Ինչո՞ւ է գաղտնի պահվում՝ ո՞վ, ի՞նչ ու ինչքա՞ն է տալիս քաղաքապետարանին
«Խոսակցություններ են պտտվում, որ կառուցապատողներից շինթույլտվության համար Դուք և քաղաքապետի առաջին տեղակալ Հայկ Սարգսյանը պահանջում կամ թուղթ եք ստորագրել տալիս, կամ բանավոր խոստում եք վերցնում, որ բնակելի շենքի շինթույլտվության համար կառուցապատողը բնակարանների 5 տոկոսի չափով պետք է տա համայնքին: Նման բան կա՞»,- Երևանի ավագանու նիստի ժամանակ հարցրեց «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը՝ խոսքն ուղղելով քաղաքապետ Հայկ Մարությանին:
«Մարդիկ քաղաքին նվերներ են տալիս՝ որպես կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն: Շինթույլտվություններն իրենց հունով գնում է, ինչ-որ մարդկանց գործունեությունը՝ նույնպես: Շատ մարդիկ խնդրել են, որ ես իրենց անունները չտամ. ասել են՝ հո ռեկլամ չե՞նք անում մեզ»,- պատասխանեց Հայկ Մարությանը:
«Այն ժամանակ էլ, նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի օրոք, տեսնում էինք, թե Երևան հիմնադրամ ով ինչքան մուտքեր է արել, սա չենք տեսնում»,- հակադարձեց ավագանու անդամը:
Հայկ Մարությանն էլ շեշտեց՝ «Պատվիրել են պատվոգրեր, տալու են մարդկանց, և դա լուսաբանվելու է»:
Ավագանու անդամն էլ, թե՝ «մի կերպ հարցի տակից դուրս եք գալիս…»:
«Ինչի՞ համար պիտի տակից դուրս գամ»,- նկատեց քաղաքապետը: