Լիբանանի բանակը վերահսկում է Բեյրութի իրադրությունը շիաների եւ սուննիների ընդհարումից հետո
Լիբանանի բանակի եւ ժանդարմերիայի ստորաբաժանումները նոյեմբերի 26-ին վերահսկողության տակ են վերցրել իրադրությունը Բեյրութի արեւմտյան թաղամասերում սուննիների «Ալ Մուսթաքբալ» կազմակերպության կողմնակիցների եւ շիաների «Ամալ» կազմակերպության ակտիվիստների միջեւ ծայր առած բախումներից հետո:
Ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ն իրադարձությունների վայրից, լիբանանցի զինծառայողները եւ ժանդարմները շրջափակել են Քոլա ուղանցույցի մերձակա շրջանները, որոնք հակամարտության էպիկենտրոն էին դարձել։
Ավելի վաղ լիբանանցի զինծառայողները եւ ժանդարմները ժամանակին կասեցրել են ընդհարումները, որոնք սկսվել էին Բեյրութի հարավի սուննիների Քասքաս թաղամասի մատույցներում եւ Թարիք Էլ Ջեդիդ թաղամասում:
Al Hadath արաբական հեռուստաալիքի տեղեկատվությամբ՝ Լիբանանի արհմիությունները պաշտպանել են մոտ օրերս ընդհանուր գործադուլ անցկացնելու ցուցարարների կոչերը: Բողոքի համազգային ակցիան, որը կընդգրկի պետական հատվածը եւ մասնավոր ընկերություններ, կսկսվի նոյեմբերի 28-ին Բեյրութում եւ կտեւի երեք օր, հաղորդել է ՏԱՍՍ-ը: