Բաժիններ՝

Ինչ գիտեն ժողովրդագիրները մեր կանանց մասին

Տիկնայք փափկասուն 16-օրյա արշավ են սկսել: «Մեղավորը բռնարարն է» անունով ակցիա են անցկացնում: Նպատակը կանանց դեմ բռնությունների մասին հանրությանն իրազեկելն է: Բռնությունների դեպքերին զուգահեռ՝ բոլորիս իրազեկեցին, որ Երևանի քաղաքապետարանը պատշաճ վերաբերմունք չի ցուցաբերում արշավին: Իսկ այ, ՀՀ Վիճակագրական կոմիտեն ակցիա-արշավին համահունչ՝ ճիշտ պահին հրապարակեց «Հայաստանի կանայք և տղամարդիկ 2018» վիճակագրական գրքույկը:

Դեռ տարիներ առաջ մեր վիճակագիրները միանալով եվրոպական ստանդարտներին` պարտավորվել են, որ վիճակագրության մեջ կանայք և տղամարդիկ պետք է տեսանելի լինեն: Սա հավանաբար նշանակում է, որ հնարավոր բոլոր տվյալներում վիճակագրությունը պետք է մասնավորեցվի` ըստ սեռերի: Պարտավորվել են ու բարեխղճորեն կատարում են: 2018թ. կանայք կազմում են մեր երկրի բնակչության 52.7 տոկոսը: Այս ընդհանուր թիվը հրապարակելուց հետո գրքույկում նշվում է, որ գյուղական համայնքներում 100 կնոջ հաշվարկով ապրում է 96 տղամարդ, իսկ քաղաքային համայնքներում` 86:

100 կնոջ հաշվով՝ տղամարդ բնակչի ամենամեծ քանակությունն ունի Գեղարքունիքի մարզը` 95, ապա Սյունիքի մարզը` 94: 100 կնոջ հաշվարկով՝ ամենաքիչ տղամարդ բնակիչ ապրում է Լոռու մարզում` 84 (մայրաքաղաքի ցուցանիշն 86 է): Կանանց ու տղամարդկանց մասին մեր վիճակագիրները շատ բան գիտեն: Օրինակ, որ առաջին անգամ հայաստանցի տղամարդիկ ամուսնանում են 30.1 տարեկանում, իսկ կանայք` 26.8: Համեմատության համար ասենք, որ 1998թ. այլ թվեր էին` 26.6 և 22.4 տարեկան՝ համապատասխանաբար: Գիտեն, որ մինչև 2014թ. գյուղական համայնքներում ապրող կանայք քաղաքաբնակներից ավելի շատ էին երեխա ունենում: 2014-ից հետո պատկերը փոխվել է. հիմա քաղաքային համայնքներում ապրող կանայք են ավելի շատ երեխա ունենում:

Ըստ վիճակագրության՝ կանանց կյանքի միջին տևողությունը 79.2 տարի է, տղամարդկանցը` 72.5: Ընդ որում, քաղաքային համայնքներում կյանքի միջին տևողությունը շատ ավելի փոքր է: Վիճակագիրները մեր մասին մի վատ փաստ էլ գիտեն: Կենսաբանորեն ձևավորված նորմալ միջակայքը ծնված յուրաքանչյուր աղջկա դիմաց՝ 1.04-1.06 տղա երեխան է:

Մեր երկրում այս համամասնությունն անցած դարի 90-ական թվականներից հետո խախտվել է: 2012թ. ցուցանիշը 1.15 էր: Հետո թվաց՝ իրավիճակը շտկվում է: Այսինքն՝ սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների քանակը նվազում է: Սակայն 2018-ի ցուցանիշը 2017-ի համեմատ բարձր էր: Ասենք, որ կենսաբանորեն ձևավորված ծնունդների քանակի ամենամեծ փոփոխություն արձանագրվել է Գեղարքունիքի մարզում` 1.23: Ժողովրդագիրները նշում են, որ երրորդ երեխայի դեպքում այդ ցուցանիշը սարսափելի բարձր է` 1.30: Ըստ նրանց՝ 1000 կնոջ հաշվարկով 2000թ. հղիության արհեստական ընդհատումների քանակը 10.9 էր: Այս թիվն աճում էր մինչև 2015թ. (14.4): Ապա երկու տարի նվազելուց հետո 2018-ին հղիության արհեստական ընդհատումների քանակն ավելացել է`14.1:

Ըստ վիճակագրական տվյալների՝ կանայք կազմում են մեր երկրի թոշակառուների 39 տոկոսը: Սակայն կենսաթոշակները տարբեր են: Տղամարդկանց միջին կենսաթոշակը կազմում է 42.5 հազար դրամ, իսկ կանանցը` 39.158 հազար: Բայց թե այս «անհամամասնության» առկայության, թե այլ բազմաթիվ այլ տվյալներով՝ մենք շատ ավելի առաջ ենք եվրոպական շատ երկրներից: Օրինակ, բարձրագույն կրթության վիճակագրական տվյալներով: Այստեղ սեռային խտրականություն գտնելը դժվար է: Նույնիսկ գիտական վիճակագրությունն ապացուցում է, որ սեռային խտրականություն չկա: 2008թ. գիտությունների թեկնածուների մեջ կանայք կազմում էին 38.5 տոկոսը: Տասը տարվա ընթացքում նրանց տեսակարար կշիռն աճել է՝ կազմելով 48.3 տոկոս:

Այսքան դրական թվերից հետո կարելի է անցնել իրավախախտումների ոլորտին: Հայաստանում 2018-ին հանցագործություն կատարող անձանց մեջ կանայք ընդամենը 12 տոկոս են: 1450 կին՝ 10893 տղամարդու «դիմաց»: Անցած տարի դատապարտվել է 137 կին (դա դատապարտվածների ընդհանուր թվի 7 տոկոսն է): Աշխատանքի շուկայի ցուցանիշներում ևս հետաքրքիր տվյալներ կարելի է գտնել: Նախ՝ գործազրկության մասին: Գործազուրկ է աշխատունակ տղամարդկանց 21 տոկոսը, իսկ կանանց՝ 20.1: Այս ոլորտում սեռային խտրականության հետք կարծես չկա:

Աշխատող տղամարդկանց 20 տոկոսն է զբաղված պետական համակարգում, իսկ կանանց՝ 34 տոկոսը: Սակայն կա մեկ ընդհանուր բացասական տվյալ: Կանանց միջին աշխատավարձը կազմում է տղամարդկանց միջին աշխատավարձի 64.7 տոկոսը: Միջին աշխատավարձի սեռային խզվածքի այս ցուցանիշը ձևավորվում է նաև պետության կողմից: Որովհետև պետական աշխատանք ունեցող կանանց աշխատավարձը պետական համակարգում աշխատող տղամարդկանց միջին աշխատավարձի 67.4 տոկոսն է:

Այնպես որ, 16-օրյա ակցիայի ընթացքում միայն հասարակությանը չէ, որ պետք է իրազեկել, որ «Մեղավորը բռնարարն է», այլև պետական չինովնիկներին: Իրազեկել՝ սեռային տարբերություն չդնելով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս