«Դիակիզման երևույթն անխուսափելի է». Սամվել Խուդոյան

2020-ին ՀՀ-ում կբացվի երկու դիակիզարան: Երեկ ԱԺ նիստում տեղեկացրել է «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի տնօրեն Արման Իսկանդարյանը՝ նշելով, որ ներդրողներն ուսումնասիրել են հարցը և եկել այն եզրակացության, որ Հայաստանում կա նման պահանջարկ: Հոգեբան Սամվել Խուդոյանն էլ  պնդում է, որ  գործընթացը վաղ թե ուշ պետք է սկսվեր:

«Մեզ մոտ քրիստոնեական տեսանկյունից դա ընդունելի չէ, բայց ինչ-որ ժամանակ անց դա սկսվելու էր, զուտ տարածքի համար: Կարող էր 50 տարի հետո սկսվել, բայց սկսվելու էր, ամբողջ աշխարհում կա: Հնդկաստանում, օրինակ՝ մտածում են, որ դիակիզմամբ մարդու հոգին ազատվում է մարմնից և կարող է վերածնվել այլ մարմնում»,- ասաց հոգեբանը:

Չնայած երևույթի անխուսափելիությանը՝ Սամվել Խուդոյանը պնդում է, որ մարդկանց դիակիզումը մարդկությանը կզրկի «վերակենդանանալու» հնարավորությունից:

«Շատ հնարավոր է, որ 50-100 տարի հետո մարդու ոսկորից հնարավոր լինի տվյալ մարդուն վերակենդանացնել, վերցնել ԴՆԹ-ն ու վերականգնել մարդուն, նույն մարդը չի լինի, իհարկե, բայց գոնե կունենա նույն կենսաբանական տեսքը, այսօր էլ են անում, բայց թույլատրված չէ»:

Ըստ «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի տնօրեն Արման Իսկանդարյանի տվյալների՝ միայն Երևանում տարեկան 1.8 հեկտար տարածք է հատկացվում գերեզմանոցներին, իսկ պաշտոնապես բոլոր 21 գերեզմանոցների ընդհանուր մակերեսը 530 հեկտար է:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս