
Չինաստանում կինը տասը կողոսկր է ջարդել հազի նոպայի պատճառով

Չինուհին տասը կողոսկր է ջարդել հազի սաստիկ նոպայից հետո: Այդ մասին հայտնել է Daily Mail-ը: Նշվում է, որ միջադեպից ոչ շատ առաջ բժիշկները կնոջ մոտ ասթմա էին ախտորոշել: Մի օր գիշերը նա արթնացել է կրծքի սաստիկ ցավից:
Բժիշկները ռենտգեն են արել եւ հայտնաբերել, որ նրա մոտ տասը կողոսկր է ջարդված: Ինչպես պարզվել է, դրա մեղավորը արեւայրուկի դեմ նախատեսված միջոցն էր: Կինը երազում էր գունատ մաշկ ունենալ եւ շատ ժամանակ էր անցկացնում տանը՝ արեւի տակ չհայտնվելու համար:
Բացի դրանից, նա մշտապես օգտվում էր քսուքից, որն արգելափակում էր ուլտրամանուշակագույն ճառագայթումը: Դա հանգեցրել է օրգանիզմում վիտամին D-ի պակասության, ինչի պատճառով ոսկորները շատ փխրուն են դարձել: Բժիշկները նշել են, որ դա նման առաջին միջադեպն է իրենց պրակտիկայում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: