Ի՞նչ ռիսկեր է ենթադրում Ռազմական գլխավոր տեսուչի գործառույթի տեղափոխումը ՊՆ կազմ

Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը դեմ է Ռազմական գլխավոր տեսուչի ինստիտուտի ձևաչափի փոփոխմանը: Ըստ նրա՝ այն պետք է լինի անմիջապես վարչապետի վերահսկողության տակ և բացառապես հաշվետու լինի վարչապետին:

168.am-ի հետ զրույցում Կարեն Հովհաննիսյանը խոսեց բոլոր այն ռիսկերի մասին, որոնք պարունակում է Ռազմական գլխավոր տեսուչի գործառույթի՝ Պաշտպանության նախարարության կազմ տեղափոխման որոշումը:

«Առաջին ռիսկն այն է, որ վարչապետին զեկուցվելու է միջնորդավորված ձևով: Այսինքն՝ վերահսկողական մարմինը, որը բացառապես հաշվետու էր վարչապետին, այսօր չի կարող այդ գործառույթն իրականացնել, քանի որ անցնում է ՊՆ վերահսկողության տակ, որտեղ արդեն կա շահերի բախում: Ըստ էության, այս կառույցը գտնվում էր ՊՆ ֆինանսավորման տակ, այսինքն՝ վարչապետի աշխատակազմից չէր ֆինանսավորվում, բայց վարչապետի հանձնարարականով կարող էր տարբեր տեսակի ստուգումներ իրականացնել, որոնց արդյունքների մասին զեկուցում էին անմիջապես վարչապետին: ՊՆ-ում վերստուգող մարմնի դեր են կատարում վարչությունները, որոնք իրենց գործառույթը գերազանց կատարում են: Սա դիտարկում եմ՝ որպես դուբլիկացիա, երբ միևնույն գործը նույն գերատեսչության կազմում կատարում են տարբեր մարմիններ»,- մանրամասնեց ռազմական փորձագետը:

168.am-ի հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը կառուցվածքային այս փոփոխության առնչությամբ պարզաբանել էր. «Նոր Սահմանադրության համաձայն` տվյալ գործառույթը տեղափոխվել է ՀՀ պաշտպանության նախարարություն, և ՊՆ-ն` նախարարի գլխավորությամբ` որպես քաղաքացիական և ոչ քաղաքացիական վերահսկողության ինստիտուտ զինված ուժերի նկատմամբ, պետք է ունենար նաև նման ծառայություն, որի միջոցով ռազմական, մարտական պատրաստության և ռազմական բաղադրիչով կարողանար լիարժեք վերահսկել զինված ուժերի մարտունակությունը»:

Հիշեցնենք, որ օրերս կառուցվածքային փոփոխություն տեղի ունեցավ, որի արդյունքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Մովսես Հակոբյանն ազատվեց գլխավոր ռազմական տեսուչի պաշտոնից:

Պաշտոնից ազատվեցին նաև նրա երկու տեղակալները՝ Կամո Քոչունցը և Վազգեն Ներսեսյանը: Իսկ երեկ արդեն Հայաստանի պաշտպանության նախարարի հրամանով Մովսես Հակոբյանը նշանակվեց ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ, Կամո Քոչունցը՝ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետի տեղակալ, գնդապետ Վաչագան Ներսեսյանն էլ՝ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության գլխավոր տեսուչ:

Մարիամ Պետրոսյան

Տեսանյութեր

Լրահոս