Գևորգ Կոստանյանը որպես մեղադրյալ է ներգրավվել 5 հոդվածով
Հայաստանի նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը Մարտի 1-ի գործով որպես մեղադրյալ է ներգրավվել 5 հոդվածով: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան այս մասին հայտնեցին ՀՔԾ մամուլի ծառայությունից:
«Կոստանյանը որպես մեղադրյալ է ներգրավվել պաշտոնեական կեղծիք կատարելու (Քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով), պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն դրդելու ( 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով), պաշտոնեական կեղծիք կատարելուն դրդելու (38-314-րդ հոդվածի 1-ին մասով), ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունը պարտակելուն դրդելու (38-334-րդ հոդվածի 1-ին մասով), ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների վերաբերյալ գործերով ապացույցների կեղծմանը դրդելու (38-349-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով) հոդվածներով»,- ասացին ՀՔԾ մամուլի ծառայությունից:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը դեկտեմբերի 4-ին բավարարել էր Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը` Հայաստանի նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին կալանավորելու վերաբերյալ:
Պաշտպանը նշել է, որ դատարանի որոշումը բողոքարկելու են Վերաքննիչ դատարանում: