
Հայկ Մարությանը՝ «Սանիթեքի»՝ արբիտրաժ դիմելու մասին

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ «Սանիթեք» ընկերության՝ արբիտրաժային դատարան դիմելու մասին հայտարարությանը:
168.am-ի հարցին՝ արդյո՞ք Հայաստանի վարկանիշի վրա չի ազդի այն, որ «Սանիթեք» ընկերությունը դիմում է միջազգային արբիտրաժային դատարան՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Սանիթեքը» խոշոր ներդրող է, պատասխանեց.
«Ընդհանրապես չի հարվածի ՀՀ վարկանիշին, որովհետև խոշոր ներդնողը չի նշանակում, որ լավ ներդնող է և լավ աշխատանք է կատարել: Մենք պատրաստ ենք այդ ամբողջ պրոցեսին: Մենք ունենք բոլոր ապացույցները, որ «Սանիթեքը» պատշաճ որակով չի կատարել իր աշխատանքը: Ասեմ ավելին, այս պահին հարուցված են բազմաթիվ քրեական գործեր՝ կապված «Սանիթեք» ընկերության հետ, կապված նախ՝ պետության հանդեպ պարտավորությունների հետ:
Ինչպես մի քանի օր առաջ մամուլից տեղեկացա, շատ ընկերություններ կան, որոնց հետ կապված պարտավորություններ ունի և գումարները չի տվել, և մեծ մտահոգություն կա, թե ինչպես է ընդհանրապես «Սանիթեքը» հայտնվել հայաստանյան շուկայում»,- ասաց Հայկ Մարությանը՝ հավելելով, որ փաթեթ են ուղարկել ՀՀ դատախազություն՝ պարզելու՝ արդյո՞ք ընկերության մուտքը ՀՀ շուկա եղել է ճիշտ, և արդյո՞ք օրենքի խախտումներ չեն եղել:
Զարուհի Դիլանյան