«Թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում հասարակություններն ուզում են խաղաղություն». Կարեն Հովհաննիսյան

«Սա նորություն չէ մեզ համար, որ Ադրբեջանը մերթընդմերթ կարող է սահմանին որոշակի լարվածություն մտցնել՝ ելնելով իր երկրի ներքաղաքական կյանքից: Սա ոչ առաջին դեպքն է, ոչ էլ եզակի է: Ըստ ամենայնի, սա կապված է վերջին օրերին Ադրբեջանի ներքին քաղաքական իրավիճակների հետ»,- 168 TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց տարածաշրջանային հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությանը, որով դատապարտվում է Ադրբեջանի կողմից զինադադարի խախտումը, որի հետևանքով ծանր վիրավորում է ստացել Արցախի ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Ռաֆայել Վաղարշակի Ազիզյանը:

«Դիպուկահարի կրակի հետևանքով տեղի ունեցած այս միջադեպին չի նախորդել իրավիճակի որևէ լարում, ինչն ի ցույց է դնում, որ ադրբեջանական կողմից առկա է հրադադարը խախտելու միտումնավոր փորձ»,- ասված է ՀՀ ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Հետաքրքրվեցինք, թե արդյո՞ք Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններին է հղում անում ԱԳՆ-ն, երբ նշում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո անցկացվելիք հերթական նախարարական հանդիպմանն ընդառաջ տեղի ունեցած այս միջադեպն ավելի է ընդգծում հրադադարի ամրապնդման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման առաջնահերթությունը, այդ թվում՝ համապատասխան մեխանիզմների ներդրման միջոցով:

«Ըստ երևույթին, հայտարարության տեքստից հենց այդպես է հասկացվում, որ ինչ եղել է նախկինում, դա հիմք ընդունելով՝ շարժվում ենք առաջ: Հայտարարությունից կարելի է եզրակացնել, որ այդ պայմանավորվածություններն օրակարգում են»,- ի պատասխան՝ ասաց փորձագետը:

Ինչ վերաբերում է Ադրբեջանում տիրող իրավիճակին, Կարեն Հովհաննիսյանն ասաց, որ Ադրբեջանի ներքին քաղաքական կյանքում այդ իրավիճակը սպասելի էր.

«Դեռևս 1-2 ամիս առաջ էր ընդգծվում, թե ինչպիսի քաղաքական ճանապարհ է սպասվում Ադրբեջանին: Ընդ որում՝ Ադրբեջանի ընդդիմությունը նույնպես տեղեկացված է եղել այս ամենին, քանի որ դեռևս մեկ ամիս առաջ Ադրբեջանի ընդդիմությունը միասնական հավաք կազմակերպեց, և քննարկման ժամանակ փորձում էին գտնել այն ուղիները, որոնք կտանեն թե՛ ընդդիմության համագործակցությանը և միասնական ճակատով հանդես գալուն, և թե՛ իշխանությունը վերացնելուն: Այդ ժամանակ, կարծես թե, սա աբսուրդ էր, բայց ըստ երևույթին, ընդդիմությունն արդեն տեղյակ էր, թե ինչ է տեղի ունենում իշխանական կուլիսներում»:

Ըստ նրա՝ Ալիևը ոչ միայն տիկնոջն է փորձում իշխանության բերել, այլև մուսուլմանական աշխարհում չընդունված կնոջ իշխանության ձևաչափն է փորձում ներդնել.

«Երեկ մարդու իրավունքների հանձնակատար են ընտրել կնոջ, և սա մեսիջ  է եվրոպական կամ ժամանակակից աշխարհին, որ մուսուլմանական երկրներում նույնպես կինը կարող է դառնալ ղեկավար, կառավարող ուժ»:

Փորձագետն ընդգծեց, որ Ադրբեջանում ցանկացած քաղաքական ուժի իշխանության գալուց հետո որևէ առանցքային փոփոխություն չպետք է ակնկալել Արցախի հարցում. «Նրանք կարծես թե ունեն միասնական մոտեցում արցախյան հիմնահարցում, և գոնե այս հարցում համակարծիք են, որ Արցախը և ազատագրված տարածքները պետք է լինեն միայն ու միայն Ադրբեջանի կազմում»:

Կարեն Հովհաննիսյանը չգիտի, թե բանակցային սեղանին հիմա ինչ փաստաթուղթ է դրված. «Այս շրջանում բացառապես հայտարարություններով ենք հանդես գալու, որովհետև ես չեմ ակնկալում որևէ լուրջ բանակցային գործընթաց, քանի որ Ադրբեջանում սպասվում են ՏԻՄ և խորհրդարանական ընտրություններ, իսկ մինչ այդ Ալիևը հաստատ չի գնա ոչ մի տեսակի բանակցային պրոցեսների: Իսկ ընտրություններից հետո Փաշաևներն են գալու իշխանության. տեսնենք՝ ինչ կլինի»:

Նրա խոսքով՝ թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում հասարակություններն ուզում են խաղաղություն. «Սակայն, ի տարբերություն երկու հասարակությունների և հայաստանյան իշխանությունների, ադրբեջանական իշխանությունը չի ձգտում խաղաղության, այլ ձգտում է ռազմատենչ հայտարարություններով մնալ իշխանության և իր սեփական հասարակությանը հրամցնել, որ՝ այ, տեսեք, մենք գտնվում ենք ռազմական վիճակում, պատրաստվում ենք ազատագրել Լեռնային Ղարաբաղը և դրա համար այսքան հատկացումներ ենք անում, և այլն»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս