Վտանգավոր հավասարության նշան բանակցային գործընթացում
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ծրագիրը պետք է ապահովի բոլոր տեղահանվածների, փախստականների՝ նախկին բնակության վայրեր վերադառնալու իրավունքը»,- նախօրեին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով այն հարցին, թե հնարավո՞ր է արդյոք ադրբեջանցի և հայ փախստականների վերադարձը Լեռնային Ղարաբաղի տարածք և նրանց համատեղ բնակությունը, ինչպես դա եղել է հակամարտությունից առաջ:
Ըստ Զախարովայի՝ դրա մասին բազմիցս հայտարարել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ներկայացուցիչները: Զախարովան պատասխանել է նաև այն հարցին, թե հնարավո՞ր է արդյոք ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ադրբեջանցի տեղահանվածների մասնակցությունը՝ ղարաբաղաբնակ հայերի հետ միասին: Դիվանագետը նշել է, որ բանակցային ձևաչափի հարցը պետք է ուղղված լինի առաջին հերթին՝ այն կողմերին, որոնք պետք է համաձայնեցնեն մասնակիցների կազմը: «Այժմ բանակցային գործընթացն ընթանում է Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարության մակարդակով, և եթե երկու պետությունների միջև համապատասխան պայմանավորվածություններ ձեռք բերվեն, մենք մեր կողմից կաջակցենք այդ համաձայնագրերին», – ասել է Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչը:
Զախարովայի հայտարարություններն ինքնին նորություն չեն պարունակում, նմանատիպ մտքեր հնչել են նաև նախկինում: Սակայն վերջին շրջանում ակտիվացել են հատկապես ադրբեջանցի տեղահանվածների վերադարձի մասին խոսակցությունները, որոնք համատեղվում են բանակցային գործընթացին, այսպես կոչված, Ադրբեջանի ղարաբաղյան համայնքի մասնակցության մասին շեշտադրումներով:
Կա տպավորություն, որ, եթե համանախագահող երկրները որևէ պարագայում համաձայնեն բանակցային գործընթացին Արցախի մասնակցությանը, ապա դա տեղի կունենա միայն «հավասարության» սկզբունքով, եթե դրան մասնակցեն նաև Ադրբեջանի, այսպես կոչված, ղարաբաղյան համայնքի ներկայացուցիչները: Դա, բնականաբար, ամբողջությամբ կխեղի բանակցային գործընթացը և որևէ դրական հեռանկար չի կարող խոստանալ հայկական կողմերի համար: