«Մեկուսարանում ամեն ինչ շատ լավ էր, ճոխ, պատրաստ ենք հետ գալու». Արա Վարդանյան

«Հայաստան համահայկական հիմնադրամի» նախկին գործադիր տնօրեն Արա Վարդանյանը քիչ առաջ դուրս եկավ Ազգային անվտանգության ծառայության մեկուսարանից: Վարդանյանի նկատմամբ որպես խափանման միջոց ավելի վաղ կիրառվել էր կալանավորումը, ինչն էլ այսօր դատարանի որոշմամբ փոխարինվել էր գրավով:

Մեկուսարանից դուրս գալուց հետո Վարդանյանն ասաց, թե մեկուսարանում ամեն ինչ շատ լավ էր, ճոխ, որ պատրաստ է վերադառնալ:

Արա Վարդանյանը վերահաստատել է իր տեսակետը, թե իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում, ու ասաց, որ մեղադրանքն իր հետ  որևէ առնչություն չունի:

«Ունեմ համոզմունք, որ ամենասկզբում կար հիմնադրամը փակելու նպատակ, հետո նպատակներն ինչ-ինչ պատճառներով փոխվեցին: Բայց այն, որ կալանավորվեցի զուտ նրա համար, որ խստիվ դեմ եմ այն քաղաքականությանը, որ այսօր տեղի է ունենում, և համոզված եմ, որ դա էր կալանավորելու պատճառը»,- լրագրողի հետ զրույցում ասել էր Վարդանյանը:

Հիշեցնենք, որ Արա Վարդանյանը մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասով՝  յուրացում կատարելու հատկանիշներով:

Ավելի վաղ 168.amհայտնել էր, որ Վարդանյանի փաստաբանները կարծում են, որ իրականում մեղադրանք առաջադրելու համար պատրվակ է հանդիսացել հիմնադրամի ենթակա ձեռնարկություններից մեկի արտադրանքը հասցեատերերին չմատակարարելու հանգամանքը, ինչի հետ Արա Վարդանյանն առնչություն ունենալ չէր կարող։

Փաստաբանները տեսակետ էին հայտնել, որ նման մեղադրանքի առկայությունը, ինչպես նաև այն, որ 1 տարի  3 ամիս ընտրված խափանման միջոց գրավի որևէ պայման չխախտած անձի նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառվել կալանավորումը, ակնհայտ են դարձնում, որ այս ամենի պատճառն Արա Վարդանյանի հասարակական-քաղաքական հրապարակային գործունեությունն է։

Գործը դեռ գտնվում է նախաքննության փուլում:

Տեսանյութեր

Լրահոս