Բաժիններ՝

Հիվանդների վիճակը գնահատվում է բավարար. նախարարությունը՝ Կապանում երեք կանանց մոտ հայտնաբերված սիբիրախտի դեպքի մասին

Մամուլում տեղեկություն է հայտնվել այն մասին, որ նոյեմբերի 15-ին արտակարգ դեպք է գրանցվել Կապանի բժշկական կենտրոնում։ Հիվանդանոց են տեղափոխվել Կապանում ապրող երեք կին, որոնցից երկուսը` թոշակառու։

Համապատասխան հետազոտություններից հետո բժիշկները նրանց մոտ սիբիրախտ են ախտորոշել։

ՀՀ Առողջապահության նախարարի մամլո խոսնակ Ալինա Նիկողոսյանը 168.am-ի հետ զրույցում հաստատեց այս տեղեկությունը՝ նշելով.

«Սովորաբար հիվանդության 90 տոկոսն անասնաբուժական խնդիրներից է առաջանում: Դա կարող է լինել միսը պատահական վայրերից գնելու դեպքում: Դեպքի մասին Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը տեղեկացվել է։ Համատեղ վարակի աղբյուրի բացահայտման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է վարակված միսը և ոչնչացվել։ Նոր հիվանդներ չկան։ Հոսպիտալացված հիվանդների վիճակը գնահատվում է բավարար, ստանում են համապատասխան բուժում, ունեն լավացման դրական շարժընթաց»:

Սիբիրյան խոցով չհիվանդանալու, ինչպես նաև դրա բարդություններից խուսափելու համար Առողջապահության նախարարությունը հորդորում է՝

– Մի՛ գնեք պատահական վայրերից միս-մսամթերք:

– Մի՛ մոտեցեք անկած (սատկած) կենդանիներին, մի՛ ձեռք տվեք դրանց:

– Եթե պահում եք գյուղատնտեսական կենդանիներ և դրանց շրջանում նկատում եք առողջական խնդիրներ, ապա անհապաղ դիմեք անասնաբույժին:

– Եթե ձեր մաշկային ծածկույթների վրա նկատում եք խոցոտված վերքեր, բշտեր, կարմրակապտավուն բծեր, ապա մի՛ զբաղվեք ինքնաբուժմամբ և դիմեք բժշկական օգնության:

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս