
Հրդեհվել է Նորաբակի միջնակարգ դպրոցի տանիքը

Նոյեմբերի 27-ի լուսադեմին Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի Նորաբակ գյուղի միջնակարգ դպրոցի շենքում բռնկված հրդեհի պատճառով այրվել է դպրոցի տանիքը՝ մոտ 400 քմ մակերեսով: Իրավիճակին տեղում ծանոթանալու նպատակով Նորաբակի միջնակարգ դպրոց այցելեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:
Ինչպես «Արմենպրես»-ին ներկայացրեց դպրոցի տնօրեն Ժիրայր Մկրտչյանը, հրդեհի մասին ահազանգը ստացվել է 3:30-ի սահմաններում, որից հետո Գեղարքունիքի մարզի փրկարար ծառայության հրշեջները ձեռնարկել են համապատասխան միջոցառումներ՝ մարելով հրդեհը: Կրակը չի տարածվել դպրոցի դասասենյակներում:
«Բարեբախտաբար, հրդեհը չի հանգեցրել դժբախտ դեպքերի, սակայն այս պահին դպրոցական պարապմունքների կազմակերպման համար դժվարին իրավիճակ է ստեղծվել: Դպրոցի տանիքի վերականգնման համար ոչ միայն որոշակի միջոցներ են հարկավոր, այլ նաև որոշակի ժամանակ՝ կապված մի շարք ընթացակարգերի հետ: Այդ իսկ պատճառով մենք կփորձենք գտնել տնտեսված միջոցներ և ամենասեղմ ժամկետներում կարգավորել խնդիրը, կմտածենք նաև դասասենյակների հատակի նորոգման մասին»,- նշեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։
Նորաբակի միջնակարգ դպրոցի տանիքում բռնկված հրդեհի պատճառները ճշտվում են:
Խոսրով Խլղաթյան