Կառավարությունը չի կարողանում ծախսել իր փողերը, մի բան էլ  պարտք է վերցնում

Զարմանալի կառավարություն ունենք. չի կարողանում ծախսել իր փողերը, բայց գնում դրսից պարտք է վերցնում։ Բյուջեի գանձապետական հաշվին 500-600 մլն դոլար կա, իսկ կառավարությունն ակտիվորեն նոր վարկեր է ներգրավում։ Միայն վերջին երկու-երեք շաբաթվա ընթացքում շուրջ 205 մլն դոլարի վարկային համաձայնագրեր են վավերացվել։ Այն դեպքում, երբ բյուջեն փողի խնդիր չունի։ Խնդիրը ծախսերը ժամանակին կատարել չկարողանալու մեջ է։

«2019 թվականի ինն ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 1,148.1 մլրդ դրամ, իսկ ծախսերը` 1,053 մլրդ դրամ, որոնք ՀՀ կառավարության իննամսյա ծրագրի կատարումն ապահովել են, համապատասխանաբար, 100,2 տոկոսով և 82,5 տոկոսով»:  Սա հատված է Ֆինանսների նախարարության ներկայացրած պետական բյուջեի կատարման հաշվետվությունից։

Այդ հաշվետությունը վկայում է, որ բյուջեի ծախսերը տարեսկզբի 9 ամիսներին թերակատարվել են 17,5 տոկոսով։ Պլանավորված է եղել իրականացնել ավելի քան 1,276 մլրդ դրամի ծախս, կատարվել է 1,053 միլիարդը։

Չկատարված ծախսերը կազմել են 225 մլրդ դրամ։ Այն համարժեք է շուրջ 468 մլն դոլարի։

Նույն ժամանակահատվածում բյուջեի եկամուտները գերակատարվել են 2,3 մլրդ դրամով։ Նախատեսված է եղել ապահովել 1,145,8 մլրդ դրամի եկամուտ, ապահովվել է 1,148,1 միլիարդը։

Որ բյուջեի եկամուտները գերակատարվել են, անշուշտ, լավ է։ Ճիշտ է, գերակատարումը մեծ չէ, ինչպես հաճախ փորձ է արվում ներկայացնել, բայց կա։

Սակայն նույնը դժվար է ասել ծախսերի թերակատարման մասով։ Հատկապես, երբ խոսքը նման լուրջ գումարների մասին է։ 225 մլրդ դրամի նախատեսված ծախսը, որը չի կատարվել, մեծ ռեսուրս է Հայաստանի տնտեսության համար։ Ու որևէ նշանակություն չունի, թե ինչի՞ հետևանքով չեն կատարվել այդ ծախսերը։

Առավել ևս, որ դա կապված չէ ֆինանսական միջոցներ չլինելու հետ։ Մեկ անգամ չէ վարչապետը հայտարարել, որ կառավարությունը փողի խնդիր չունի։

Սովորաբար հակառակն է լինում. բյուջեի ծախսերը թերակատարվում են, երբ փող չկա։ Այս դեպքում փողը կա, նախատեսված ծրագրերը կան, բայց դրանք չեն կատարվել։ Արդյունքում՝ տուժել է հասարակությունն ու տնտեսությունը։ Ու հիմա ինչ արդարացումներ էլ բերվեն, միևնույն է, դրանից բան չի փոխվում։ Պարտավորությունների թերակատարման հետևանքով կառավարությունը լուրջ վնաս է տվել տնտեսությանը։ Ոչինչ, որ այդ գումարները որպես ավանդ դնելով՝ եկամուտ է ստացել. 9 ամսում պետական բյուջեի ազատ միջոցների հաշվին կառավարությունը ստացել է շուրջ 8,7 մլրդ դրամի տոկոսավճար։ Այն ավելի քան 58 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը։

Նախատեսված ծրագրերը կատարելու փոխարեն՝ բյուջեի միջոցները դեպոզիտ դնելը` փող աշխատելու, թերևս, ամենահեշտ տարբերակն է։ Սակայն նման բան կարող են իրենց վերապահել, ասենք՝ կենսաթոշակային ֆոնդերը։ Կառավարությունն իրեն նման շռայլություն թույլ տալու իրավունք չունի։

Ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերը տարեսկզբի 9 ամիսներին թերակատարվել են շուրջ 61 տոկոսով։ Խոսքը հիմնականում կապիտալ ծախսերի մասին է, որոնք պայմաններ են ստեղծում տնտեսության կայուն ու երկարատև աճի համար։ Ինն ամսում ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերը կազմել են 72 մլրդ դրամ` նախատեսված գրեթե 184 միլիարդի դիմաց։

Միայն այդ մասով չի կատարվել 112 մլրդ դրամի ծախս։ Ու կարևոր չէ, որ կատարված ծախսերը 10 միլիարդով գերազանցել են նախորդ տարվա ցուցանիշը։ Հատկապես, եթե հաշվի առնենք, որ նախորդ տարի կապիտալ ծախսերի առումով իրավիճակը շատ ավելի տխուր էր։ Իշխանափոխությունից հետո կառավարությունն ամեն ինչում կոռուպցիոն հետքեր էր փնտրում, ինչի հետևանքով դադարեցրել էր բազմաթիվ ծրագրերի իրականացումը։

Ցածր է հատկապես  վարկային և դրամաշնորհային ծրագրերի կատարողականը: Արտաքին աջակցությամբ իրականացվող ծրագրերի շրջանակներում նախատեսված է եղել իրականացնել շուրջ 48 մլրդ դրամի վարկավորում, բայց տրամադրվել է ընդամենը 13 միլիարդը։ Առանձին դեպքերում, նախատեսվածի համեմատ, տարբերությունը հասնում է 4-5 անգամի։

«Մասնավորապես՝ 12,1 մլրդ դրամ է տրամադրվել Էլեկտրաէներգետիկ համակարգի զարգացման ծրագրի շրջանակներում, որից ավելի քան 8,7 մլրդ դրամը ՌԴ աջակցությամբ իրականացվող Հայկական ԱԷԿ-ի 2 էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարացման ծրագրի շրջանակներում տրամադրվել է «Հայկական ԱԷԿ» ՓԲԸ-ին՝ ինն ամսում նախատեսված 41,7 մլրդ դրամի փոխարեն, 3,4 մլրդ դրամը տրամադրվել է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ‑ին՝ Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի աջակցությամբ իրականացվող էլեկտրամատակարարման հուսալիության ծրագրի և վերջինիս լրացուցիչ ֆինանսավորման ծրագրի շրջանակներում` նախատեսված 5 մլրդ դրամի դիմաց: 874,1 մլն դրամ է տրամադրվել Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի աջակցությամբ իրականացվող «Ենթակառուցվածքների և գյուղական ֆինանսավորման աջակցություն» վարկային ծրագրի շրջանակներում՝ նախատեսված 900,4 մլն դրամի փոխարեն»,- արձանագրել է Ֆինանսների նախարարությունը:

Չկատարված ծախսերի հետևանքով պետական բյուջեն շարունակում է մնալ հավելուրդային։ Ինն ամսում բյուջեի հավելուրդը կազմել է ավելի քան 95 մլրդ դրամ՝ նախատեսված 130 միլիարդ պակասուրդի փոխարեն։ Առաջին կիսամյակի համեմատ՝ հավելուրդը որոշ չափով կրճատվել է, բայց շարունակում է էապես շեղված մնալ ծրագրավորվածից։

Բյուջեում գոյացած հավելուրդը կապված է եկամուտների համեմատ ծախսերի ցածր կատարողականի հետ, ինչի հետևանքով ֆինանսավորման ներքին աղբյուրներում նախատեսված բյուջեի ազատ միջոցների` ծրագրված 49,8 մլրդ դրամ օգտագործման դիմաց՝ դրանք ավելացել են 146,4 մլրդ դրամով, իսկ արտաքին աղբյուրներից ներգրավվել է նախատեսված վարկային միջոցների ընդամենը 32 տոկոսը։

Սա խոսում է կառավարության անարդյունավետ աշխատանքի մասին։ Փողը գանձվել է տնտեսությունից, բայց պայմաններ չեն ստեղծվել այն տնտեսության մեջ ներդնելու համար։

Ու որպեսզի ինչ-որ կերպ հնարավոր լինի դուրս գալ այս իրավիճակից, կառավարությունը որոշեց տնտեսվարողներին վերադարձնել ԱԱՀ նախկինից մնացած պարտքերը` դա ներկայացնելով՝ որպես մեծ ձեռքբերում։ Բայց իրականությունն այն է, որ բյուջեով նախատեսված ծրագրերի չիրականացման հետևանքով տնտեսությունից հանված գումարները վերադարձնելու այլ, ավելի արդյունավետ  տարբերակ կառավարությունն այդպես էլ չկարողացավ գտնել։ Ու մինչ այդ գումարները կարող էին ուղղվել կոնկրետ ծրագրերի իրականացմանը, հիմա հայտնի չէ, թե ինչի՞ վրա պիտի ծախսվեն, կամ արդյոք կծախսվե՞ն, թե՞ ոչ։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

 

Տեսանյութեր

Լրահոս