Առանց Մխիթարյանի, Խազարյանի, Պիզելիի, Ադամյանի, բայց տեսական հնարավորություններով․ Հայաստան-Հունաստան
Հայաստանի ազգային հավաքականն այսօր Եվրոպայի առաջնության ընտրական փուլի շրջանակներում կընդունի Հունաստանի հավաքականին։ Մեր շանսերը միայն տեսական են, և հաջորդ փուլ դուրս գալը կլինի պարզապես հրաշք, իսկ Հունաստանի հավաքականն արդեն չունի հաջորդ փուլ դուրս գալու հնարավորություն։ Հրաշքի համար հայ ֆուտբոլիստները պետք է հաղթեն երկու խաղ անընդմեջ՝ Հունաստանին և Իտալիային, բայց արդյո՞ք դա հնարավոր է՝ հաշվի առնելով մի շարք առաջատարների բացակայությունը։
Հայաստանի ընտրանին որակավորման փուլում չի խաղում իր հնարավորությունների սահմանով, բայց միևնույն ժամանակ՝ Աբրահամ Խաշմանյանի թիմը շարունակում է մնալ խմբից դուրս գալու հավակնորդ: Ազգային հավաքականն ունի 10 միավոր, որոնցով թիմը խմբում զբաղեցնում է երրորդ տեղը։ Երկրորդ տարբերությունը Ֆինլանդիայից կազմում է հինգ միավոր, ինչը Հայաստանին զրկում է այսօրվա հանդիպման ժամանակ սխալվելու իրավունքից:
Հավաքականի նորանշանակ մարզիչ Աբրահամ Խաշմանյանը նշում է, որ թիմը շատ բարդ իրավիճակում է։ Չնայած թիմում շատ են կորուստները, ըստ մարզչի, թիմը իրավունք չունի կառչել այդ փաստից և մտածել բացասական բաների մասին։
«Այս խաղում պետք է քաղել առավելագույնը։ Պետք է կենտրոնանալ միայն այսօրվա խաղի վրա»,- կարծում է Աբրահամ Խաշմանյանը։
Հայաստանի հավաքականում կորուստները շատ են։ Ընտրական մրցաշարի վերջին երկու խաղերին տարբեր վնասվածքների պատճառով հավաքականին չեն միանա Հենրիխ Մխիթարյանը, Մարկոս Պիզելին, Սարգիս Ադամյանը և Կառլեն Մկրտչյանը։ Վերջին օրերին հավաքականին միացած Գևորգ Ղազարյանը ևս դուրս մնաց խաղից մկանային խնդիրների պատճառով։ Մխիթարյանը դեռ չի ապաքինվել վնասվածքից և դաշտ կվերադառնա միայն նոյեմբերի վերջին։ Իսկ Սարգիս Ադամյանը, ով հրաշալի գոլ խփեց և «Հոֆենհայմի» կազմում խաղաց մինչև վերջին րոպեն, ևս վնասվածք ունի։ Գերմանական ակումբը նամակով է դիմել ազգային հավաքականին՝ նշելով, որ Ադամյանը մկանային խնդիրներ ունի և բաց կթողնի 2 շաբաթ։
Հունաստանի հավաքականի հետ հանդիպումը որակազրկման պատճառով բաց կթողնի Վարազդատ Հարոյանը։
Կրկին ազգային թիմ են հրավիրվել Գևորգ Կասպարովը, Արթուր Սարկիսովը, Արտյոմ Սիմոնյանը, Արմեն Մանուչարյանը և Գեղամ Հարությունյանը։ Առաջին անգամ երկրի գլխավոր թիմից հրավեր է ստացել «Արարատ-Արմենիա»-ի պաշտպան Արթուր Դանիելյանը:
Հունաստանի հավաքականը ձախողեց Եվրո-2020-ի ընտրական փուլը։ Վան Սխիպի թիմն ութ խաղից հետո ունի ընդամենը ութ միավոր: Երկրորդ Ֆինլանդիայից հեռավորությունը յոթ միավոր է, ինչը բացառում է հույների՝ խմբից դուրս գալու հնարավորությունը:
Վերջին խաղում Հունաստանը, հակառակ բոլոր կանխատեսումների, 2:1 հաշվով հաղթեց Բոսնիա և Հերցեգովինային՝ ընդհատելով առանց հաղթանակների շարքը։
Հունաստանի հավաքականի մարզիչ Ջոն Վանթ Սխիպը նշում է, որ իր թիմը չունի մոտիվացիայի պակաս, և չնայած հնարավորություն չունի խմբից դուրս գալու, ցանկանում է ցույց տալ, որ դեռ կարող է ֆուտբոլ խաղալ։ Ըստ մարզչի՝ թիմի ֆուտբոլիստները պետք է ցույց տան, որ իրենք հավատում են իրենց ուժերին։
Ըստ Վանթ Սխիպի՝ Հայաստանը նոր մարզիչ ունի և նոր խաղաոճ է փորձարկելու, բայց իրենք կենտրոնանալու են միայն իրենց խաղի վրա։
Հայաստանի հավաքականը խմբից դուրս գալու հնարավորություն դեռ ունի, չնայած դրանք սակավ են, այսօր տանտերերը, ամենայն հավանականությամբ, շեշտը դնելու են հարձակման վրա և փորձելու են հաղթել: Հունաստանը ցույց է տալիս, որ ֆուտբոլը հեռու է ամենաբարձր մակարդակից, հատկապես՝ արտագնա հանդիպումներում։ Հյուրերը հաղթելու մոտիվացիա չունեն, ուստի կարելի է Հայաստանի ազգային ընտրանուն առանձնացնել՝ որպես ֆավորիտ:
Սիրարփի Աղաբաբյան