Բաժիններ՝

Արցախի 32-ի բնակիչներին բնակարաններով ապահովելու հարցը փակուղի է մտել. բնակիչները բողոքում են

Արցախի 32 հասցեի բնակիչներին տեսակցելու համար հատուկ թույլտվություն է պետք: Հանրակացարանը, որում ապրում են, «Հարավկովկասյան երկաթուղի»  ընկերության դեպոյի տարածքում է գտնվում՝ հատուկ պահպանվող տարածք է: Այստեղ տարիներ շարունակ ապրել են երկաթուղու աշխատակիցները, հիմա նաև՝ նրանց սերունդները: Հանրակացարանի բնակիչ Լարիսա Հակոբյանը 168.am-ի հետ զրույցում պատմեց՝ ոմանք տուն են գնել ու գնացել են, իրենք մնացել են.

«Ես երկաթուղային եմ եղել, 25 տարի աշխատել եմ, հաշմանդամություն եմ ձեռք բերել, 10 տարի է արդեն՝ չեմ աշխատում, 1990թ.-ից այստեղ եմ ապրում, 1996-ին գրանցեցին հիմնական, միայն այստեղի գրանցում ունեմ, ուրիշ ոչինչ չունեմ: Մեզ պետք է տուն տային, որ դուրս գայինք, խոստացան, խոստացան, ոչինչ չարեցին»:

2008թ. Հայաստանի երկաթգիծը կոնցեսիոն կառավարման սկզբունքով հանձնվել է ռուսական «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին: 2009թ.-ին ընկերությունը պահանջել էր ազատել իր տարածքը բնակիչներից: Տեղի են ունեցել գույքագրման աշխատանքներ, առանձնացվել են պրոբլեմատիկ և ոչ պրոբլեմատիկ խմբեր: Ոչ պրոբլեմատիկներին առաջարկվել է ազատել հանրակացարանի տարածքը և  ապրել իրենց սեփական բնակարաններում, պրոբլեմատիկների հարցն առանձին պետք է քննարկվեր: Հանրակացարանի մեկ այլ բնակչի՝ Անուշ Խեչումյանի ընտանիքը 20 հոգուց է բաղկացած: Պատմում է, որ հանրակացարանում մնացած բնակիչները հեռացածների սենյակների դռները բացել, ապրում են՝ ընտանիքները մեծացել են:

«2010թ.-ի սեպտեմբերին մեզ պետք է բնակարաններով ապահովեին, բնակարանները մնացին օդում, ՀՀԿ-ականները ծախեցին-կերան էդ «բնակարանները», 2011-12 թթ. միայնակների համար նախատեսեցին Արցախ 42 շենքի երկրորդ հարկը, ասացին՝  կոմունալ հարմարություններ կստեղծեն, սկզբից միայնակներին կապահովեն, հետո՝ մնացածին: Մեզ տարան Արցախի 42 շենքը ցույց տալու: Ինձ հատկացրել էին 44 քմ զալ, գնացինք ժողովի, ինձ ասում են՝ քեզ չենք ասում՝ գնա հանրակացարանից, սեփականություն է, վերցրու, քոնը լինի, բայց ապրի Արցախ 32-ում: Ասացի՝ չեմ ուզում, եթե դուք կարող եք իմ 20 հոգանոց ընտանիքի միայն մահճակալները տեղավորել այդտեղ, ես կգնամ, ասացին՝ չենք կարող, ասացի՝ բա որ չեք կարող, փաստորեն փոքր երեխեքին տեղավորենք, մենք էլ անձրևանոցներով դրսում կանգնե՞նք»:

«Երկաթուղին» ու հանրակացարանը մեկ հասցեում են, բնակիչներն ասում են՝ անգամ սենյակի համար չկա, որ իրենց հասցեագրված նամակը տեղ հասնի: Խնդիր է անգամ հյուրեր ընդունելը: Տարածք մտնելու համար հարկավոր է, որ բնակիչը գա, հյուրին ներկայացնի, հատուկ անցաթուղթ ստանա, ապա հյուրին ուղեկցի ներս:
«Իրավունք չունենք շնչելու, հյուր ընդունելու, մարզից մարդ է գալիս, ժամը մեկ գալիս-ասում են՝ ե՞րբ են գնալու, երկա՞ր են մնալու»,- ասաց Անուշ Խեչումյանը:

Ավելի խիստ ընթացակարգ է գործում մեքենաների համար, դրանց մուտքը տարածք առհասարակ արգելված է: Լարիսա Հակոբյանը դժգոհում է.

«Ես հաշմանդամություն ունեցող կին եմ, օրինակ, որ ուզենամ ինչ-որ բան պատվիրել, որ առաքիչը բերի, ներս չեն թողնի, ես պետք է գնամ դիմավորեմ, մեքենաներին էլ ներս չեն թողնում, անկախ նրանից, թե որքան ծանր են բեռներդ, ուղեփակոցի մոտից ստիպված ես ձեռքով տանել: Անգամ վերանորոգում անել չենք կարողանում: Կարող ենք վերանորոգել, բայց վերահսկողները գալիս-ասում են՝ ի՞նչ ես անում, ամեն անգամ չեմ կարող գնալ-ասել՝ սա ցեմենտ է բերում, սա պատուհան պետք է բերի, ես ինքս խնամքի տակ պետք է լինեմ»:

Արմինե Սահակյանը մեկ սենյակում ապրում է իր երկու երեխաների հետ: Ասում է՝ երկուսն էլ շնչառական խնդիրներ ունեն:

«Իմ տղան 10 տարեկան է, ձեռքբերովի քրոնիկական ասթմա ունի, պատճառն այստեղի  պայմաններն են, խոնավ է, ասում էին՝ վիտամինների պակաս է, բայց նման բան չկա, աշխատում եմ ոչնչից հետ չպահել երեխաներին: Աղջիկս էլ խնդիրներ ունի, բայց տղայիս մոտ ավելի արտահայտված է, ամեն շաբաթ շտապ օգնություն է գալիս, գոնե այդ մեքենաներին ներս թողնում են»,- ասաց Արմինե Սահակյանը:

Բանկիչները բազմիցս դիմել են թե՛ ներկա, թե՛ նախկին իշխանություններին: Բողոքները, սակայն, միշտ բախվում են նույն պատասխանին՝ «Ձեզ հատկացվել է Արցախի 42 հասցեն»: Անուշ Խեչումյանն ասում է՝ այնտեղ ապրելն անհնար է:

«Նայեք՝ ի՞նչ պայմաններում ենք ապրում, անգամ այս պարագայում մենք հրաժարվում ենք այնտեղ գնալ, ուրեմն պայմաններն այնտեղ ավելի վատ են: Այնտեղ մեկ ընդհանուր զուգարան կա բոլորի համար, ոչինչ արված չէ, 1960թ.-ից երկաթգծի գրասենյակ է եղել: 2010թ. ժողովից հետո տարբեր խմբագրություններից լրագրողների կանչեցինք, որ գնանք Արցախի 42-ը տեսնենք՝ ի՞նչ վիճակում է: Գնացինք, դռները փակեցին ու փախան, թույլ չտվեցին, որ լրագրողները տեսնեն՝ դա բնակելի՞ տեղ է, թե՞ ոչ»:

Անուշ Խեչումյանը դիմել է նաև ներկա իշխանություններին: Նամակ է ուղարկել Կառավարություն, որ հանձնաժողով կազմեն ու գան տեսնեն, թե ի՞նչ վիճակում է Արցախի 42-ը: Խնդրանքը չի կատարվել: Խնդիրը մտել է փակուղի:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս