«Ե՞րբ Դալմայի այգու գինու հնձանը կհաշվառվի հուշարձանների պետական ցուցակում». Արմեն Աբրոյանը մանրամասնում է
Համացանցում նոյեմբերի 15-ին ահազանգել էին, որ Դալմայի այգու տարածքում քանդում են 16-17-րդ դարերի գինու հնձանը։
Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության փոխանցմամբ՝ Դալմայի այգու տարածքում գտնվող հնձանը հաշվառված չէ ՀՀ կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 30-ի N 1929-Ն որոշմամբ հաստատված Երևանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում, ուստի նշված հնձանը ներառված չէ ՊՄՊ Երևանի մարզային ծառայության հուշարձանների պահապաններին կցագրված պահպանության գոտիներում, և դրա նկատմամբ որևէ գործառույթ չի իրականացվում։ Երևանի պետական ցուցակում որպես հուշարձան ընդհանրապես հաշվառված չէ որևէ հնձան։
Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք հուշարձանը հաշվառվելո՞ւ է, թե՞ ոչ:
«Այս հարցով համապատասխան հանձնարարական է եղել մեր գիտահետազոտական ՊՈԱԿ-ին, որպեսզի պետական հաշվառման աշխատանքներ կատարեն: Պետք է տեսնենք, թե որո՞նք են արժեքավոր, որո՞նք են պատմամշակութային արժեք ներկայացնում, և վերցնենք պետական հաշվառման»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արմեն Աբրոյանը:
Հարցին՝ որքա՞ն ժամանակ է պահանջվելու եզրահանգման գալու համար, Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետը պատասխանեց.
«Կապ ունի այն, թե ի՞նչ քանակությամբ վկայագրեր կկազմվեն, ի՞նչ տեսակի ուսումնասիրություններ կկատարվեն, կարևոր է նաև այն, թե արխիվային ի՞նչ տվյալներ կան վերլուծությամբ, ինչպես նաև՝ չափագրությունները՝ տարածքների, շինությունների կամ ռելիեֆների հետ կապված: Կարծում եմ՝ աշխատանքները մոտ մեկ ամիս կտևեն»:
Ինչ վերաբերում է այդ հատվածում շինարարական աշխատանքների դադարեցմանը՝ Արմեն Աբրոյանը նշեց, որ շինարարական աշխատանքների համար նախատեսված տարածքները, կոպիտ ասած՝ «ազատված են» որևէ հետքից, իսկ ճանապարհամերձ տարածքներում նույնիսկ ջրագծեր են քաշել, ուստի արդեն աշխատանքները դադարեցնելը, ըստ նրա, անիմաստ է, որովհետև, ցավոք, կորցրածը որևէ ձևով հետ բերել հնարավոր չէ:
«Ինչ վերաբերում է շինությունների պահպանությանը, դրանով զբաղվում ենք»,- նկատեց նա:
Անի Կարապետյան