Բաժիններ՝

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն» առողջության վրա ազդեցության ուսումնասիրություն է պատվիրել

Բնապահպանների կողմից  հաճախ է բարձրացվում այն հարցը, որը կապված է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» գործունեության ու դրա արդյունքում  հողերի և ջրերի աղտոտման մակարդակը բարձրացնելու, բնակչության մոտ արձանագրվող հիվանդությունների աճի հետ:

Ասում են՝  օրինակ, հանքարդյունաբերական քաղաք Քաջարանում  սուր են բնապահպանական խնդիրները, հատկապես՝ ծանր մետաղներով փոշով աղտոտվածությունը:

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» կայուն զարգացման գծով տնօրեն Սամվել Ալեքսանյանը 168.am-ի հետ զրույցում հայտնեց, որ փոշին նստեցվում է ջրով:

«Ճանապարհները ջրում են «ՈՒԱԶ» մակնիշի մեքենաներով, և փոշին նստեցվում է: Բացի դա՝ կատարվում է մոնիտորինգ: Ի դեպ, հիմա արդեն խոսքը թվային մոնիտորինգի մասին է: Եթե առաջ էլեկտրոնային էր, հավաքվում էր համակարգչի մեջ, հիմա ամեն ինչ արվում է օնլայն հարթակում,  ռեալ ժամանակահատվածում տեսնում ենք ինֆորմացիան, և յուրաքանչյուր շեղման դեպքում միանգամից արձագանք է լինում:  Հաշվետվության տեսքով այս ամենը ներկայացնում ենք Շրջակա միջավայրի նախարարությանը:  Սարքերը տեղադրված են դեպի քաղաք եկող հատվածում:

Այս պահին տեղադրված է երեք սարք, պլանավորում ենք ևս հինգը մինչև տարվա վերջ տեղադրել: Բացի այդ՝ մինչև տարեվերջ տեղադրելու ենք նաև գազանալիզատորներ: Մենք նաև համագործակցում ենք միջազգային լավագույն կազմակերպություններից մեկի հետ: Նրանք գալիս, ստուգում են, տալիս են ներքին ստուգման արձանագրություն, գործողությունների պլան: Իսկ մենք տարին մեկ անգամ տալիս ենք հաշվետվություն»,- ասաց Սամվել Ալեքսանյանը:

Ինչ վերաբերում է հիվանդություններին՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կայուն զարգացման գծով տնօրենը նկատեց. «Աշխարհի բոլոր քաղաքներում բնակիչների շրջանում կան հիվանդություններ: Այս դեպքում ասել, որ այդ հիվանդությունները մեր կազմակերպության գործունեության արդյունքում են, ճիշտ չէ, դա ոչ ոք չի կարող ասել՝ փաստ չկա: Մենք պատվիրել ենք թանկարժեք ուսումնասիրություն, որն արվում է 2016 թվականից ու կավարտվի 2020թ. վերջին եռամսյակում: Դա մարդու առողջության վրա ազդեցության գնահատականն է: Դրա մեջ էկոհամակարգերն են, սննդի, ջրի շղթան: Հիմա, խմելու ջրի մեջ, կարող է, այնպիսի բացիլներ կան, որոնք մեզ հետ բացարձակ կապ չունեն: Ամեն դեպքում ուսումնասիրություն ենք պատվիրել. արդյունքում կհասկանանք՝ ունե՞նք արդյոք ազդեցություն, թե՞ ոչ»:

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս