«Ես երբեք ինձ թույլ չեմ տա, որ հասարակության հետ «խնչելու» լեքսիկոնով խոսող ինչ-որ մեկին պատասխանեմ». Ռուսլան Բաղդասարյանը՝ Հակոբ Կարապետյանին
Այսօր Երևանի Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանն իր ֆեյսբուքյան էջում ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանին խնդրել էր ճշտել, թե արդյո՞ք ճիշտ են այն լուրերը, որ «Դավթաշենում՝ Եղվարդի խճուղու վրա իրականացվող շինարարության կառուցապատողը 1 մլն դոլարի (10 հատ) Կամազ է նվիրել Երևանին՝ շինթույլտվություն ստանալու համար»։
Սույն հարցադրման կապակցությամբ Երևանի քաղաքապետի մամլո խոսնակ Հակոբ Կարապետյանն ասել էր, որ Tert.am-ի հետ զրույցում ասել էր, որ քանի որ Ռուսլան Բաղդասարյանը համայնքային գույքի հափշտակման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, համայնքին վնաս հասցնելու գործով որպես մեղադրյալ է ներգրավված, ապա նրա հայտարարությունները կամ մտքերը որպես պաշտպանվելու միջոց է ընդունում:
«Իսկ ընդհանրապես քաղաքապետարանը որևէ մեկին որևէ բանի դիմաց շինթույլտվություն չի տալիս: Քաղաքապետարանը շինթույլտվություն տալիս է բացառապես այն դեպքերում, երբ այդ շինթույլտվության օրենսդրական նորմատիվային հիմքերը և քաղաքի զարգացման նպատակահարմարությունն առկա են»,- նշել էր Հակոբ Կարապետյանը:
Բացի այդ, ըստ նրա, գաղտնիք չէ, որ քաղաքապետարանը կառուցապատողներից և ընդհանրապես Երևան քաղաքում տնտեսական գործունեություն ծավալող մի շարք սուբյեկտներից, անհատներից, կազմակերպություններից ընդունում է աջակցություն:
168.am-ը Դավիթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանին խնդրեց մեկնաբանել խոսնակի հայտարարությունները:
«Ես երբեք ինձ թույլ չեմ տա, որ հասարակության հետ «խնչելու» լեքսիկոնով խոսող ինչ-որ մեկին պատասխանեմ: Ինքը շատ մեծ վիրավորանք էր հասցրել մեր քաղաքացիներին: Ես այդ անձնավորության ասածները չեմ մեկնաբանի»,- ասաց Ռուսլան Բաղդասարյանը:
Ինչ վերաբերում է իր գրառմանը, նախկին թաղապետն ասաց, որ, եթե իրենք նորմալ են համարում ցանկացած կառուցապատողի կողմից տրվող աջակցությունը, ապա այդ դեպքում ինչո՞ւ չեն հրապարակում, ինչո՞ւ է մինչև հիմա գաղտնի պահվում, թե ովքեր ու ինչ են նվիրաբերում, և ինքն ընդամենը Դավիթ Խաժակյանին խնդրել է մի հարց էլ իր կողմից տալ այն մասին, թե կա՞ արդյոք կառուցապատող, որն իր կողմից շինթույլտվություն ստանալու համար նվիրել է 10 «Կամազ» ավտոմեքենա:
«Իսկ որ ասում են շինթույլտվության համար չի տրվել, ժամանակագրորեն կարող են, չէ՞, տեսնել: Եթե այդ մարդը հիմա է նվիրատվություն կատարում ու հիմա էլ կառուցապատում է իրականացնում, ուրեմն դրա համար է նվիրել: Իհարկե, շինարարություն իրականացնողն էլ է հերքելու՝ վախենալով հետագա բարդություններից: Բայց մենք չէ՞ որ տարրական տրամաբանություն ունենք»,- ասաց Ռուսլան Բաղդասարյանը՝ ևս մեկ անգամ հասարակության ուշադրությունը հրավիրելով այն բանի վրա, որ խոսքը մեկ միլիոն դոլարի նվիրատվության մասին է, ինչն աննախադեպ է:
Ի դեպ, 168.am-ի տեղեկություններով՝ խոսքը 3.5 հա հողատարածքի վրա կառուցվող բազմաբնակարան շենքերի մասին է:
Ինչ վերաբերում է Երևանի քաղաքապետի խոսնակի այն հայտարարությանը, որ Ռուսլան Բաղդասարյանը որպես մեղադրյալ է ներգրավված համայնքային գույքի հափշտակման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, համայնքին վնաս հասցնելու գործով, Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավարն ասաց, որ, իհարկե, սպասելի էր, որ իր վրա քրեական գործ կհարուցեն ու իրեն որպես մեղադրյալ կներգրավեն:
«Բա Երևանի քաղաքապետ եմ քննադատում: Ինչի՞ պիտի չհարուցեին որ: Ոչինչ, քննությունն ամեն ինչ կպարզի: Ես վստահ եմ, որ արդարացվելու եմ»,- ասաց Ռուսլան Բաղդասարյանը:
Մեր այն հարցին, թե ինչո՞ւ է նոր քաղաքային իշխանություններին միայն ինքը քննադատում, ինչո՞ւ վարչական շրջանների նախկին ղեկավարներն էլ չեն խոսում այն հարցերի շուրջ, որոնք ինքը բարձրաձայնում է, Ռուսլան Բաղդասարյանը նկատեց, որ հարցի հասցեատերն ինքը չէ, և այդ հարցը պետք է նրանց ուղղենք:
Գոհար Սավզյան