Սերգեյ Մեղրյանը՝ որակյալ դատական իշխանություն ունենալու մասին

Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախկին անդամ, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի Քաղաքացիական դատավարության ամբիոնի նախկին վարիչ, դասախոս Սերգեյ Մեղրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Բարեվարքությամբ աչքի ընկնող, իրոք անկախ, հանրության առջև հաշվետու և որակյալ դատական իշխանություն ունենալու համար

ԱՆՀՐԱԺԵՇՏ ԵՆ ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ

Դատական օրենսգրքում փոփոխությունների փաթեթով առաջարկվող բարեվարքության ստուգման գործիքակազմի ներդրմանը զուգահեռ «անհետաձգելի ռեժիմով» հարկ է ապահովել՝

– ԼՐՋԱԳՈՒՅՆ ԹՎԱՅՆԱՑՈՒՄ դատարանների և դատական գործերի կառավարման, դատավարական գործընթացների, դատական գործավարության, փաստաթղթաշրջանառության, տվյալների մշակման և արխիվացման ոլորտներում: Համամիտ եմ Խորհրդի անդամ Հայկ Հովհաննիսյանի հետ, որ ժամանակակից տեխնոլոգիաների առկայության պայմաններում նախորդ երկու դարերին բնորոշ այլևս անարդյունավետ, ժամանակատար և ծախսատար մեթոդներից հարկավոր է ի սպառ հրաժարվել՝ հատկապես հաշվի առնելով այդ նպատակով ընդամեն մի 20 «Կամազի» չափով ներդրում անելու անհրաժեշտությունը:

– ԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՄԵՆՕՐՅԱ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՈՒՄ: Այս հարցում էլ համամիտ եմ խորհրդի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի հետ. առանց նման համակարգի չի կարող լինել արդյունավետ կորպորատիվ և հանրային վերասկողություն ու հաշվետվողականություն: Ու՞մ է ձեռնտու դատական իշխանության «անտեսանելիությունը»…

– ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՌԱՆՑՔԱՅԻՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄՇԱԿՈՒՄ ԵՎ ԸՆԴՈՒՆՈՒՄ: Օր առաջ պետք է ընդունվեն՝
ա. Դատավորների գործունեության պերմանենտ գնահատման կարգը,
բ. Դատավորի աշխատանքային ծանրաբեռնվածության չափորոշիչները և այն հաշվարկելու կարգը,
գ. Գործերի քննության միջին տևողության ուղենիշային ժամկետները՝ ըստ գործերի առանձին տեսակների և բարդության,
դ. Դատավորների միջև գործերի հավասարաչափ բաշխման չափանիշները՝ ըստ գործերի առանձին տեսակների և բարդության,
ե. Դատարանների գործավարության նոր կանոնները (ներառյալ՝ դատարան էլեկտրոնայաին և այլ եղանակներով փաստաթղթերի հանձնման կարգը):

Թեև նշված ակտերի ընդունումը ԲԴԽ լիազորությունների շրջանակում է, այն գրեթե անիրագործելի է առանց նախորդ երկու կետերում նշված գործիքակազմի, առանց օրենսդիր և գործադիր իշխանության ակտիվ օժանդակության, քանի որ արդյունավետ մեխանիզմներ ունենալու համար անհրաժեշտ են թիրախավորված ներդրումներ և լրջագույն գործնական աջակցություն (ակնկալվում էր, որ Խորհրդի թարմացված կազմը կստանա նման աջակցություն, սակայն Պետբյուջեի նախագիծը և դատաիրավական բարեփոխումների կապակցությամբ ծավալվող ներկայիս քննարկումները, ցավոք, այլ բանի մասին են վկայում):

– ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ՕԳՆԱԿԱՆՆԵՐԻ ԹՎԻ ԶԳԱԼԻ ԱՎԵԼԱՑՈՒՄ բոլոր ատյաններում: Ժողովու՛րդ, դատավորի ծանրաբեռնվածությունն ԱՆՄԱՐԴԿԱՅԻՆ է, այն բացառում է արագ, որակյալ և դատական սխալներից զերծ արդարադատությունը, ինչպես նաև հարակից պարտականությունների (գործավարություն, վերապատրաստում և այլն) պատշաճ կատարումը: Այստեղ են ասել. «Ի՞նչ ենք տվել և ի՞նչ ենք պահանջում… »:

– ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ՕԳՆԱԿԱՆՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԽՈՐՔԱՅԻՆ ՎԵՐԱՆԱՅՈՒՄ: Առանց դրա կոռուպցիան դատական համակարգում լայն իմաստով չի վերանալու. կփոխվեն միայն դրա դրսևորումները…

– ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆՅՈՒԹԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԵՎ ՇԵՆՔԵՐԻ ԸՆԹԱՑԻԿ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱՌՈՒՑԱԿԱՐԳԵՐԻ ԱՐՄԱՏԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄ: Ի՞նչ ակնկալել այն դատարանից, որի նախագահն ու դատավորները տարրական գրասենյակային և այլ ներդատարանական խնդիրները հաճախ ստիպված են լուծելու «իրենց հաշվին», քանի որ պետական գնումների համակարգի «դանդաղաշարժությունը» բացառում է նման հարցերի օպերատիվ լուծումը: Դիցուկ մեկ վառ օրինակ՝ արդեն երկրորդ ձմեռն է, ինչ չի լուծվում Բարձրագույն դատական խորհրդի շենքի ջեռուցման հարցը:

Շարունակելի…»:

 

Տեսանյութեր

Լրահոս