Միջխորհրդարանական միությունը կոչ է արել՝ վերջ դնել սեռական ոտնձգություններին կանանց նկատմամբ
Միջխորհրդարանական միությունը (ՄԽՄ) կոչ է արել ամբողջ աշխարհի օրենսդիրներին՝ վճռականորեն կանխել անվայել վարքագիծը կին պատգամավորի եւ խորհրդարանական ծառայությունների աշխատակցուհիների նկատմամբ: Նոյեմբերի 25-ին Ժնեւում հրապարակված հանձնարարականներում միությունը հանդես է եկել այդ նպատակով միջկուսակցական աշխատանքային խմբեր եւ այլ մեխանիզմներ ստեղծելու օգտին գենդերային բռնությունը կանխելու համար եւ գանգատները դռնփակ քննելու նպատակով։
Փաստաթղթի հրապարակումը նվիրված է Կանանց նկատմամբ բռնությունը վերացնելու համար պայքարի՝ նոյեմբերի 25-ին նշվող միջազգային օրվան:
2016 թվականին ՄԽՄ-ի կողմից աշխարհի 39 երկրներում անցկացված սոցիոլոգիական հետազոտության ընթացքում կին պատգամավորների 82 տոկոսը հայտնել է, որ ենթարկվել են հոգեբանական բռնության, իսկ 20 տոկոսը՝ սեռական ոտնձգությունների: 2018 թվականին անցկացված մեկ այլ հարցման ժամանակ, որն ընդգրկել է Եվրոպայի մի շարք պետություններ, ոտնձգությունների մասին հայտարարել է խորհրդարանական ծառայությունների աշխատակցուհիների 40 տոկոսը: Ինչպես ընդգծում է ՄԽՄ-ն, տագնապ է առաջացնում այն հանգամանքը, որ դրա հետ մեկտեղ միայն ոչ մեծ թվով (կին-պատգամավորների 24 տոկոսը եւ խորհրդարանների աշխատակցուհիների 6 տոկոսը) տուժածներ են որոշել գանգատ ներկայացնել:
«Ժողովրդավարությունն անվտանգության մեջ չի լինի, քանի դեռ կանայք իրենց անվտանգ չեն զգում բոլոր ոլորտներում, ներառյալ խորհրդարանները»,-հայտարարել է ՄԽՄ-ի նախագահ Կուեւաս Բարոնը: Միջխորհրդարանական միությունն ամենահին (հիմնվել է 1889 թվականին) եւ առավել հեղինակավոր ու ազդեցիկ միջազգային կազմակերպություններից մեկն է: ՄԽՄ-ն միավորում է 179 երկրների խորհրդարաններ, ինչպես նաեւ 13 միջխորհրդարանական վեհաժողով՝ որպես ասոցիացված անդամ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: