Բաժիններ՝

«Շատ եք ուշացել, պարոն դատավոր». «Սասնա ծռեր» խմբավորման ներկայացուցիչ

Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ շարունակվում է ՊՊԾ գնդի գրավման գործի քննությունը:

Դատական նիստի ընթացքում այսօր հարցաքննվեց գործով ամբաստանյալ Գագիկ Եղիազարյանը, որն ասաց, որ չի ընդունում իրենց առաջադրված մեղադրանքը:

Իր խոսքում Եղիազարյանն ասաց, որ այս գործը չի ներկայացնում այն, ինչ իրականում տեղի է ունեցել, որ գործի քննության ընթացքում չի երևում ապստամբության պատճառը կամ այդ պատճառը գտնելու ցանկությունը: Ըստ նրա, եթե ՀՀ-ում ՊՊԾ գնդի գրավման օրերին գոյություն ունենար դատաիրավական համակարգ, համակարգի ներկայացուցիչների մոտ հարց կառաջանար, թե ինչո՞ւ էին այդպիսի քայլ անում:

«Եթե գոյություն ունենար դատաիրավական համակարգ, ապա իմ և Արամ Հակոբյանի նկատմամբ ձերբակալության ժամանակ ցույց տված բռնությունները կստանային իրենց պատիժը: Եթե գոյություն ունենար իրավապահ համակարգ, պատժված կլինեին դատարանի կալանավորների պահման խցերում իմ ու ընկերներիս նկատմամբ ցուցաբերած բռնության հեղինակները: Շատ եք ուշացել, պարոն Մակյան, երբ այսօր հարցնում եք, դե հիմա կարո՞ղ եք ասել՝ ինչո՞ւ եք ապստամբել»,- ասաց Գագիկ Եղիազարյանը:

Նա դատախազի հարցերից շատերին չպատասխանեց, օգտվելով իր՝ հարցերին չպատասխանելու իրավունքից: Չպատասխանելը պատճառաբանեց նրանով, որ իրենց մեղսագրվում են այնպիսի արարքներ, որոնց հետ իրենք կապ չունեն, և հենց այդ պատճառով է, որ պատասխանում են միայն ոստիկանների մահվանն առնչվող հարցերին, միաժամանակ նշեց, թե կարծում է, որ այսօրվա դատական համակարգի պայմաններում այս գործն ըստ էության չի կարող քննվել և չի կարող պատասխան տրվել այն հարցերին, որոնք հիմա բարձրաձայնվում են: Ապա նաև հավելեց, թե ոստիկանների հարցերին պատասխանում է, որ ժողովուրդը լսի:

«Գիտեմ, որ մեր ընկերների կողմից գունդ մտնելու առաջին վայրկյանից հնչել է այն խոսքը, որ մենք ձեր (ոստիկանների) դեմ ոչինչ չունենք, ու ոստիկանների մեծ մասն այդպես վարվել են: Իմ տեղեկություններով՝ Վանոյանը կրակ է բացել, վիրավորել է իմ ընկերներից մեկին»,- գնդապետ Արթուր Վանոյանի սպանության մասին հարցին պատասխանելիս՝ ասաց Եղիազարյանը:

Հարցերի մի մասին Եղիազարյանը պատասխանում էր կցկտուր, մյուսներին՝ հստակ, ասելով, որ ինչ-որ բաներ գրեթե չի հիշում:

Դատախազի հարցին, թե ինչպե՞ս է հնարավոր ավելի քան 3 տարի առաջ տեղի ունեցած դեպքերի մի մասը շատ լավ հիշել, մյուսները՝ չհիշել, Եղիազարյանը պատասխանեց, որ լավ չի հիշում այն դեպքերը, որոնց հետ ինքն ուղիղ առնչություն չի ունեցել:

Դատավոր Մեսրոպ Մակյանն ամբաստանյալ Գագիկ Եղիազարյանից հետաքրքրվեց, թե արդյոք ոստիկան Գագիկ Մկրտչյանի մահվան հանգամանքների մասին ընկերներից որևէ բան իմացե՞լ է՝ հիշեցնելով դատարանում Պավել Մանուկյանի հայտարարությունը:

«Այդ հարցը շատ չենք քննարկել, որովհետև ում հետ զրուցել եմ այս ընթացքում, տեղյակ չեն եղել, թե ինչ է տեղի ունեցել: Պավել Մանուկյանի հետ էլ այնպիսի հարաբերություններ չունենք, որ խոսենք»,- ասաց Գագիկ Եղիազարյանը:

«Բայց ես փաստացի տեսել եմ, որ մարդու ձեռքն էր միայն վիրավորվել, հետո երբ տեսա, որ դրանից հետո՝ 15 օր քրեակատարողականում լինելուց հետո, գիտակցության չգալով, ինչպես գրված է գործում, նա մահացել է, դա ինձ համար գործող ռեժիմի՝ մեզ հրեշացնելու քայլն էր»,- հավելեց Եղիազարյանը:

ԱՔՍԱՆՆԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս