Ժամանակը կառավարում են մարդիկ

Ժամանակին բրիտանական քաղաքական գործիչ Բենջամին Դիզրաելին ասել է. «Մենք խոսքով ենք կարողանում մարդկանց կառավարել»: Քաղաքական գործիչները կարող են խոսքով ներկայանալի լինել լայն զանգվածներին և դրանով իսկ աստիճանաբար կերտել իրենց կերպարը, կամ էլ հանդես գալ իբրև բառերի վաճառականներ կամ, այլ կերպ ասած` պոպուլիստներ։ Ապացուցված է այն թեզը, որ հռետորական մշակմամբ առաջնորդները կարող են տպավորել մարդկանց, ազդել նրանց վրա, համոզել իրենց հետևել: Նրանք պետք է կարողանան տպավորիչ կերպով ներկայացնել իրենց ծրագրերն ու նպատակները, որոնք պետք է ցանկալի լինեն նաև լսողների համար, և վստահեցնել նրանց, որ հույսը կարող են իրենց հետ կապել` իրադրության մեջ ճիշտ ուղղություն ընտրելու հարցում:

Փաստորեն նրանք պետք է լավ հռետորներ լինեն, որը ներառում է նաև համոզելու պարտադիր արվեստ: Անցնող շաբաթվա և, ընդհանրապես, վերջին օրերին հանրային դիսկուրսում տեղի ունեցող, թիվ մեկ քննարկվող թեման շարունակում է մնալ Սերժ Սարգսյանի՝ ԵԺԿ-ում ունեցած ելույթը, որը նա հնչեցրեց Զագրեբից, և ինչի վերաբերյալ օրեր շարունակ չեն դադարում մեկնաբանություննրը։

Այն, որ ելույթը թիրախային էր և «խփել» էր ուղիղ նշանակետին, վկայում է այն փաստը, որ 3 րոպե 20 վայրկյան տևած ելույթը քննարկվում է արդեն ժամեր ու օրեր շարունակ և բազմաթիվ վերլուծականների առիթ է հանդիսացել։

Նշենք, որ Սարգսյանի ելույթը տարբեր քաղաքական շրջանակների հստակ քաղաքական քննադատության կիզակետում է։ Այսինքն՝ իշխանությունների տարբեր ներկայացուցիչների ու իշխանամետ լրատվականների կողմից անընդհատ շրջանառվող այն թեզը, որ «այն ոչինչ չասող ելույթ էր», կամ «այնտեղ ոչ մի մեկնաբանելու բան չկա», ևս մեկ անգամ ակնհայտ է դարձնում, որ այն փաստացի դարձել է ՀՀ քաղաքական օրակարգի առանցքային բաղկացուցիչ։

Իշխանական քննադատության հիմնական թեզերից է նաև այն, որ «Սարգսյանն ինտրիգ է ստեղծում», թե նա «կարևոր ասելիք» ունի։ Շրջանառվում է նաև այն պնդումը, թե իբր Զագրեբի ելույթը, թերևս, «չի արդարացրել հանրապետականների սպասելիքները՝ այն առումով, որ հասարակությունը, մեծ իմաստով, անտարբեր արձագանքեց ՀՀԿ առաջնորդի լակոնիկ խոսքին»։

Իշխանությունների կողմից շահարկվող թեման, թե դա ժողովրդին խոստացված զրույցն էր, որը Սարգսյանը հնչեցրեց միջազգային հարթակից, հերթական մանիպուլյացիան է, քանի որ, ինչպես օրերս գրեց մամուլը՝ տեղեկություններ կան, որ Զագրեբի ելույթը նախատեսված էր եվրոպական պաշտոնական շրջանակների համար, թեպետ իր մեջ ներառում էր նաև ներքին լսարանին հետաքրքրող որոշակի բաղադրիչներ, իսկ հանրության հետ զրույցը, որը խոստացել է Սերժ Սարգսյանը, նոր է լինելու. այսինքն, հիմնական ելույթն ու ասելիքը դեռ առջևում են: Ելույթի հետ կապված՝ նշենք, որ այն ոչ բոլոր արտաքին խաղացողների հավանությանն ու դրական վերաբերմունքին է արժանացել, և ակնհայտ է, որ որոշ արտաքին քաղաքական բևեռներ՝ իրենց քաղաքական արբանյակներով, փորձում են այս կամ այն կերպ հերթական անգամ թիրախ դարձնել Սարգսյանին, և, ինչո՞ւ ոչ, ՀՀԿ-ին՝ ստվերելով Սերժ Սարգսյանի ելույթը։

Այն փաստը, որ զագրեբյան ելույթը դարձավ իշխանությունների ողջ քարոզչամեքենայի տոտալ հարձակման և, հնարավոր բոլոր մեխանիզմներով, քննադատության առարկա, դա կանխատեսելի ու սպասելի էր, որոնց գումարվեցին և թիրախավորման գործընթացին իրենց առանձնակի ակտիվությունը ցուցաբերեցին որոշ միավորումներ և նորաստեղծ ընդդիմադիր ուժեր, որոնք ունեն որոշակի աշխարհաքաղաքական ասոցիացիաներ և ֆինանսավորվում են հայտնի ուժերի կողմից, փորձում են ՀՀԿ-ի ու Սարգսյանի դեմ նոր հարվածային «ճակատ» բացել․ սա, ի դեպ՝ ի սկզբանե ակնհայտորեն ձախողված գաղափար է, ինչը ևս մեկ անգամ վկայում է, որ Զագրեբի ելույթը ոչ միայն քաղաքական մեսիջներ էր պարունակում, այլև՝ հստակ գեոպոլիտիկ ուղերձներ ուներ։

Արթուր Գալստյան

ՀԳ Ըստ ֆրանսիացի տեսաբան Միշել Ֆուկոյի՝ իշխանության հիման վրա է, որ կայանում է առաջնորդությունը։

Տեսանյութեր

Լրահոս