«Մենք մշակութային պատերազմի մեջ ենք. թշնամին լվացել է մեր երեխաների ուղեղները». Արթուր Շահնազարյան

Կոմպոզիտոր, կոմիտասագետ Արթուր Շահնազարյանը 168 TV«Ռեվյու» հաղորդման ժամանակ ասաց, որ Կոմիտասի 150-ամյակին նվիրված միջոցառումները հիմնականում կապված էին ինքնաթիռների, հյուրանոցների, ման գալու, ուտել-խմելու հետ. «Իրենց վրա էին ձևել, այնինչ բոլորը պետք է ժողովրդի մեջ քարոզեին, փոխեին, որ մեր ժողովուրդը վերադառնար մեր արմատներին: Այն, ինչ այսօր կատարվում է մեր ժողովրդի հետ, այնքան սարսափելի է՝ ձայնային առումով, ԿԳՄՍՆ-ն ինչ էլ որ անի, դրա մոտ հասարակ բան է: Այսօր մեր ժողովուրդն ամենուրեք լսում է արևելյան կլկլոցներ, ցածր հաճախականությամբ խայտառակ բարձր ռիթմեր, որոնք շարժում են երեխայի ուղեղը, որովհետև պատուհանները շարժվում են այդ ձայներից, ռեստորաններում նույնիսկ սեղաններն են շարժվում: Եվ արդեն այդ ձայնային տեռորը կազմակերպողները հասել են հաջողության, որովհետև մարդուն ասում եմ՝ հիմա երեխայիդ ձեռքը բռնիր, տես՝ ուղեղը դողում է, քաղցկեղ կարող է առաջանալ, ինքը կենդանու հայացքով նայում է աչքերիս: Դա ցույց է տալիս, որ այս ձայնային տեռորն իր ազդեցությունը գործել է, սա զենք է, ինչպես ատոմային զենքը, ոչնչացնելու համար մարդկանց ուղեղները»:

Մշակույթի նախարարությունը, ըստ նրա՝ պետք է կապ ունենար ժողովրդի հետ. «Ամեն ինչ կա, բացի ժողովուրդը: Շուտով ավարտվում են Կոմիտասի 150-ամյակին նվիրված միջոցառումները, դուք ինչ-որ բան զգացի՞ք: Չէ՞ որ Կոմիտաս ասելով՝ մենք միայն երաժշտությունը չենք հասկանում: Սա մեր ինքնությանն է վերաբերում, մեր տեսակին, մեր բարոյականությանը, մեր ուժին: Չերևաց Կոմիտասը: Գնացեք գյուղեր կամ ժողովրդին հարցրեք՝ իրենք որևէ բան զգացե՞լ են: Այդ բոլոր միջոցառումները կապ ունեն ինչ-որ անձերի հետ»:

Կոմիտասի 150-ամյակի լավագույն նվերը, ըստ նրա՝ այն կլիներ, որ ֆլեշմոբ հայտարարվեր, և յուրաքանչյուրը Կոմիտասից 5 երգ սովորեր. «Դպրոցական ծրագրերն աբսուրդ են: Ըստ դրանց՝ երեխան պետք է իմանա դասական երաժշտություն, նոտաներ, Կոմիտասից շատ երգեր, բազմաձայնություն և այլն: Սա ո՞ւմ է պետք, երբ նա դպրոցն ավարտում է և 2 երգ չգիտի: Ինչքան էլ անցնեն, դա չի կիրառվում, գոնե երգ սովորեցնեն»:

Կոմպոզիտորի խոսքով՝ Հայաստանում մշակութային հեղափոխություն չի եղել. «Պետք է մշակութային հեղափոխություն արվի: Մշակույթի նախարարությունում ստեղծվել է հանձնաժողով, որն ինչ ընդունեց՝ ընդունեց: Դրսից հանձնաժողով է ստեղծվել, այսպես կոչված՝ մտավորականներից՝ թշվառականներից: Մեր մտավորականների մի ստվար մաս թշվառական է, որը մեդալի համար հերթի է կանգնած և սպասում է՝ ինչ նոր կոչում կա, որ ստանա, ուրիշ ոչինչ չի հետաքրքրում: Հիմա այս հանձնաժողովը որոշում է՝ առանց նայելու, թե ով է հայտը տվել, որովհետև այդպիսի կարգ է սահմանված՝ իբր թե գաղտնիության համար: Բայց հիմա տեսան, որ սա փորձանք է, և հիմա փոխում են: Այսինքն՝ էլ այդպես չի լինելու, որ հանձնաժողովը որոշի, և վերջ: Պետք է կանչեն նախագիծը ներկայացնողին, հարցեր տան և ասեն՝ ապացուցիր, որ կարող ես այնպես անել, ինչպես գրել ես ծրագրում: Բայց կան բաներ, որ բացահայտ են, պետք է արվեն՝ անկախ նրանից, թե ով ինչ հայտ կներկայացնի: Դրանցից մեկը դեպի ժողովուրդ գնալն է, «Սասունցի Դավիթ» էպոսն է, որ իմ «Ակունք» խումբն ուզում էր իրականացնել, բայց հայտնի էլ չէ՝ այդ թղթերը մերժվե՞լ են, թե՞ ինչ: 6 ամիս առաջ դիմել ենք, պարզվում է՝ հանձնաժողովը չի էլ նայել: Պետք է մշակութային ծրագրերն առնչվեն բոլորի հետ՝ մանկապարտեզներից, դպրոցներից սկսած»:

Կարդացեք նաև

Արթուր Շահնազարյանն ընդգծեց՝ Մշակույթի նախարարությունը պետք է լինի ռազմական նախարարության նման մի բան. «Սա մի ուժ է, որ կարող է ժողովրդին վերափոխել և կարող է հակառակն անել: Մենք ունենք ֆիզիկական հայրենիք և հոգևոր, մշակութային հայրենիք, եթե քո հոգևոր հայրենիքը հանձնես, ֆիզիկական հայրենիքդ կհանձնես: Եթե մեր ֆիզիկական հայրենիքի սահմանները պաշտպանում են մեր զինվորները, ապա մեր մշակութային սահմաններից թշնամին վաղուց է ներխուժել, գրավել է տարածքներ, լվացել մեր երեխաների ուղեղները, և այսօր մեր ժողովուրդը հայտնվել է ամենացածրակարգ մշակութային վիճակում»:

Նա ասաց, որ մշակույթի փոխնախարար Արա Խզմալյանն իրեն ասել է, թե առողջապահության նախարարի հետ պետք է քննարկեն և տեսնեն, թե այս ձայնային տեռորի դեմ ինչ քայլեր կարելի է իրականացնել. «Երաժշտական ելևէջն իմաստ ունի. այս ելևէջը կարող է ասել՝ սատկիր դու, ուղղակի, ուղեղդ անջատիր, դարձիր ապուշ ու լսիր սա: Այդպիսի ելևէջների տակ են մեր երեխաներն անընդհատ, և սա ներխուժել է մանկապարտեզ: Արդեն ասացի՝ ԿԳՄՍՆ-ն ռազմական նախարարության նման պետք է լինի. ինչպե՞ս են պատերազմի ժամանակ հավաքվում, մտածում՝ ինչ անել, հիմա նույնն այստեղ պետք է արվի»:

Կոմպոզիտորն ընդգծեց՝ մենք մշակութային պատերազմի մեջ ենք. «Եթե այս մակարդակի ազգ պետք է լինենք, ապա չարժե լինել: Արա Խզմալյանն ինձ առաջարկել է նաև ծրագրեր ներկայացնել՝ ինչ ենք առաջարկում, որ կիրառեն, և ժողովրդի կյանքում ինչ-որ բան փոխվի: Հիմա Տիգրան Հեքեքյանի հետ եմ պայմանավորվել, որ կսկսենք, հետո ուրիշ մարդկանց էլ կներգրավենք: Ի դեպ, Տիգրան Հեքեքյանը կրթել է հազարավոր երեխաների, որոնք մեր ժողովրդի դեմքն են, բայց նա չկա այդ պետական ծրագրերում: Անուշադրության է մատնված: ՀՓԵ-ի շենքն էլ փլուզված մնացել է, երգչախումբը պարապելու տեղ չունի: Մեծ դիրիժոր Զավեն Վարդանյանը տանը պարապ-սարապ նստած է: Էդ, որ խմբեր կան, դրանք ղեկավարների անձնական դուքյաններն են: Մեզ մոտ չկա այդպիսի բան, որ այդ խմբերը պետական են՝ սկսած ֆիլհարմոնիայից, սիմֆոնիկից… Դրանք ղեկավարների սեփական խմբերն են: Նախարարությունն է մեղավոր, պետք է ասի՝ սա քոնը չէ, սա պետական խումբ է, քո ուզելով չէ՝ դու հայ երաժշտություն, հայ կոմպոզիտորներին կկատարե՞ս, թե՞ չես կատարի, դու պարտավոր ես կատարել»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

 

Տեսանյութեր

Լրահոս