ՀՅԴ երիտթևը չի հանձնվում. ի՞նչ է սպասվում Արայիկ Հարությունյանին

ՀՅԴ ՀԵՄ վարչության անդամ Քրիստինե Վարդանյանն ու Գոռ Սարգսյանն այսօր 168TV«Ռեվյու» հաղորդման ժամանակ անդրադարձան ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջին, նախարարությունում կազմակերպված քննարկմանը, ՀՅԴ երիտթևի ակցիայի ժամանակ ոստիկանության գործողություններին և հստակեցրին՝ ինչ են պատրաստվում անել առաջիկայում:

Նախ Քրիստինե Վարդանյանից հետաքրքրվեցինք, թե ԿԳՄՍՆ-ում այսօր կազմակերպված հանդիպմանն ինչո՞ւ չլսեց իր իսկ հարցերի պատասխանները, եթե չէր սպասելու նախարարի պատասխաններին, ի՞նչ իմաստ ուներ հարցեր տալը:

«Չցանկանալով շեղել հանդիպման օրակարգը և բարձրաձայնելով նախագծի հետ կապված մեր հարցերը՝ փորձեցինք մեր ասելիքը տեղ հասցնել: Իսկ երեկվանից հետո մենք արդեն հայտարարել ենք, որ Արայիկ Հարությունյանն այլևս նախարար չէ՝ առնվազն ՀՀ մի քանի հարյուր քաղաքացու համար: Մենք չենք պատրաստվում լսել Արայիկ Հարությունյանի պատասխանները: Իրենք կարող են համարել, որ մեր պայքարի տրամաբանությունը փոխվել է, և այլևս որպես նախարար՝ ինքը չի ընդունվում: Իսկ պատասխաններն էլ, իրականում, լսել ենք, քանի որ ուղիղ հեռարձակվում էր այդ ամենը, և դրանք ոչ այլ ինչ էին, քան նախորդ անբովանդակ պատասխանների կրկնություն, ինչը կանխատեսելի էր: Բացի բովանդակային հարցեր տալուց՝ նախարարին թողել ենք նամակ և ժետոն: Նամակում իր հրաժարականի տեքստն է»,- ի պատասխան՝ ասաց Քրիստինե Վարդանյանը:

Ինչ վերաբերում է երեկ ԿԳՄՍ շենքի մուտքի դիմաց կազմակերպված ակցիային և ոստիկանության գործողություններին, Գոռ Սարգսյանն ասաց, որ փորձ է արվում իրականությունը շեղել և ուրիշ բան մատուցել հանրությանը. «Երեկ մենք հստակ պահանջով գնացել էինք նախարարության դիմաց, և հանդիպումը բնավ նրա հրաժարականի շուրջ չէր, չէինք քննարկելու, թե նա ինչպես պետք է հրաժարական տա: Մենք 6 կետ էինք առանձնացրել, որոնք մեզ համար խնդրահարույց էին, և ուզում էինք Արայիկ Հարությունյանի հետ քննարկել և հասկանալ, թե նա ինչ դիրքորոշում ունի այդ կետերի շուրջ: Մեզ մեղադրում էին, որ կառուցողական չենք, որ միայն խոսում ենք նրա հրաժարականից, և մենք երեկ փորձեցինք մի պահ հրաժարականի պահանջը դնել մի կողմ, եկանք իրենց ասած՝ կառուցողական դաշտ»:

Ճշտեցինք՝ նախարարի հետ հանդիպման պայմանավորվածություն կա՞ր: Ի պատասխան՝ Գոռ Սարգսյանն ասաց, թե նախնական պայմանավորվածությունն այն էր, որ Արայիկ Հարությունյանը բազմիցս հայտարարել է՝ պատրաստ է գիշեր-ցերեկ բոլոր հարցերի շուրջ բոլոր կողմերի հետ քննարկումներ ունենալ: Քրիստինե Վարդանյանն էլ նկատեց. «Թե ինչու իր թիմի առաջնորդը կարող է գալ՝ ցուցարարներին լսել, ինքը չի կարող, պետք է պատասխանի Արայիկ Հարությունյանը»:

Նա նշեց, որ իրենց պայքարը կուսակցական չէ և այդպիսին երբեք չի եղել. «Բայց ինքը քաղաքական պաշտոն է զբաղեցնում, գործիքակազմը, որով մեր խնդիրները պետք է լուծվեն, քաղաքական են, և այստեղ է, որ կեղծ օրակարգ է»:

Հարցին՝ եթե Արայիկ Հարությունյանը հրաժարական տա, իրենց բարձրացրած հարցերը լուծվելո՞ւ են, Քրիստինե Վարդանյանը պատասխանեց. «Դա մեսիջ է լինելու հաջորդ մարդուն, ով գալու է այս պաշտոնին, որ առանց այս հարցերը լուծելու՝ ինքն էլ երկար ժամանակ չի կարող պաշտոնավարել»:

Գոռ Սարգսյանն էլ հավելեց. «Մեզ համար պարզ է, որ Արայիկ Հարությունյանից հետո հաջորդ նախարարը կրկին իրենց թիմից է լինելու, մենք թեկնածու չունենք»:

Դիտարկմանը՝ Նիկոլ Փաշինյանը հստակ հայտարարեց, որ Հայաստանում կրթական քաղաքականություն կառավարությունն է իրականացնում, ոչ թե Արայիկ Հարությունյանը, Գոռ Սարգսյանն այսպես արձագանքեց. «Արայիկ Հարությունյանը թող հայտարարի, որ ինքն անզոր է, ինքը չի կարող ուրիշ ձև անել, մենք արդեն կհասկանանք՝ ինչ անել: Ոլորտի պատասխանատուն Արայիկ Հարությունյանն է: Իսկ Նիկոլ Փաշինյանի պատասխանը մեզ համար պարզ էր՝ իր թիմակիցն է, պետք է պաշտպաներ՝ անգամ սեփական ռեյտինգի հաշվին: Արայիկ Հարությունյանն ամեն վայրկյան մսխում է Նիկոլ Փաշինյանի քաղաքական կապիտալը»:

Ինչ վերաբերում է իրենց հետագա անելիքներին՝ Գոռ Սարգսյանը հետևյալն ասաց. «Արայիկ Հարությունյանը թող մեզ սպասի իր բոլոր մամուլի ասուլիսներին, ակցիաներ ենք անելու, հասկացնելու ենք նրան, որ նա այլևս նախարար չէ, մոտ 22 երկրներում նրան դիմավորելու են այնպես, ինչպես դիմավորեցին Բրյուսելում և Փարիզում: Այսինքն՝ բոլոր հնարավոր և անհնարին, բայց օրինական ձևերով մենք Արայիկ Հարությունյանին ասելու ենք, որ նա այս երկրում իր վարած քաղաքականությամբ իրավունք չունի աշխատելու ԿԳՄՍ նախարար»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս