Բաժիններ՝

«Ես մեկնիչը չեմ տարբեր քաղաքական գործիչների, ուսանողների, դասախոսների արած արտահայտությունների». Գեղամ Գևորգյան

«Համոզելու խնդիր առհասարակ չկա»,- ի պատասխան լրագրողների հարցի՝ ասել է ԵՊՀ ռեկտորի ժ/պ Գեղամ Գևորգյանը՝ մեկնաբանելով դասախոսներին ուղղված նախարար Արայիկ Հարությունյանի հորդորը՝ գնալ և համոզել ֆակուլտետների դեկաններին, որ Հայոց լեզու, Հայ գրականություն, Հայոց պատմություն առարկաները պարտադիր են:

Հիշեցնենք, որ ԿԳՄՍ նախարարն այսպիսի կոչ էր արել դասախոսների հետ հանդիպման ժամանակ:

«Ես չեմ լսել, և ես մեկնիչը չեմ տարբեր քաղաքական գործիչների, ուսանողների, դասախոսների արած արտահայտությունների, իրենք ինչ ասել՝ ասել են, ես ինչ ասել եմ՝ իմ ասածի տերն եմ»,- ասաց Գեղամ Գևորգյանը:

ԵՊՀ ռեկտորի ժ/պ-ն կարճ զրույց ունեցավ ուսանողների հետ և համաձայնեց հանդիպել ու պատասխանել նրանց հուզող հարցերին: Ժամկետների մասին կպայմանավորվեն վաղը:

Ինչ վերաբերում է հայագիտական առարկաները ոչ մասնագիտական ֆակուլտետներում կամընտրական դարձնելու նախագծին, ռեկտորի ժ/պ-ն ասաց.

«Կրթական ծրագրերը կկազմվեն, և շատ ծրագրերում կներառվեն հայագիտական առարկաները: Թե ո՞ր ծրագրերում կներառվեն, դա կորոշեն ծրագրերն իրականացնողները»:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս