Բաժիններ՝

«Ողջի գետի աղտոտման դեպքով ժամկետների թաքցնելու ոչ մի փորձ չի արվել». Սամվել Ալեքսանյանը՝ Ֆելիքս Ցոլակյանին

Հոկտեմբերի 17-ին  հայտնի դարձավ, որ Կապանում Ողջի գետն աղտոտվել է: Ավելի ուշ Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը  հստակեցրեց՝ աղտոտողը «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն» է:

Բնապահպանական և ընդերքի տեսչական մարմնի փոխանցմամբ էլ՝ վաղ առավոտյան «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» Արծվանիկի պոչամբարի մետաղյա խողովակաշարի վթարի հետևանքով հոսքաջրերը լցվել են Ողջի գետ։

Նշենք, որ Արծվանիկի պոչամբարը Զանգեզուրի կոմբինատի թափոնների համար է ստեղծվել, Հայաստանի ամենամեծ պոչամբարն է:

Զանգեզուրի կոմբինատի կայուն զարգացման գծով տնօրեն Սամվել Ալեքսանյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ վթարը եղել է ոչ թե պոչամբարում, այ պոչատարի վրա:

Կարդացեք նաև

«Այս պահին ՀՀ բնապաhպանության և ընդերքի տեսչական մարմինը կատարում է հաշվարկ: 10 օրվա ընթացքում ստանալու ենք նախնական եզրակացությունը: Ամենայն պատասխանատվությամբ ենք վերաբերվում կատարվածին, չենք փորձում արդարանալ, մեր գործունեության պատճառով է եղել, և պատրաստ ենք կրել պատասխանատվությունը»,- ասաց նա:

Դիտարկումը, թե Կառավարության նիստում ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն այս աղտոտման ժամկետների վերաբերյալ կասկածներ էր հայտնել՝ ասելով, որ թաքուն են պահել, չեն զգուշացրել, որ նման դեպք է եղել, և արագ վերականգնման աշխատանքներ են արել, Սամբել Ալեքսանյանը հերքեց՝ նշելով.

«Թաքցնելու ոչ մի փորձ չի արվել:  Քանի որ դեպքը եղել է առավոտյան ժամը 5-ին, մինչև ինֆորմացան հասել է այն օղակին, որը պետք է տեղեկացներ տեսչական մարմնին և ԱԻՆ-ին, որոշ ժամանակ է տևել: Ինչ վերաբերում է վթարի վերացման հետևանքներին՝  Կապանի համայնքապետի հետ այս պահին քննարկումներ են ընթանում, սպասում ենք թույլտվության, որպեսզի գետի հունը մաքրենք»:

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» գլխավոր տնօրեն Մհեր Պոլոսկովն էլ հավելեց. «Արծվանիկի պոչամբարը հիդրոտեխնիկական կառույց է, որի շահագործումը սկսվել է  ԽՍՀՄ տարիներին, գտնվում ենք շահագործման վերջին փուլում:

Հանքաքարը վերամշակվում է Քաջարան քաղաքի տարածքում գտնվող մեր հարստացուցիչ ֆաբրիկայում և մոտ 34կմ  երկարություն ունեցող խողովակային մեր կառույցով ինքնահոս ձևով տեղափոխվում է այստեղ: Մեր նախագծի համապատասխան՝ նախատեսվում է ևս մոտ 40 մետր ավելացնել պոչամբարի բարձրությունը՝ հասնելով  վերջնական նիշին: Սա կարելի է կատարել մոտավորապես 10 տարում: Մենք որոշել և փոխհամաձայնության ենք եկել մեր հարակից համայնքի՝ Կապանի հետ, որ շահագործումը կավարտենք ժամանակից շուտ՝ 5 տարում:

Կառույցը շատ հեռու է մեզանից, բարդ է ապահովել ջրի վերաօգտագործումը, բացի դրանից՝ գտնվում է բնակեցված տարածքներում, և այլն: Այդ որոշումը կայացրել է Սովետական Միությունը՝ իր չափանիշերին համապատասխան: Մենք չենք նախատեսում ապագայում պոչամբար ունենալ  մեր հանքից հեռու կամ դուրս:

Մեզանից պահանջվում է՝ նախագծեր ներկայացնել, ստանալ թույլտվությունը նաև կառավարությունից և գործունեությունը շարունակել Կապան համայնքից դուրս»,- ասաց նա:

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս