանիթեք» ընկերությունը նույնպես պատրաստ է. «Ունի բավարար քանակությամբ ապացույցներ և փաստեր, որոնք հավաստում են այն, որ ընկերության հանդեպ որպես օտարերկրյա ներդրողի, կիրառվել է օտարում (expropriation)»:
168.am-ը նաև ընկերության ղեկավար Նիկոլաս Էլ Թավիլին խնդրեց մեկնաբանել ընկերության շուրջ ստեղծված իրավիճակը:
Նիկոլաս Էլ Թավիլն ասաց. ««Սանիթեք» ընկերությունն այս օրերին ամբողջովին զբաղված է հայցը միջազգային արբիտրաժային դատարան ներկայացնելու աշխատանքներով: Սա հաջորդ քայլն է trigger letter-ից հետո (այն ծանուցման, որ ուղարկվել էր ՀՀ կառավարությանն ու քաղաքապետարանին): Ընկերության իրավաբանական թիմը պարբերաբար ճամփորդում է և հանդիպումներ է ունենում (ի դեպ, իրավաբանները ներգրավված են ինչպես ՀՀ-ից, այնպես էլ միջազգային ընկերություններից, ովքեր ամերիկյան-անգլիական իրավաբանական կազմակերպության միջազգային արբիտրաժի լավագույն մասնագետներն են): Շատ շուտով միջազգային դատարանը կստանա մեր հայցը»: