«Հայաստանում վերջին 1.5 տարվա ընթացքում ձեռք է բերվել այնքան սպառազինություն, զենք-զինամթերք, որքան ձեռք չի բերվել տեսանելի ժամանակաշրջանում»
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի կառավարությունը երկրում բարեփոխումների իրականացման հարցում առաջ է շարժվում հնարավոր մաքսիմալ արագությամբ: ՀՀ վարչապետը նման կարծիք հայտնեց Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում՝ պատասխանելով ներկաներից մեկի հարցին:
«Ընդամենը մեկ տարվա ընթացքում Հայաստանի բյուջեն աճել է 20 տոկոսով: 1.5 տարվա ընթացքում Հայաստանում էականորեն աճել են զինվորականների աշխատավարձերը, այս տարի Հայաստանում վերանորոգվել են այնքան ճանապարհներ, որքան վերջին անգամ վերակառուցվել և կառուցվել է Քըրք Քըրքորյանի տրամադրած միջոցների հաշվին: Հայաստանում վերջին 1.5 տարվա ընթացքում ձեռք է բերվել այնքան սպառազինություն, զենք-զինամթերք, որքան ձեռք չի բերվել տեսանելի ժամանակաշրջանում: Հայաստանում բարձրացել է ուսուցիչների աշխատավարձը, հունվարի 1-ից բարձրանում է թոշակները, բարձրացել են հրշեջների, անտառապահների աշխատավարձերը, Հայաստանում գրեթե լուծվել է անտառների ոչնչացման խնդիրը»,- մանրամասնեց վարչապետը:
Նա նշեց, որ Արժույթի միջազգային հիմնադրամը 2-3 տարի առաջ եզրակացություն է արել՝ եթե Հայաստանում տարեկան 0.3 տոկոսով կրճատվի ստվերային տնտեսության ծավալը, դա կարելի է համարել հսկայական հաջողություն Հայաստանի համար: «Մեր գործունեության մի տարվա արդյունքում մեր ստվերային տնտեսության ծավալը կրճատվել է 1.2 տոկոսով, այսինքն՝ Արժույթի միջազգային հիմնադրամի երազանքից 4 անգամ ավել: Մենք 1.5 տարվա ընթացքում առողջապահությանը հատկացվող ֆինանսավորման ծավալն ավելացրել ենք 30 միլիարդ դրամով: Մենք այս տարի դպրոցների մարզագույք ձեռք բերելու համար հատկացրել ենք այնքան գումար, ինչքան չի հատկացվել վերջին 10 տարվա ընթացքում միասին վերցրած: Հայաստանի միջազգային պահուստների ծավալները տարվա վերջում ավել կլինեն մոտավորապես մեկ միլիարդ դոլարով: Հայաստանն առաջընթաց է ապրել տնտեսական բոլոր ռեյտինգներում, խոսքի ազատության բոլոր ռեյտինգներում, ժողովրդավարության բոլոր ռեյտինգներում: Հիմա կա՞ այսպիսի շեշտադրում, որ բա սրա համար էինք մենք հեղափոխություն արել: Այո, կա, որովհետև Հայաստանում կար ավանդույթ, որ իշխող քաղաքական ուժը հաց էր բաժանում ժողովրդին և դրա անունը դնում էր բարեգործություն: Բայց դա բարեգործություն չէր, դա մարդկանց աղքատության մեջ պահելու քաղաքականություն էր, որպեսզի մարդիկ այնքան մնան աղքատության մեջ, որ ընտրությունների ժամանակ գնան քվեարկեն ցանկացած մեկի օգտին, ով իրենց 10 հազար դրամ կառաջարկի: Իսկ մենք ասում ենք Հայաստանում աղքատությունը հազթահարելու միակ տարբերակն աշխատանքն է: Երկու տարի առաջ բազմաթիվ մարդիկ կարող էին ասել՝ ինձ չեն թողնում էս ներկրել, ինձ չեն թողնում այսինչ բիզնեսն անել, ինձ չեն թողնում այսինչ ներդրումն անել, ինձ չեն թողնում տնտեսական գործունեություն ծավալել, հարկայինը ինձ ճնշում է, դատախազությունը ճնշում է: Այսօր ոչ ոք Հայաստանում այդպիսի բան ասել չի կարող:
Մենք ասում ենք, ժողովուրդ ջան, մենք ստեղծում ենք պայմաններ աշխատելու համար»,- ասաց Փաշինյանը:
Նրա խոսքով՝ հեղափոխությունից հետո զբոսաշրջիկների թիվը Հայաստանում էականորեն աճել է: Վերջին 1.5 տարվա ընթացքում զբոսաշրջիկները Հայաստանում մոտավորապես 250 միլիոն դոլար ավելի փող են ծախսել: «Մենք միկրոբիզնեսին հունվարի 1-ից ազատում ենք բոլոր տեսակի հարկերից: Մենք այս վերջին 1.5 տարվա ընթացքում մոտավորապես 300 միլիոն դոլարի նախկինում կուտակված ավելացված արժեքի հարկի պարտք ենք վերադարձրել բիզնեսին: Մենք տասնյակ ծրագրեր ենք անում փոքր բիզնեսի, գյուղատնտեսության ոլորտում, և մեր ասելիքը մեկն է՝ Հայաստանի քաղաքացին չպետք է խնդրարկու լինի իրենից հարուստների, կառավարության, այսպես կոչված բարեգործական կազմակերպությունների համար, ՀՀ քաղաքացին պետք է աշխատի և աշխատանքով ապահովի իր բարեկեցությունը: Նույն ուղերձը մենք սփյուռքին ենք հղում: Հայաստանը և Հայաստանի քաղաքացին չպետք է լինեն գթասրտության օբյեկտ: Եվ սփյուռքի աջակցությունը սրանից հետո պետք է լինի Հայաստանի տնտեսությունն ուժեղացնելը, Հայաստանում ներդրում անելը, Հայաստանում հարստանալն ու հարստացնելը: Ֆրանսիայի, Եվրոպայի աջակցությունը հետևյալն է՝ աջակցել մեր բարեփոխումների օրակարգին, քաջալերել ներդրումները Հայաստանում, աջակցել Հայաստանում մրցունակ կրթական համակարգի կայացմանը»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:
Նա հավելեց, որ Հայաստանում այսօր տասնյակ հազարավոր բարձրագույն կրթության դիպլոմ ունեցող մարդիկ կան, ովքեր ոչ մի օտար լեզու չգիտեն: «Մեր ընկալում հետևյալն է՝ ով առնվազն երկու օտար լեզու չգիտի, նա չի կարող ասել, որ 21-րդ դարում բարձրագույն կրթություն ունի: Եվ նաև սա է պատճառը, որ մենք ուզում ենք մեր բարձրագույն կրթության համակարգը բարեփոխենք այնպես, որ մեր բարձրագույն կրթական համակարգը դիպլոմ բաժանող հաստատությունից վերածվի կրթություն տվող համակարգի: Եվ մեզ էլի ասում են, ոչ, դուք մեր ազգային ավանդույթներին եք կպնում, բա որ մեր աղջիկը բարձրագույն կրթության դիպլոմ չունենա, մենք իրեն ո՞նց ենք ամուսնացնելու: Մենք ասում ենք՝ ամուսնանալու համար դիպլոմ չէ պետք, ամուսնանալու համար սեր է պետք, որովհետև միայն սիրով ընտանիքն է ամուր հայկական ընտանիք: Հերիք է՝ ինչքան ավտոյի համարը, հեռախոսի համարը և անձնագրի մեջի թվի համարը ամուսնանալիս դառնում է գործոն, որն ազդեցություն է ունենում: Սա մեր պատկերացրած Հայաստանը չէ: Եվ հեղափոխությունը Հայաստանում սրա համար է տեղի ունեցել, որ ավտոմեքենայի համարով մարդու գնահատականը հանրության մեջ չփոխվի: Վարչապետի պաշտոնը ստանձնելով՝ առաջին գործողություններից մեկը, որ արել եմ, դեն եմ շպրտել ավտոմեքենայի համար նախատեսված ճաճանչափայլ պետհամարանիշը, արգելել եմ դա օգտագործել և իմ մեքենայի վրա փակցրել եմ խիստ շարքային և որևէ բանով աչքի չընկնող պետհամարանիշ»,- եզրափակեց վարչապետը: