«Ի՞նչ սատանիստ, ի՞նչ եք խոսում». Թաղման բյուրոյի տնօրենը՝ դիակիզարաններ բացելու շուրջ ստեղծված աղմուկի մասին
«Մեկ ռուսական և մեկ արտասահմանյան ներդրողներ հետաքրքրված են Երևանում դիակիզարաններ բացելու ծրագրերով»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Բնակչության հատուկ սպասարակում» ՀՈԱԿ-ի տնօրեն Արման Իսկանդարյանը:
«Մարդը պետք է ունենա ընտրության հնարավորություն: Նույն տրամաբանությամբ կարող ենք ասել՝ մենք քրիստոնյա ազգ ենք, եկե՛ք փակենք Գառնու տաճարը, եկե՛ք փակենք մզկիթները: Ես անձամբ իմ հարազատին չեմ կարող դիակիզել, բայց մի՞թե դա ինձ հնարավորություն է տալիս մարդկանց զրկել ընտրության հնարավորությունից: Մենք ե՞րբ պետք է սովորենք հարգել այլակարծությունը: Ինչո՞ւ ենք միշտ մտածում, որ ամենաճիշտն ենք: Բա որ ամենաճիշտն ենք, ինչո՞ւ աշխարհի ամենահզոր երկրներից մեկը չենք: Նայում եմ՝ սոցիալական ցանցերում կարծիքներ են գրում, թե բա՝ սատանիստներ: Ի՞նչ սատանիստ, ի՞նչ եք խոսում: Ինչո՞ւ չպետք է մարդն ընտրության հնարավորություն ունենա: Պատկերացնո՞ւմ եք՝ գնանք Հնդկաստան, որտեղ դիակիզումն ընդունված է, ու մեզ ասեն, որ պետք է դիակիզվեք: Չպետք է մոռանալ, որ Հայաստանում փոքրամասնություններ են ապրում, ՀՀ քաղաքացի են և ինչո՞ւ չպետք է ընտրության հնարավորություն ունենան»,- նշեց Արման Իսկանդարյանը:
Ինչ վերաբերում է նախապես հանրային քննարկում կազմակերպելուն՝ նկատեց. «Հանրային քննարկումը մեզ ի՞նչ է տալու: Պետությունն այդտեղ ոչ մի լումա չի ներդնում, մասնավոր ընկերություն է, թող կազմակերպի հանրային քննարկում: Մեզ հարցրել են՝ դե՞մ եք, պատասխանել ենք՝ ոչ, այդքան բան»:
Հավելենք, որ համաձայն «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի` յուրաքանչյուր ոք կամավոր սկզբունքով կարող է հողին հանձնել կամ այրել իր մահացածի դին: Դիակիզարանի մասին այս օրենքը մեր երկիրն ընդունել է 2006 թվականին:
Համացանցում այս օրերին ակտիվ քննարկում է սկսվել. քաղաքացիների որոշ հատված կողմ դիրքորոշում է հայտնում, որոշ հատվածն էլ՝ դեմ:
«Շատ լավ նորություն է։ Թե չէ այս ի՞նչ է դարձել։ Մի հարսանիքի փող էլ տալիս են մարդուն թաղելու և գերեզմանի տեղ վերցնելու համար»,- գրել է օգտատերերից մեկը:
Մյուսն էլ, թե՝ «Հիմա ընտրության հնարավորություն կտան, բայց հետո կսարքեն պարտադիր։ Մեկը՝ ես, թույլ չեմ տա, որ իմ հարազատին հրկիզեն»։
«Դա դեմ է քրիստոնեությանը»,- գրել է մեկ այլ օգտատեր:
Անի Կարապետյան