«Էս ի՞նչ դուխով եք 750.000 դոլար տալիս ամանորյա ծախսերին». Թեհմինա Վարդանյան
Երևանի ավագանին այսօրվա նիստում քննարկում է 2018 թվականի դեկտեմբերի 25-ի «Երևան քաղաքի 2019 թվականի բյուջեի մասին» N 47-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու հարցը: Մասնավորապես առաջարկվում է. եկամուտների գումարը ավելացնել 271,797.1 հազար դրամով,
2) ծախսերի գումարն ավելացնել 271,797.1 հազար դրամով և այն ուղղել Ամանոր 2020 թ. միջոցառումների շրջանակներում Երևանում իրականացվող միջոցառումների կազմակերպման և անցկացման ծառայությունների համար գեղարվեստական մասի ապահովման, ձայնային, լուսային LED էկրանների վարձակալության և սպասարկման, ժամանակակից կոնստրուկցիաներով վերգետնյա անցումի պատրաստման, ձևավորման աշխատանքների, դեկորացիաների պատրաստման համար:
«Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը ելույթում նշեց.
«Աննախադեպ Ամանոր ենք ունենալու, որովհետև վերջին տարիների ընթացքում ամանորյա ծախսերը չեն գերազանցել 40-50 միլիոնը, իսկ այս նախագծով պետությունն ու քաղաքապետարանը տրամադրում են շուրջ 750.000 դոլար գումար: Նախորդ տարվա ամանորյա տոնածառը, որ ձեռք բերեցինք, եթե չեմ սխալվում՝ 75.000 դոլարով, բազմաթիվ շրջանակներում, մասնավորապես՝ հասարակության, քննարկվեց այդ հարցը: Հիմա ուզում եմ հասկանալ՝ էս ի՞նչ դուխով եք այսքան գումար տալիս ամանորյա ծախսերին, երբ ունենք բազմաթիվ չլուծված խնդիրներ: Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանն ասում է՝ վերգետնյա անցում ենք պատրաստելու, որն արժենալու է մոտ 44 միլիոն դրամ։ Սա մենք ինչո՞ւ ենք անում: Ի դեպ, 5-ամյա զարգացման ծրագրից նույնիսկ հանել եք վերգետնյա անցումների կառուցումը, ինչը որոշ փողոցներում խիստ անհրաժեշտ է: Երևի թե հանել եք գումար չունենալու համար: Ունենք փլվող շենքեր: Օրինակ՝ Արզումանյան 10-ը: Շենքը փլվում է մարդկանց վրա, իսկ մենք 320 քանի միլիոն տալիս ենք, որ Նոր տարվա միջոցառումներ անե՞նք: Սա արդեն իսկապես ամենաթողություն է: Մենք ուզում ենք, որ Նոր տարին Երևանում անցնի չքնաղ, գեղեցիկ և ճոխ, բայց 750.000 դոլա՞ր: Էլի ժպիտով շարունակելու ենք նայել քաղաքացիների աչքերի՞ն: Մյուս տարի սա տասնապատկվելո՞ւ է»:
Հիշեցնենք, որ ըստ քաղաքապետարանի՝ հրապարակում տեղադրվելու է վերգետնյա անցում՝ կամրջակներով, որոնք միացնելու են հրապարակի եզրային «ափերը» կենտրոնական օղակի և այնտեղ տեղադրված գլխավոր տոնածառի հետ:
Շարունակելով գործընկերոջ խոսքը՝ «Լույս» խմբակցության մեկ այլ անդամ՝ Դավիթ Խաժակյանը, ասաց.
«Կառավարության կողմից տրվող այս գումարը նման է այն ընտանիքներին, ովքեր ընթացիկ կենցաղային խնդիրներ են ունենում, բայց վարկ, ապառիկ են վերցնում, որ Նոր տարվա բուդը ապահովեն: Այսինքն՝ այն կարևոր պահին, երբ պետք է միջոց ներգրավենք, քաղաքային կոմունալ գույք գնենք, գնում ենք, մասնավորներից ենք դա պահանջում, բայց այս դեպքում կարող ենք Նոր տարին սեփական միջոցներով անել»:
Դավիթ Խաժակյանի խոսքով՝ հարցի էությունը կայանում է նրանում, որ կառավարչական ձախողումը քողարկելու համար իրականացվեց այդ գործարքը և շարունակում է իրականացվել: Նա նկատի ունի մասնավոր ընկերությունների՝ Երևանին նվիրաբերված աղբահավաք մեքենաների հարցը:
«Ես առանձնացրել եմ «Թրանսփարենսի ինթերնեյշնլի»՝ ամերիկյան կայքում զետեղված ձևակերպումը, թե ի՞նչ է կոռուպցիան: Ընդհանրացված սահմանումը կլինի՝ վստահված իշխանության չարաշահումը՝ օգուտի համար: Կոռուպցիան կարող է լինել առանձնապես խոշոր, փոքր և քաղաքական՝ կախված ծախսված գումարի չափից և ազդեցության ոլորտից: Քաղաքական կոռուպցիան դա քաղաքական որոշում ընդունողի կողմից քաղաքականության, ինստիտուտների ռեսուրսների հատկացման և ֆինանսավորման կանոնների մանիպուլյացիան է:
Իսկ այստեղ ակնհայտ է, մենք գործ ունենք ռեսուրսների հետ, որն իրականացվել է՝ պահանջել մասնավորից գույք տրամադրել քաղաքապետարանին՝ քաղաքապետարանի կողմից որոշակի թույլտվությունների դիմաց, որն օրենքի շրջանակներից դուրս է: Քաղաքական որոշում ընդունողը չարաշահում է իր ունեցած դիրքը՝ սեփական կարգավիճակն ու իշխանությունը պահպանելու նպատակով: Մենք խոսում ենք մի խնդրի մասին, որն ահագնացող էր քաղաքային իշխանության համար, մեծ հնչեղություն ուներ, և այդ ձախողումը շտկելու համար ներգրավել են մասնավոր միջոցներ: Սա նշանակում է, որ ցանկացած հաջորդ նախաձեռնություն, որ անում է քաղաքապետարանը, կարող է գտնել մի հարուստ մասնավորի, կապ չունի՝ երբեմնի օլիգա՞րխ, թե՞ պարկեշտ տնտեսվարող, և նրան ասել՝ եթե Քաղաքապետարանից ուզում ես թույլտվություն ստանալ, բեր այսինչ նյութական ծառայությունը մատուցիր, և կստանաս այդ թույլտվությունը: կարծում ենք, որ սա քաղաքական կոռուպցիա է»,- նշեց Խաժակյանը: